Մեկնարկում է ԵԽԽՎ նստաշրջանը. քննարկելու են նաեւ Հայաստանի հարցը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 3, 2011 15:11
Ստրասբուրգում այսօր՝ հոկտեմբերի 3-ին մեկնարկում է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 7-ը: ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում քննարկվելու է Հայաստանի հարցը: Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Աքսել Ֆիշերը նստաշրջանում ներկայացնելու են զեկույցը Հայաստանի ժողովրդավարական իստիտուտների մասին: Եվրոպական խորհրդարանականները կանցկացնեն քննարկումներ, իսկ փաստաթղթի վերաբերյալ քվեարկություն կկազմակերպվի հոկտեմբերի 7-ի նիստում:
Ինչպես ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, Փարիզում կայացած Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում նախագծի համազեկուցողներ Աքսել Ֆիշերն եւ Ջոն Պրեսկոտն արդեն ընդհանուր գծերով ներկայացրել են զեկույցը:
«ԵԽԽՎ-ի համազեկուցողների վերջին հայտարարության համաձայն` նրանք դրական են գնահատում հայաստանյան քաղաքական վերջին զարգացումները քաղաքական մթնոլորտի կայունացումը եւ, բնականաբար դրական են գնահատում քաղաքական իշխանության կողմից կատարված վերջին քայլերը»,- նշել էր Զոհրաբյանը՝ չբացառելով, որ ադրբեջանական պատվիրակության անդամները կփորձեն ինչ-որ ուղղումներ առաջարկել զեկույցում, բայց վստահություն հայտնեց, որ զեկույցը կընդունվի այն տեսքով, ինչ տեսքով որ ներկայացրել են համազեկուցողները: Օրակարգային այլ հարցերի շարքում քննարկվելու են Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաեւ հարցեր` կապված արաբական աշխարհում ի հայտ եկած դեմոկրատական վարչակարգերի հետ:
Իր հերթին, հանձնաժողովը կներկայացնի բանաձեւ` Դորիս Սթամփի` երեխայի սեռի որոշման վերաբերյալ զեկույցի հիման վրա:
Զեկույցում շեշտվում է մինչեւ երեխայի ծնունդը սեռը որոշելու վտանգը, մասնավորապես Ալբանիայում, Հայաստանում եւ Ադրբեջանում: Զեկույցում նշվում է, որ Հայաստանում տղաների եւ աղջիկների հարաբերակցությունը կազմում է 112-ը 100-ի դիմաց:
Բանաձեւի նախագծում կոչ է արվում ուսումնասիրել այդ երեւույթի պատճառները, իսկ ԵԽ-ի բոլոր անդամներին առաջարկ է արվում արգելել բժիշներին նախօրոք հայտնել երեխայի սեռը: ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանը տեղի կունենա Ստարսբուրգում հոկտեմբերի 3-ից 7-ը:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
