Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումներ Սպահանում

Պաշտոնական, Օրվա լուր | | October 3, 2011 14:03

Սեպտեմբերի 29-30-ին իրանահայ համայնքում տոնականորեն նշվող Հայաստանի անկախության 20-ամյակի առիթով միջոցառումների շարք էր նախատեսվել նաեւ Իրահի երկրորդ հայահոծ Սպահան քաղաքում` պատմական Նոր Ջուղայում:

Տոնակատարություններին մասնակցելու նպատակով Սպահանի Հայոց Թեմի  հրավերով սեպտեմբերի 29-ին Սպահան էր այցելել Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը: ՀՀ դեսպանության կազմավորումից հետո նմանատիպ միջոցառում տեղի էր ունենում առաջին անգամ, ինչը մեծ խանդավառությամբ էր ընդունվել Նոր Ջուղայեցիների կողմից:

Նուր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքում կատարվել է Հայրապետական մաղթանք Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առիթով: Կրոնական արարողությունը վարել է Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ  Գերշնորհ Տ. Բաբգեն եպիսկոպոս Չարյանը:

Երեկոյան Արարատ մարզամշակութային կազմակերպության սրահում  տեղի է  ունեցել հանդիսավոր  նիստ,  որի ժամանակ ելույթներով հանդես են եկել Սպահանի Հայոց Թեմի թեմական խորհրդի ատենապետ Նոյել Մինասյանը, ԻԻՀ մեջլիսում հարավային իրանահայության ներկայացուցիչ, պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը եւ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը:

ՀՀ դեսպանն իր ելույթում բարձր է գնահատել Հայաստան-Իրան հարաբերությունների ներկա փուլը, որը վերջին 20 տարիների ընթացքում զարգացել է միայն վերընթաց  ուղիով,  ինչում մեծ դերակատարություն են ունեցել նաեւ իրանահայ համայնքի ներկայացուցիչները: Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ  Գերշնորհ Տ. Բաբգեն եպիսկոպոս Չարյանն իր ելույթում շնորհավորել է հանդիսության բոլոր ներկաներին Հայաստանի անկախության տոնի առիթով եւ հույս հայտնել, որ նմանատիպ քսանամյակներ ունենալու ենք հարատեւ:

Միջոցառման ընթացքում Հայաստանի դեսպանը մայրենի լեզվի օրվա առթիվ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պատվոգիր է հանձնել Սպահանի մտավորական Լեւոն Մինասյանին, իսկ դպրոցական Ա. Մինասյանը պարգեւատրվել է Հայաստանում տեղի ունեցած պատանի նկարիչների մրցույթում մրցանակային տեղ գրավելու համար:

ՀՀ դեսպանը Սպահան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Սպահանի նահանգապետ դոկտոր Զաքեր Իսֆահանիի հետ: Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել  հայ-իրանական բարեկամական կապերի, հայերի մասնակցությամբ պատմական Սպահանի կառուցման, Հայաստանի եւ Իրանի հետագա կապերի զարգացման, Սպահան եւ Երեւան քույր քաղաքների միջեւ կապերի ընդլայնման հեռանկարների շուրջ:

Սեպտեմբերի 30-ին Սպահանի  նորաբաց  հայկական  կրթահամալիրում տեղի է ունեցել  առաջին հայ կին դիվանագետ, Հեռավոր Արեւելքում եւ Ճապոնիայում Հայաստանի Առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Դիանա Աբգարի կյանքին ու գործունեությանը նվիրված Սպահանի Հայոց Թեմի կրոնական խորհուրդի հրատարակած գրքի շնորհանդեսը,  որի ժամանակ  ելույթներ  են  ունեցել  գիրքը  կազմողները,  Սպահանի  Թեմի  առաջնորդն ու ՀՀ դեսպանը:

 

Դիտվել է 1116 անգամ:
Print Friendly

Leave a Reply