Նախակրթարանների ստեղծումը` սոցիալական կարևորության ծրագիր

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 3, 2011 12:13

Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակում մարզերում նախակրթարանների հիմնադրման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Արարատի և Վայոց ձորի մարզեր: 2010 թվականին Արարատի մարզի Սիսավան գյուղի միջնակարգ դպրոցում բացվել էր  «Պստիկաշեն» նախակրթարանը, որն ունի նախադպրոցական տարիքի 34 երեխա: Նախարար Արմեն Աշոտյանը վերանորոգված  և համապատասխան գույքով կահավորված նախակրթարանում, որը  գործում է արդեն երկրորդ ուսումնական տարին, մասնակցել է բաց դասի:

Նույն օրը նախարարը մասնակցել է նաև Վայոց ձորի մարզի  Արենի և սահմանամերձ Մարտիրոս  գյուղերի դպրոցներում ստեղծված նախակրթարանների հանդիսավոր բացման արարողություններին: Արենիի նախակրթարանում սովորում են 19, Մարտիրոսի նախկրթարանում` 15 երեխաներ: Նախակթարանների բացման առիթով Արմեն Աշոտյանը շնորհավորել է համայնքների բնակիչներին և կոչ արել` ամեն ինչ անել, որպեսզի աշակերտների թիվն ավելանա: Համայնքների բնակիչներն ու մանկավարժները շնորհակալություն են հայտնել նախարարին հաջողված աշխատանքի համար, շեշտելով, որ երբևէ մանկապարտեզներ չունեցած գյուղերի երեխաների համար նախակրթարանները սպասված նվեր էին:

Ներկայացնելով  ծրագիրը` նախարարն ընդգծել է, որ նախադպրոցական կրթության մատչելիության ապահովումը ՀՀ կառավարության գերակայություններից է: Մինչև 2008 թվականը, ինչպես նշել է նախարարը, հանրապետության  ավելի քան 170 համայնքներում մանկապարտեզները չէին գործում, իսկ համայնքների 47 տոկոսում դրանք չկային: Համաշխարհային բանկի աջակցությամբ նախակրթարանների հիմնադրման և վերականգնման փորձնական ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին` Լոռու և Շիրակի մարզերից: 2010 թվականին մեկնարկել է հիմնական ծրագիրը, որի նպատակն է` մինչև 2014 թվականը հանրապետության այն համայնքներում, որտեղ մանկապարտեզներ ընդհանրապես չեն եղել, ստեղծել նախակրթարաններ` դպրոցների հենքի վրա: Զուգահեռաբար նախատեսվում է աջակցել չգործող մանկապարտեզների բացմանը:

Ամփոփելով վերջին երկու տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում իրականացված աշխատանքները` ՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է.«Հանրապետության 6 մարզերի 125 համայնքներում բացվել են նախակրթարաններ, այդ թվում` 22-ական նախակրթարաններ Արարատում և Վայոց ձորում , 19-ը` Արագածոտնում, 23-ը` Արմավիրում, 21-ը`Գեղարքունիքում և 18-ը` Սյունիքում: Այդ նպատակի համար ծախսվել է 1 մլն դոլար: Բոլոր նախակրթարանները վերանորոգվել ու կահավորվել են, համալրվել են  համապատասխան գույքով, սարքավորումներով, ուսումնամեթոդական նյութերով: Ծրագրում ներառված է նաև  դաստիարակների վերապատրաստում»: Ըստ նախարարի, դատելով միջանկյալ վերլուծությունից, նախապես պլանավորած 170-ի փոխարեն, ծրագրի ավարտին  հանրապետությունում կունենանք 250 նորաբաց նախակրթարան: Շեշտելով, որ մինչև ծրագրի մեկնարկը նախակրթարաններում ընդգրկված էին նախադպրոցական տարիքի երեխաների 37 տոկոսն, իսկ ներկայումս այդ ցուցանիշը հասել է 57 տոկոսի, նախարարը նշել է.«Մեր վերջնական նպատակն է 2015 թվականին նախակրթարաններում ապահովել ավագ նախադպրոցական տարիքի` 5-6 տարեկան երեխաների համահանրապետական ընդգրկվածության 90 տոկոսանոց ցուցանիշ: Սա մեր սոցիալական կարևորություն և հանրային մեծ ընդգրկվածություն ապահովող ամենահաջողված ծրագրերից է»: Նախարարը հավելել է, որ ծրագրի ընթացքը դրական է գնահատվել նաև Համաշխարհային բանկի կողմից:

 

Դիտվել է 910 անգամ:
Print Friendly

Leave a Reply