«Սելը չի ճռռում, սելվորն է ճռռում». Գուսան Հայկազունի մեկնաբանությունը Սահակ Սահակյանի հետ հարցազրույցի վերաբերյալ

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | հոկտեմբերի 4, 2011 11:47

Սույն թվականի հուլիսի 19-ին  www.ankakh.am կայքում զետեղվեց հարցազրույց ազգագրական երգերի կատարող Սահակ Սահակյանի հետ:

Հարցազրույցում Սահակյանը նշում է, թե 1988-ին Ազատության հրապարակում իրեն է մոտեցել «Գագիկ Նազարյան անունով մեկը», իրեն հանձնել «Գետաշեն» հանրահայտ երգի տեքստը, որն, ըստ նրա, «չորս քառյակ էր` առանց կրկների», և ինքը «տեքստում որոշ փոփոխություններ կատարելով», ապա «գրելով երգի մեղեդին», «Գետաշենը» դարձրել է հանրահայտ երգ:

Որոշ ժամանակ անց «Անկախ»-ի խմբագրություն դիմեց երգի հեղինակը` Գուսան Հայկազունը` ներկայացնելով իր երգերի իրական պատմությունները և խնդրելով մեր կայքում զետեղել իր պատասխանը այդ հարցազրույցի վերաբերյալ:

Բացի նրա պատասխանը զետեղելուց, մենք առանձին հոդված («Արա՛, Գագո՞ն ով ա…Էդ մեր պապերի երգն ա…») պատրաստեցինք Գուսան Հայկազունի կյանքի և գործունեության վերաբերյալ:

Գուսան Հայկազունի մեկնաբանությունը  Սահակ Սահակյանի հետ հարցազրույցի վերաբերյալ

«Ես հեղինակն եմ << Հայեր  միացեք >>, <<Գետաշեն>>, <<Հպարտ գնացեք>>, <<Վեր կաց Շահեն>>, <<Շահումյան>> և մի քանի տասնյակի հասնող այլ երգերի: Երգեր, որոնք ոգեշնչել են մեր մարտիկներին պատերազմի դաշտում` կատարելով ծանր հրետանու դեր  և իրենց արժանի դերն են ունեցել մեր հաղթանակում:

Իմ մի շարք երգեր շուրջ քսան տարի դարձել են հայոց բանակի քայլերգեր: Մեր սահմանապահ զորքերում ողջ սահմանի երկայնքով, որպես սահմանապահի քայլերգ, հնչում է իմ <<Սահմանապահ ենք>> երգը:

Ունեմ գրված հարյուրի հասնող հայրենասիրական, քնարական և գուսանական երգեր:

Այսօր իմ ամենասիրված և շատ երգվող երգերից է` <<Պիտի գնանք վաղ թե ուշ>> երգը, որը հնչում է ամենուր:

Որպես ճանաչված երգահան` ստանում եմ նոր երգերի պատվերներ: 2010թ-ին Մուսալեռան հերոսամարտի 95- ամյակի և Այնճար գյուղի 70- ամյակի կապակցությամբ սփյուռքից ստացա պատվեր և գրեցի <<Մուսալեռան զավակներն ենք>> երգը , այնուհետև, թե Բեյրութում, թե Այնճարում և թե  Մուսալեռում բոլոր միջոցառումները կատարվում են այդ երգի հնչյունների տակ:

Կիպրոսից ստացա Կիլիկիայի մասին նոր երգի պատվեր և գրեցի < <Վերականգնվիր Կիլիկիա>> երգը, որը Գյումրու <<Գոհար>> սիմֆոնիկ  նվագախումբը համերգներով հնչեցրեց ողջ սփյուռքով մեկ, իսկ այս տարի նաև Երևանում: Արցախի նախագահի պատվերով գրվել է <<Պարիր, արցախցի>> երգը: Այժմ պատրաստ են նաև Ջերմուկի և Քաշաթաղի հիմները, շուտով կձայնագրվի Գարեգին Նժդեհին նվիրված մի գեղեցիկ երգ: Այսօր էլ ունեմ մի քանի երգերի պատվերներ սփյուռքից:

Լինելով Գողթան գուսանների ժառանգորդ և 21- րդ դարի հայ գուսանների ծաղկեփունջը ներկայացնող գուսան Շերամի, գուսան Շահենի, գուսան Աշոտի, գուսան Հավասու և մյուս գուսանների գործի շարունակողներից մեկը` ես իմ երգերով վաստակել եմ գուսան Հայկազուն անվանումը հպարտորեն կրելու իրավունքը:

Որպես պատերազմի մասնակից և վերոնշյալ երգերի հեղինակ` ստացել եմ բազմաթիվ մեդալներ, շքանշաններ և պատվոգրեր.

