Րաֆֆի Հովհաննիսյանը վայր է դրել իր պատգամավորական մանդատը
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | Էդգար Ամիրխանյան | September 7, 2009 18:34
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Անկախ»-ի տեղեկություններով վայր է դրել իր պատգամավորական մանդատը:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի պատասխանատու Հովսեփ Խորշուդյանն «Անկախ»-ին ասաց, որ առայժմ չի կարող մեկնաբանություններ տալ և նշեց, որ «ոչ հերքում ենք, ոչ էլ հաստատում»:
Նա նշեց, որ ամեն բան հստակ կլինի երեկոյան: Ըստ «Անկախ»-ի ունեցած տեղեկությունների` այս պահին «Ժառանգություն» խմբակցությունը գումարել է ժողով. կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը չեն պատասխանում հեռախոսազանգերին:
2007թ. մայիսի 12-ին Րաֆֆի Հովհաննիսյանն Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել իր ղեկավարած «Ժառանգություն» կուսակցության համամասնական ընտրացուցակով: 2007-ից մինչ օրս հանդիսանում էր ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ: 2007-08թթ. ղեկավարել է խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցությունը: Նա նաև 2007-09թթ. հանդիսացել է ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ:
Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվել էր անցած տարի: Նրա առաջարկությամբ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին միաձայն ընտրել էր խմբակցության նախագահ:
«Ժառանգությունը» հիմնվել է 2002թ.: 2005թ. հունիսի դրությամբ կուսակցությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ունի 28 գրասենյակ և տարածքային 46 ստորաբաժանում:






Facebook
Tweet This
Email This Post
