Արտակ Նազարյանի գործով նիստը վերջապես կայացավ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | October 4, 2011 8:17

Արտակ Նազարյանի գործով նիստը վերջապես կայացավ Տավուշի մարզի Բերդ քաղաքում մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ 2010թ. Չինարիի սահմանամերձ հենակետերից մեկում նախնական վարկածով ինքնասպանություն գործած սպա Արտակ Նազարյանի գործով արդեն իսկ չորրորդ դատավարությունը: Տուժողի հարազատների կարծիքով նախորդ երեք նիստերը չկայացան այն պատճառով, որպեսզի Երևանից Բերդ տանող երկարատև ճանապարհը հոգնեցնի վերջիններին: Արտակի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, այն կարծիքին է, թե դատարանը նպատակ ունի վճիռ կայացնել առանց տուժողի իրավահաջորդի:

Արդեն թվով չորրորդ դատական նիստին ներկայացել էին համարյա թե բոլոր կողմերը: Բացակայում էին միայն այն երկու վկաները, ովքեր այս պահին երկրում չեն գտնվում, սակայն խնդրել են նախաքննության ընթացքում տրված իրենց ցուցմունքները որպես փաստ ընդունել: Սակայն այս հանգամանքը գործով հետաքրքրվողներից ոմանք բավական կասկածելի են գտնում` հաշվի առնելով այն հանգամանքը (որին ի դեպ տեղեկացանք մեր աղբյուրներից),  որ զինվորների ցուցմունքները գրանցվել են վերջիններիս  ստորացնելու, սպառնալիքներ ներկայացնելու պայմաններում:

Նիստին մասնակցելու համար “Երեւան” ՔԿՀ դատարանից այստեղ էին բերվել գործով կալանավորված չորս ամբաստանյալները, ինչպես նաև` լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, եւ ազատության մեջ գտնվող, Նոյեմբերյանի զորամաս տեղափոխված շարքային Հարութիկ Կոստանյանը: Նշենք, որ կալանքի տակ գտնվող չորս ամբաստանյալները բավական սառնասիրտ էին իրենց պահում, կարծես թե ոչ թե մարդ էր սպանված, այլ քաղաքացիական դատ էր գնում:

Դատավոր Սամել Մարդանյանի հարցն ուղղված Հարութիկին այն մասին, թե ստացե՞լ է, արդյոք, մեղադրական եզրակացություն, վերջինս պատասխանեց «ոչ», որն էլ կարող էր դատական նիստը կրկին անգամ հետաձգելու պատճառ դառնալ: Դահլիճից Կիրակոսյանի հարազատները շեշտում էին, որ իրենց որդին ստացել է փաստաթուղթը, բայց “էդ ժամանակ լարված էր, չի հիշում”: Սրան հաջորդեց ընդմիջումը: Հավանաբար դրությունը փրկելու եւ հարցը ճշտելու նպատակով, դատախազ Հարությունյանը առանձնազրույցի կանչեց մեղադրյալ Կիրակոսյանին: Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը, օրենք շեշտելով, Հարությունյանին բացարկ հայտարարեց, ինչին միացավ նաեւ երեք դատապաշտպաններից մեկը: “Մեղադրողի վարքագիծը նշանակում է, որ նա կանխակալ վերաբերմունք ունի դատավարության նկատմամբ, եւ սա արդարադատության նկատմամբ լուրջ վերաբերմունք չէ”,-ասաց Մ. Շուշանյանը: Դատավոր Մարդանյանի կողմից, այնուամենայնիվ, մերժվեց բացարկի միջնորդությունը:

Դատական նիստի ընթացքում միջնորդություններ կրկին եղան: Վահագն Հայրապետյանի պաշտպանը հանդես եկավ իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը գրավի դիմաց ազատ արձակելու որոշմամբ փոխարինելու միջնորդությամբ, որը նույնպես դատարանը մերժեց: Հատկանշական է, որ այս միջնորդությանը միացան և´ երեք դատապաշտպանները, և´ ամբաստանյալները: Դատավոր Մարդանյանը, անթույլատրելի համարեց այսպիսի գործի շրջանակներում ամբաստանվող անձի` գրավի դիմաց ազատ արձակումը, իր մերժումը հիմնավորելով այն հանգամանքով, որ Հայրապետյանի արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, ինչի համար սահմանվում է 3-8 տարվա ազատազրկում: Միջնորդություններով հանդես եկավ նաեւ տուժողի իրավահաջորդը, ով դատարանից պահանջեց դատաբժշկական փորձաքննության համար օգտագործված լուսանկարների կրկնօրինակներն իրեն հանձնել` արտերկրում գործող համապատասխան մասնագետներին ուղարկելու համար`վերջնական կարծիք ստանալու նպատակով: «Ոչ նախաքննության մարմինը, ոչ զինդատախազությունը մեզ չկարողացան օժանդակել լուսանկարները ստանալու հարցում,- նշում է փաստաբան Շուշանյանը,- Լուսանկարներն արվել են թե Բերդի հիվանդանոցի դիահերձարանում, թե Դատական բժշկության գիտագործնական կենտրոնում: Կենտրոնից ստացվեց պատասխան, որ նկարների կրկնօրինակները տրամադրվել չեն կարող: Մենք փակուղային իրավիճակում ենք հայտնվել այդ առումով»:

Նազարյանների ընտանիքը նույնպես իր պահանջը ներկայացրեց, ըստ որի ցանկություն էին հայտնում դատական նիստերը տեղափոխել Երեւան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավարության կողմերը հիմնականում բնակվում են Տավուշի մարզի տարածքից դուրս, չորս կալանավորները` «Երեւան» ՔԿՀ-ում: Դրա հետ միասին Բերդի ճանապարհը բավական երկար է, հոգնեցնող, իսկ առջեւում ձմեռ է: «Մենք պատրաստվում ենք շատ ակտիվ մասնակցել դատապրոցեսին, գործը ունի հասարակական հնչեղություն եւ շատ լրատվամիջոցների է հետաքրքրում, բայց այս ձեւով շարունակվելու դեպքում կհամարենք, որ միտումնավոր անհարմարություններ է ստեղծվում տուժող կողմի համար»,-ասաց փաստաբան Մ. Շուշանյանը: Դատավարության մյուս կողմերն էլ էին համամիտ  նիստերը Երեւանում անցկացնելուն, բացի դատապաշտպան Կարեն Ղալումյանից, որն առաջարկեց դրանք տեղափոխել թեկուզ Դիլիջան: Դատավոր Մարդանյանը որոշում կայացրեց վկաներին լսելուց հետո հաջորդ բոլոր նիստերը տեղափոխել Դիլիջան` պատճառաբանելով, որ այդպես իրեն նույնպես հարմար է, քանի որ ինքն այդ դատարանի նախագահն է:

Դատական նիստի վերջում որոշվեց հաջորդ լսումը տեղափոխել հոկտեմբերի 12:

Արտակի մայրը մեզ հետ զրույցում նշեց. «Վահագն Հայրապետյանը, ըստ գործի, երկու անգամ թողել է իր հենակետը, Հակոբ Մանուկյանի կանչով կեսգիշերին գնացել է, որ «իտոգ տա»: Հայրապետյանն եկել է, ու Մանուկյանի հետ միասին Արտակին լավ ծեծել են, հետո էլ գլուխ են գովացել, թե` տեսա՞ք ինչ արինք: Հետո էլ երկրորդ անգամ նորից եկել է նույն հենակետը ու Հակոբի հետ իրենց սեւ գործն են արել: Երկու վկաները Հայաստանից գնացին: Սա նշանակում է, որ նրանք հրաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքները երկրորդ անգամ կրկնելուց: Էն հեքիաթները, որ քննիչի ցուցումով պատմել են, էլ չեն ուզում պատմեն»: Արտակի գործով դատավարության մասին նրա քույր Ծովինար Նազարյանի կարծիքը. «Միանշանակ ակնհայտ է, որ նախաքննությունը չի տարվել ճիշտ ճանապարհով, եւ չեն բացահայտվել բոլոր մեղավորները: Գործը բացահայտված համարել չի կարելի: Բազմաթիվ ապացույցներ ցույց են տալիս, որ լիքը սուտ կա այս գործում: Հույս ունենք դատարանում որոշակի ճշմարտության հասնել»: Ծովինարի կարծիքով նիստերի տեղափոխումը մեկ այլ քաղաք ոչինչ չի փոխի, այլ ընդհակառակը նոր խոչընդոտներ կստեղծի իրենց ընտանիքի համար:

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

Դիտվել է 1009 անգամ:
Print Friendly

Leave a Reply