Հայաստանի և Խորվաթիայի նախագահները քննարկել են նաև հայ-թուրքական քաղաքական երկխոսության վերջին զարգացումները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 7, 2009 19:54

_mar6309Այսօր երկօրյա պաշտոնական այցով Խորվաթիա մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչի հետ քննարկել է զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարները` նշելով, որ այդ ուղղությամբ բավարար ռեսուրսներ կան:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանի մարզերից մեկը փոխգործակցություն սկսի Խորվաթիայի զբոսաշրջային առաջատար շրջաններից մեկի հետ. միաժամանակ հայ ուսանողները հնարավորություն կունենան այս բնագավառում մասնագիտանալու խորվաթական բուհերում:

Կողմերը քննարկել են նաև գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Բարձր են գնահատել Հայաստանի և Խորվաթիայի միջև քաղաքական երկխոսության ներկա մակարդակը:

Վելիկի Բրիյուն կղզում` տեղի Սպիտակ շքատանը, տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև փոխգործակցությանը, միջազգային օրակարգին վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՀՀ նախագահը Խորվաթիայի գործընկերոջը ներկայացրել է նաև հայ-թուրքական քաղաքական երկխոսության վերջին զարգացումների և հարաբերությունների կարգավորման Հայաստանի տեսլականի մասին, տեղեկություններ է հաղորդվել ԼՂ  հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ: Խորվաթիայի նախագահը ողջունել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Սարգսյանի նախաձեռնությունը և վստահություն հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն իր հերթին կբերի տարծաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը:

Խորվաթիայի նախագահը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցության խորացումն իր նպաստը կբերի բալկանյան և հարավկովկասյան տարածաշրջանների միջև կապերի ընդլայնմանը: Ընդգծելով, որ սա իր առաջին այցն է բալկանյան տարածաշրջան` նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ու Խորվաթիան ունեն նույն արժեհամակարգը, և անհրաժեշտ է օգտագործել այն մեծ ներուժը, որ առկա է երկկողմ հարաբերությունների զարգացման համար, ինչին մեծապես նպաստում են երկու երկու երկրների նախագահների փոխադարձ այցերն այս տարվա ընթացքում:mar_6814

Առանձնազրույցից հետո երկկողմ բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով. օրվա երկրորդ կեսին ՀՀ նախագահը մասնակցել է Խորվաթիայի նախագահի կողմից իր պատվին տված պաշտոնական ճաշին, այցելել Վելիկի Բրիյուն կղզում բացված հայտնի քաղական գործիչ Տիտոյին նվիրված ցուցահանդեսին:

Այսօր երեկոյան ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը կժամանի Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ: Վաղն առավոտյան այստեղ աշխատանքը կսկսի հայ-խորվաթական գործարար համաժողովը, որի ընթացքում նախատեսված են նաև երկու երկրների նախագահների ելույթները:

Սեպտեմբերի 8-ին ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա Խորվաթիայի Ազգային ժողովի նախագահ Լուկա Բեբիչի հետ: Նույն օրը երեկոյան ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը կժանմանի Երևան:

Պատվիրակության կազմում են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը, Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք, գործարարներ:

Դիտվել է 1080 անգամ:
Print Friendly

Leave a Reply