ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը ԼՂՀ պաշտպանության բանակ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 3, 2011 17:41

ՀՀ պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանը եռօրյա աշխատանքային այցով սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը գտնվում էր Արցախում: Այցի ընթացքում պաշտպանության նախարարը ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի հետ այցելել է պաշտպանության բանակի կենտրոնական, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր և ստորաբաժանումներ: Շրջայցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել զինանձնակազմի հետ, այցելել հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներ, հետաքրքրվել զինվորների մարտական և ծառայողական առօրյայով, ծանոթացել նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին:

Ի դեպ, վերջին օրերին զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ է այցելել պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ամբողջ ղեկավար կազմը` Զինվորական կարգապահության կտրուկ բարձրացմանը և արտակարգ դեպքերի ու պատահարների կանխարգելմանն ուղղված պաշտպանության նախարարի ցուցումները զինված ուժերի ողջ անձնակազմին հասցնելու համար:

Պաշտպանության բանակում զինանձնակազմի հետ հանդիպումների ժամանակ պաշտպանության նախարարը նշել է, որ չնայած բանակն իր առջև դրած մարտական խնդիրները գերազանց է կատարում, այդուհանդերձ մերթընդմերթ արձանագրվող արտակարգ պատահարները և արատավոր երևույթները փորձում են ստվերել բանակի հեղինակությունը: Նախարարը աններելի է համարել ոչ մարտական պայմաններում մարդկային կորուստները և նշել, որ արդարացված է հասարակության պահանջը, որ բանակում արատավոր երևույթները պետք է հասցվեն նվազագույնի: Պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Բոլոր հրամանատարները պետք է հասկանան, որ սա մեզ համար պատասխանատվության և պատվի հարց է: Զինվորական կարգապահությունը զորքերի մարտունակության ապահովման հիմնարար գործոններից է և մարտական ոգու հիմնաքարը»:

Նախարար Օհանյանը նշել է, որ անձնակազմի հետ աշխատանքները և արատավոր երևույթների դեմ պայքարը լինելու է զինված ուժերի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում, որպեսզի հայկական ազգային բանակի հիմքում դրվեն այնպիսի արժեքներ, ինչպիսիք են մարդկային հարաբերությունների գերադասումը, հրամանատարի անձնական օրինակը, հավասար և արդար վերաբերմունքը զինվորի հանդեպ, բանակային ընկերականությունը և ամենակարևորը` երիտասարդին բանակ ընդունել ծնողի հոգատարությամբ և  կատարել նրա պարտականությունները:

 

Դիտվել է 1059 անգամ:
Print Friendly

Leave a Reply