Հավաքների ազատությունը պետք չէ հասկանալ որպես բացարձակ իրավունք. Գրիգոր Բադիրյան (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 4, 2011 11:44
«Սեպտեմբերի 30-ին, ժամը 19:00-ից, Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքը, ըստ ի գիտություն ընդունված իրազեկման համաձայն, պետք է ավարտվեր նույն օրվա ժամը 23:00-ին: Հանրահավաքի կազմակերպիչները պարզապես ցանկացել են շարունակել այդ հանրահավաքը, և Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ իրենք անցնում են շուրջօրյա հանրահավաքների, որը տևելու է մեկ շաբաթ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետի գլխավոր խորհրդական Գրիգոր Բադիրյանը: Լրագրողներին տված Բադիրյանի հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
– Ոստիկանության տարածած հայտարարությունում ասվում էր, որ շուրջօրյա հանրահավաքն անցկացվում է ապօրինաբար, սակայն, միևնույն ժամանակ, նշվում էր, որ ոստիկանությունն իր իրավասության սահմաններում աջակցելու է հանրահավաքի մասնակիցներին: Չկա արդյոք հակասություն այս երկու հայտարարությունների միջև, և եթե կա, ինչպես կբացատրեք:
Ընթացող հանրահավաքն անօրինական է, քանի որ անցկացվում է ի գիտություն ընդունված իրազեկման պահանջների խախտմամբ: Սակայն հավաքը խաղաղ բնույթ ունի, և նման դեպքերում մեր օրենսդրության պահանջն այնպիսին է, որ ոստիկանությունը չի միջամտում այդ հավաքի ընթացքին և շարունակում է հասարակական կարգի պահպանմանն ուղղված իր պարտականությունների կատարումը: Այսպիսով, իրավաբանորեն մենք ունենք ապօրինի, սակայն խաղաղ անցկացվող հավաք: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, ինչպես նաև եվրոպական չափորոշիներին համապատասխան, ՀՀ «Ազատությունների մասին» նոր օրենքը համապատասխան իրավիճակների համար հետևյալ կարգն է սահմանում, համաձայն որի, ոստիկանությունն իր իրավասությունների սահմանում աջակցություն է ցուցաբերում այդ հավաքների մասնակիցներին: Սակայն պետության կողմից ցուցաբերվող աջակցությունը կարող է տևել այնքան ժամանակ, քանի դեռ անհամաչափորեն չեն սահմանափակվի այլ անձանց կամ հասարակության շահերը:
– Հաղորդագրությունում նշվում էր, որ խաղաղ հանրահավաքի անցկացման դեպքում ոստիկանությունը պարտավոր է աջակցել հանրահավաքի մասնակիցներին: Դա ինչպես է արտահայտվում:
– Ոստիկանության կողմից տվյալ դեպքում ցուցադրվող աջակցությունը ենթադրում է հասարակական կարգի պահպանմանն ուղղված համապատասխան միջոցառումներ: Այսինքն, հանրահավաքի մանսակիցներին զերծ պահել և պաշտպանել հնարավոր այլ անձանց կամ խմբերի ոտնձգություններից, որոնք կարող են խաթարել հանրահավաքի բնականոն ընթացքը: Այսինքն, խոսքը վերաբերվում է հասարակական կարգի պահպանմանն ուղղված միջոցառումներին: Իսկ ինչ վերաբերվում է տեխնիկական միջոցներ տրամադրելուն կամ այլ առարկաներով ապահովելուն, ապա ըստ մեր օրենսդրության, պետության վրա նման պարտականություն չկա:
– ՀԱԿ-ը պնդում է, որ Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքներն ինքնաբուխ զանգվածային միջոցառումներ են, այսինքն` օրինական: Դուք դա վիճարկում եք:
– Ինքնաբուխ հավաքը որևէ դեպքին կամ իրադարձությանը հանպատրաստից, անմիջապես արձագանքելուն ուղղված կամ դրա նպատակով անցկացվող հավաքն է: Տվյալ դեպքում նման բան չկա: Պարզապես հավաքի կազմակերպիչները ցանկություն են հայտնել շարունակել հավաքը և դրանով խախտել են մեր օրենսդրության պահանջները:
