Տիգրան Սարգսյանն ու Փաթրիք Ֆայնը քննարկել են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շարունակության հեռանկարները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 4, 2011 13:11

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) ՀՄՀ ծրագրերի իրականացման հարցերով փոխնախագահ Փաթրիք Ֆայնին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն:

Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար` կառավարության ղեկավարը բարձր է գնահատել 2006 թ. սեպտեմբերից մեկնարկած «ՀՄՀ-Հայաստան» 5-ամյա ծրագրի ընթացքը և արդյունքները. «Այս ծրագրին առնչվել են հարյուր հազարավոր մարդիկ` շահառուներ, շինարարներ, կազմակերպիչներ, վարկատուներ, վարկառուներ, դասախոսներ: Այս ընթացքում մենք հանդիպել ենք շահառուների այս բոլոր խմբերին, և բոլորի կողմից տեսել ենք դրական վերաբերմունք ծրագրի նկատմամբ: Ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհակալություն հայտնել ԱՄՆ մեր գործընկերներին այս օժանդակության համար: Մենք բարձր ենք գնահատում դա և լի ենք համագործակցությունը շարունակելու վճռականությամբ, կանենք ամեն ինչ, որ Հայաստանի Հանրապետության չափանիշները համապատասխանեն «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի չափանիշներին»: Վարչապետը, մասնավորապես, գոհունակությամբ է խոսել ծրագրի շրջանակում ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման ու հզորացման, գյուղատնտեսության զարգացման և ֆերմերների վերապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին և կարևորել ծրագրի դերը նոր մտածողության ձևավորման գործում:
Իր հերթին Փաթրիք Ֆայնը նշել է, որ առաջին անգամ է մեր երկրում և տպավորված է Հայաստանով: Նա շնորհակալություն է հայտնել վարչապետին ՀՀ կառավարության կողմից կատարված լավ աշխատանքի համար և փոխանցել «ՀՄՀ-Հայաստան» 5-ամյա ծրագրի արդյունքների վերաբերյալ թվային ու բովանդակային տվյալներ պարունակող ձեռնարկ (հայերեն և անգլերեն): Նա ընդգծել է, որ ձեռնարկը «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի պորտֆելի 25 երկրների շարքում ծրագրի արդյունքները ներկայացնող լավագույն օրինակն է, ինչը վկայում է Հայաստանում աշխատած թիմի կարողությունների մասին:
Զրուցակիցները քննարկել են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շարունակականության հեռանկարները: Այդ համատեքստում ՀՄՀ ծրագրերի իրականացման հարցերով փոխնախագահը նշել է, որ ծրագրի շարունակության կարևոր գործոններ են առաջին ծրագրի արդյունքները և երկրի համապատասխանությունը «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից միջազգայնորեն ընդունված ցուցանիշներին, ինչպիսիք են տնտեսական ազատությունները, արդարացի կառավարումը, ժողովրդի համար կատարվող ներդրումները և կոռուպցիայի վերահսկումը:
Քննարկվող հարցի առնչությամբ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության գերակայությունները: Նա ընդգծել է, որ Հայաստանում կոռուպցիայի հաղթահարման և ժողովրդավարական արժեքների ներդրման կարևոր գործոնը միջին խավի ձևավորումն է և այդ գործում կարևորել «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի նշանակությունը: Շահառու ֆերմերները, կառավարության ղեկավարի դիտարկմամբ, գոհ են ծրագրի ընթացքից, որքանով այն նրանց հնարավորություն է ընձեռել ճանաչել իրենց իրավունքներն ու հնարավորությունները, ինչպես նաև ավելացնել սեփական եկամուտները:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերին` վարչապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ 2012 թ. հունվարի 1-ից կգործի նոր օրենք, համաձայն որի` 500 պաշտոնատար անձինք պետք է հրապարակային հայտարարագրեր ներկայացնեն գույքի, եկամուտների և իրենց փոխկապակցված անձանց մասին: Նա նաև կարևորել է պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ձևավորումը, որը պետք է ստուգման առարկա դարձնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի վերաբերյալ տեղեկությունները։ Ըստ Տիգրան Սարգսյանի` հասարակության նման վերահսկողությունը կնպաստի պաշտոնատար անձանց գործունեության հրապարակայնությանն ու թափանցիկությանը, արդյունքում` կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձաբար շնորհակալություն են հայտնել արդյունավետ համագործակցության համար և բարձր գնահատել ծրագրի իրականացման գործում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի, պետական գերատեսչությունների, ինչպես նաև ՀՄԿ հայաստանյան գրասենյակի թիմի աշխատանքը:

 

 

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply