Հանդիպում ընդլայնված կազմով

Պաշտոնական, Օրվա լուր | | October 3, 2011 22:27

Հոկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ պաշտոնական այցով ՀՀ ժամանած Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով:

Հանդիպման սկզբում ՀՀ ԱԺ նախագահը ողջունելով Նաբիհ Բըրրիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը ` համոզմունք հայտնեց, որ այցը  կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով` երկու ժողովուրդներին կապում է դարերից եկած բարեկամությունը, որը պետք է ավելի ամրապնդել ու սերտացնել: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց խորհրդարանական կապերի ակտիվացումը եւ պատգամավորական բարեկամության խմբերի դերն այդ գործում: Նա գոհունակություն հայտնեց Լիբանանի խորհրդարանում հայազգի պատգամավորների ներկայության համար, ուրախությամբ նշելով, որ Հայաստան այցելած լիբանանյան պատվիրակության կազմում է նաեւ Լիբանանի ԱԺ պատգամավոր Արթուր  Նազարյանը, ով Լիբանան- Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահն է:

Հովիկ  Աբրահամյանը բարձր գնահատեց Լիբանանի իշխանությունների ջերմ վերաբերմունքը լիբանանահայության նկատմամբ, որը նա զգացել էր նաեւ անցյալ տարի Լիբանան կատարած պաշտոնական այցի ընթացքում: Հայաստանի խորհրդարանի նախագահն ընդգծեց այդ այցի ժամանակ հայկական պատվիրակության նկատմամբ ցուցաբերված ջերմ վերաբերմունքը:

Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին նշեց, որ Լիբանանի ու Հայաստանի հարաբերությունները շատ ջերմ են, եւ հույս հայտնեց, որ իր այցը կնպաստի դրանց ամրապնդմանը: Նա եւս կարեւորեց միջխորհրդարանական կապերի զարգացումը եւ առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կղեկավարեն երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ղեկավարները, որում ընդգրկված լինեն պատգամավորներ, ինչպես նաեւ գործադիր իշխանության ներկայացուցիչներ եւ որը կհետեւի կողմերի միջեւ ստորագրված պայմանագրերի իրականացմանը, պարբերաբար Երեւանում եւ Բեյրությում կկազմակերպի տարբեր ոլորտների ներկայացուցիչների համդիպումներ, փոխայցելություններ:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունելի համարելով աշխատանքային խումբ ստեղծելու գաղափարը` նշեց, որ այն կարող է արդյունավետ գործել: Նրա խոսքերով` տարբեր ոլորտներում, մասնավորապես առողջապահության, ֆինանսական, զբոսաշրջության բնագավառներում համագործակցության մեծ ռեսուրս կա, որն անհրաժեշտ է ավելի արդյունավետ օգտագործել եւ ակտիվացնել տնտեսական հարաբերությունները:

Անդրադարձ կատարվեց նաեւ հարավկովկասյան եւ միջինարեւելյան տարածաշրջանային խնդիրներին, երկուստեք անհրաժեշտ համարվեց բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով:

Հանդիպման ավարտին Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին գրառում կատարեց  պատվավոր հյուրերի գրքում, այնուհետեւ երկու խորհրդարանների նախագահները հուշանվերներ փոխանակեցին:

 

Դիտվել է 1317 անգամ:
Print Friendly

Leave a Reply