– Ոստիկանության հայտարարության մեջ կար վրանները հանելու հետ կապված կոչ` ուղղված հանրահավաքի մասնակիցներին: Փաստորեն, մի կողմից ոստիկանությունն ասում է, որ պատրաստ է աջակցել հանրահավաքի մասնակիցներին, մյուս կողմից նման հայտարարություն է անում: Ինչով կբացատրեք սա:
– Հանրային վայրերում վրաններ տեղադրելու ընդհանուր իրավունք կամ արտոնություն որևէ մեկը չունի: Ինչ վերաբերվում է հանրահավաքների անցկացման համատեքստում վրանների տեղադրմանը, ապա ոչ ոք չի կարող պնդել դա որպես անհրաժեշտ նախապայման: Ասեմ ավելին, ընդհանուր առմամբ, որպես կանոն, եթե հավաքի կազմակերպիչները ցանկություն են հայտնում իրենց կողմից անցկացվող հավաքի ընթացքում տեխնիկական միջոցներ կամ վրաններ օգագործել, ապա մեր օրենսդրությամբ սահմանված կարգով նրանք պարտավոր են իրազեկման մեջ դրա մասին համապատասխան գրառում կատարել և, բնականաբար, համապատասխան իրավասու մարմինը այդ հարցը քննարկման առարկա կդարձնի: Կոնկրետ անդրադառնանք մեր դեպքին: Առաջին` սեպտեմբերի 30-ի հանրահավաքի կազմակերպիչները իրենց իրազեկման մեջ նման խնդրանքով չեն դիմել և նման հարցապնդմամբ հանդես չեն եկել: Երկրորդ, եթե նրանք նման խնդրանքով հանդես գային, ապա ի թիվս այլ հանգամանքների, իրավասու մարմինը, մեր օրենսդրության դեպքում դա համայնքի ղեկավարն է, տվյալ դեպքում` Երևանի քաղաքապետը, քննարկման առարկա կդարձներ այս հարցը և բնականաբար համապատասխան դիրքորոշում կունենար նաև այս հարցի վերաբերյալ, որը կարող էր լինել և դրական, և բացասական: Եվ երորդ, որ ամենակարևորն է, այդ վրանները տեղադրվել են ինքնիրավ կերպով, այն էլ` ապօրինի հավաքի շրջանակներում, այսինքն ոստիկանությունն իրավասություն ունի համապաստախան միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ վրանները հանվեն:
– Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է նաև, որ հասարակական կարգի և հանրության սահմանադրական իրավունքների խախտման դեպքում ոստիկանությունը ձեռնամուխ կլինի իր պարտականությունների կատարմանը: Ինչ է սա նշանակում:
– Նախ ասեմ, որ խաղաղ հավաքը նույնպես կարող է սահմանափակվել, ընդհուպ մինչև դրա արգելումը, դադարումը կամ ցրումը: Սա նախատեսված է մեր Մայր օրենքով, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայով, ինչպես նաև միջազգային այլ փաստաթղթերով: Մասնավորապես, հավաքների ազատությունը պետք չէ հասկանալ որպես բացարձակ իրավունք, այնպիսին, ինչպիսին կյանքի իրավունքն է կամ անձի արժանապատվության իրավունքը: Տվյալ դեպքում, խոսքը վերաբերվում է այնպիսի իրավիճակներին, երբ որոշ իրավունքներ կարող են կոլիզիայի մեջ գտնվել և մրցակցել: Տվյալ դեպքում, մասնավորապես, ոստիկանությունը կամ քաղաքապետը նժարի վրա են դնում այս մրցակցող իրավունքները, և գերապատվությունը պետք է տրվի ծանրակշիռ որակ ունեցող իրավունքին: Այսինքն, որոշակի պայմաններում կոնկրետ անձանց հավաքի իրավունքը կարող է ստորադասվել ինչպես այլոց ազատ տեղաշարժվելու, ժամանցի, կամ մի խումբ այլ անձանց հավաքի կամ այլ միջոցառումներ անցկացնելու իրավունքին, ինչպես նաև հավաքի իրավունքը կարող է սահմանափակվել հասարակական կարգի խախտման դեպքում:
tert.am






Facebook
Tweet This
Email This Post
