Հայաստանի իշխանությունները հրաժարվում են երկխոսել ՀԱԿ-ի հետ` նման պայմաններում
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 3, 2011 21:00
Հայաստանի իշխանությունը ՀԱԿ-ի հետ երկխոսությունն անարդյունավետ է համարում` ՀԱԿ-ի անօրինական շուրջօրյա ակցիայի պայմաններում: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 3-ին, լրագրողներին հայտարարել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը`ՀԱԿ-ի հետ երկխոսության կոալիցիայի բանակցային խմբի նիստից հետո:
Նա նշել է, որ աշխատանքային խմբի նիստին չեն մասնակցել ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն ու ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, քանի որ նրանք Ստրասբուրգում մասնակցում են ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին:
«Մենք անընդունելի ենք համարում քննարկվող հարցերի քաղաքականացումը եւ երկխոսության տապալումը: Հույս ունենք, որ ՀԱԿ-ի մեր գործընկերները հասկացել են, որ քննարկման միակ արդյունավետ ճանապարհը երկխոսության շարունակումն է: Մենք ցավում ենք կորսված ժամանակ համար»,- ասել է Մինասյանը, ներկայացնելով կոալիցիայի հայտարարությունը:
ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու ՀԱԿ-ի պահանջին անդրադառնալով, իշխող կուսակցության ներկայացուցիչը նշել է. չի կարելի իրավական խնդիրը տեղափոխել քաղաքական հարթություն:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ կայացել է մի քանի հանդիպում, որից հետո ՀԱԿ-ն առկախել է երկխոսության գոծընթացը, նշելով, որ դա պայմանավորված է Տիգրան Առաքելյանի ձերբակալությամբ, ում ՀԱԿ-ը քաղբանտարկյալ է համարում:
Իրենց հերթին, իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ դա իրավական խնդիր է եւ իրենք չեն խառնվում նման խնդիրների:
Սեպտեմբերի 30-ից ՀԱԿ-ը հայտարարել է 7-օրյա հանրահավաքներ անցկացնելու մասին, միաժամանակ կրկին իշխանություններին երկխոսելու առաջարկ է արել:






Facebook
Tweet This
Email This Post