  1. ՀՀ նախագահի կողմից <<մշակույթի վաստակավոր գործիչ>>
  2. Արցախի նախագահի կողմից << Երախտագիտություն>> նախագահական մեդալ
  3. Մշակույթի նախարարության <<Ոսկե մեդալ>>
  4. <<Վազգեն Սպարապետ>> շքանշան
  5. <<Գարեգին Նժդեհ>> մեդալ
  6. <<Մայրական Երախտագիտություն>> Արցախի քաջորդիներին հուշամեդալ
  7. <<Հայաստանի Երկրապահ>> հուշամեդալ
  8. <<Փառապանծ մարտիկ>> մեդալ
  9. <<Ազատամարտիկ>> մեդալ
  10. <<Արաբո>> Հանուն Հայրենիքի հուշամեդալ
  11. <<Զինվոր հայրենյաց>> մեդալ
  12. <<Վան Վասպուրական>> ոսկե մեդալ
  13. << Հաղթանակ>> մեդալ

Հարգելի Զարուհի Դիլանյան, ցավով կարդացի Ձեր հարցազրույցը երգիչ Սահակ Սահակյանի հետ և չգիտեի` ծիծաղեի, թե ինչ անեի նման երևույթի վրա, երբ ով ինչ ասի, լրագրողը գրի է առնում և տպագրում:

Հիվանդ երևակայության արդյունքում, վաղը մեկ ուրիշը կարող է ասել, թե <<Հայեր, միացեք>>, <<Պիտի գնանք վաղ թե ուշ>> կամ <<Դուն էն գլխեն>> երգի հեղինակը ինքն է, ինչ է`պետք է տպագրե՞ք:

Ես ընդամենը ցավագին ծիծաղով եմ վերաբերվում նման մարդկանց հայտարարություններին, քանզի նմանները շատ են եղել, հատկապես 90- ականների սկզբներին, երբ ես  որպես երգահան դեռևս ճանաչված չէի, և ով իմ երգերը կատարում էր, հանդես էր գալիս` որպես հեղինակ:

Ժողովրդական խոսքն ասում է. <<Այն աղբյուրը, որից ջուր ես խմում` մի կեղտոտիր>>, իսկ Սահակը իմ աղբյուրից օգտվել է քսան տարուց ավելի` վաստակելով մեծ գումարներ:

Փաստորեն պարզվում է, որ, խախտելով օրինական և բարոյական բոլոր նորմերը, նա 90 թ-ից լինելով Թովմաս Պողոսյանի գլխավորած <<Գանձասար>> համույթի կազմում, հանդես է եկել սփյուռքում, որպես <<Գետաշեն>> երգի հեղինակ (Հայաստանում, իհարկե, չէր կարող), բնական է` ավելի շատ գումար և ծափահարություններ վաստակելու նպատակով:

Եթե երգը երգելով կարելի է դառնալ երգի համահեղինակ, ապա ավելի շատ հավակնություն կարող են ունենալ.

1.Նունե Եսայանը,ով մոտ քսան տարի ողջ սփյուռքում ճանաչված է որպես <<Գետաշեն>> երգի լավագույն կատարող և ի պատիվ իրեն ամենուր հայտարարում է երգի հեղինակի անունը` Գուսան Հայկազուն,

2. Շուշան Պետրոսյանը` <<Վեր կաց Շահեն>> և <<Չքնաղ Շահումյան>> երգերի համար,

3. Մկրտիչ Մկրտչյանը և դարձյալ Նունե Եսայանը`<<Հպարտ գնացեք>> երգի համար,

4. Սամվել Երանյանը << Պիտի գնանք վաղ թե ուշ>> երգի համար և այլն:

Ջիվանին կասեր. << Խելքի աշեցեք>>: Զարուհի Դիլանյան, եթե դուք չգիտեք, ասեմ, որ Սահակի կողմից խախտվել է իմ հեղինակային իրավունքը` Հեղինակային իրավունքի օրենսգրքի մի շարք կետերով, ինչպես նաև Ձեր կողմից` որպես լրագրողի:

  1. Տեքստում, ըստ Ձեր հոդվածի, փոխել է մի քանի բառ, որի իրավունքը ոչ ոք չունի:
  2. Տասնյակ երկրներում 20 տարի շարունակ, առանց իմ թույլտվության երգել է իմ երգերը:
  3. Առանց ինձ հետ համաձայնեցնելու թողարկել է իմ երգերի կատարմամբ ձայնասկավառակներ:
  4. Սփյուռքում գաղտնի հրատարակվել են երգարաններ, որտեղ հանդես է եկել որպես <<Գետաշեն>> երգի հեղինակ, իսկ վաղը կարող է պարզվել, որ նաև իմ այլ երգերի:
  5. 20 տարի շարունակ երգելով իմ երգերը և թողարկելով սկավառակներ`ինձ չի վճարել ոչ մի լումա, ինչը քրեորեն պատժելի է:

Մշակույթում արվեստագետին ոչ վայել երևույթներ, ցավոք, պատահում են, բայց այս աստիճանի` արդեն չափազանց է: Ի՞նչ է սա, մեկ համազգային ճանաչում ունեցող երգով պատմության մեջ մնալու փո՞րձ: Բայց չէ՞ որ դրա համար պետք է Աստծուց տրված շնորհք ունենալ:

Հայտարարում եմ, որ իմ բոլոր երգերը գրանցված են «Հայ հեղինակում», և հաջորդ անգամ ցանկացած ոտնձգություն իմ հեղինակային իրավունքի վրա, կպատժվի օրենքով` դատարանում: Այսուհետ արգելում եմ որևէ մեկին` հատկապես Սահակին, առանց ինձ հետ համաձայնեցնելու կատարելու իմ երգերը:

Լավ է ասված.<<Սելը չի ճռռում, սելվորն է ճռռում>>:

 

Գուսան  Հայկազուն

մշակույթի վաստակավոր գործիչ

 

 

Դիտվել է 3334 անգամ:

Leave a Reply