Հոկտեմբերին կբացվեն ժամանակակից 4 քոլեջներ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 3, 2011 16:25



Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարութունում այսօր տեղի է ունեցել նախարար Արմեն Աշոտյանի և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերի համատեղ մամուլի ասուլիսը: Նախարարն ու դեսպանը ներկայացրել են Հայաստանում ԵՄ աջակցությամբ ընթացող Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի ( ՄԿՈՒ) բարեփոխումները:
2011 թվականի հոկտեմբերին  Եվրոպական Միության աջակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կբացվեն 4 բարեկարգված և ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած քոլեջներ: Իսկ մինչև տարեվերջ, ինչպես ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՀՀ ԿԳ նախարարը, նախկին միջին մասնագիտական կրթական հաստատությունների հենքի վրա ստեղծված նոր քոլեջների թիվը կհասնի 12-ի: Նախարարի խոսքով մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումների ծրագրում ներառվել է 12 միջին մասնագիտական կրթական հաստատություն՝ ընտրվել է յուրաքանչյուր մարզից մեկական քոլեջ և երկուսը՝ մայրաքաղաքից: ԵՄ-ի հատկացրած դրամաշնորհով հիշյալ 12 քոլեջներն հիմնովին վերեկառուցվել ու նորոգվել են, զինվել են նորագույն համակարգչային  և լաբորատոր սարքավորումներով, համապատասխան այլ միջոցներով:
Անդրադառնալով բարեփոխումների բովանդակային բաղադրիչին՝ նախարարը նշել է. <Լուրջ ուշադրություն է դարձվել միջին մասնագիտական կրթության բովանդակության թարմացմանը: Միայն այս տարի մշակվել են 20 առարկայական նոր չափորոշիչներ: Իրականցվել է ոլորտում դասավանդող դասախոսների և մանկավարժական կադրերի վերապատրաստում: Հիմնական խնդիրը հմուտ աշխատուժի մատակարարմամբ աշխատաշուկայի պահանջների սպասարկումն է, որը կարող է անմիջականորեն օգտակար լինել նաև տվյալ մարզի տնտեսության զարգացմանը>: Նախարարը նշել է, որ տարիներ շարունակ միջին մասնագիտական կրթության համակարգն անտեսված է եղել, և հանրության կողմից ավելի մեծ պահանջարկ է ունեցել բուհական կրթությունը: Վիճակագրական տվյալներով Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող երեք ուսանողին բաժին է ընկնում մեկ միջին մասնագիտական կրթական հաստատության ուսանող, մինչդեռ զարգացած տնտեսություն ունեցող երկրներում այդ հարաբերակցությունը ճիշտ հակառակն է: Նախարարը շեշտել է, որ վերջին տարիներին հանրային հետաքրքրությունը ՄԿՈՒ ոլորտի նկատմամբ մեծացել է, ինչին որոշակիորեն նպաստել են նաև վերոնշյալ ծրագրերը:
Շեշտելով, որ Եվրոպական Միությունը վերջին 8 տարիներին ակտիվորեն աջակցել է Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումներին` հիմնական թիրախ ընտրելով մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ աշխատանքը գնահատել է կարևոր ձեռքբերում և նշել. < Համատեղ աշխատանքի շնորհիվ հասել ենք շատ լուրջ արդյունքների, մեզ հաջողվել է մարզերում ձևավորել մասնագիտական կրթության ժամանակակից կենտրոններ: Մեր վերջնական նպատակը Հայաստանում որակյալ միջին մասնագիտական կրթության համակարգ ձևավորելն է >:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը պատասխանել են նաև լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են ոլորտի մրցունակությանը, լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացմանը և բարեփոխումների շարունակականության ապահովմանը:


Դիտվել է 1292 անգամ:
Print Friendly

Leave a Reply