Փլուզումը դեռ շարունակվում է. Այրումում ու Լճկաձորում էլեկտրականություն չկա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 3, 2011 1:37

Այրումից ոչ հեռու, Լճկաձոր գյուղի հատվածում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած փլուզման վայրում այս պահին գտնվում են ոստիկանության աշխատակիցները և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողները, սակայն ոչ մի աշխատանք չի իրականացվում: Այդ մասին դեպքի վայրից փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը:

Հոկտեմբերի 2-ին երեկոյան կողմ, ժամը 20:00-ի սահմաններում  M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում՝ Այրում կայարանի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում), տեղի է ունեցել սողանք, որի արդյունքում փակվել է երթևեկությունը: ԱԻՆ լրատվական կենտրոնից Panorama.am-ին տեղեկացրել էին, որ նախնական տվյալներով սողանքի գոտում, փլուզման տակ են մնացել 10-12 ավտոմեքենաներ: 

Ոստիկանության ու փրկարարական ծառայության աշխատակիցները չեն կարողանում մոտենալ փլուզման վայր, քանի որ մինչև հիմա ժամանակ առ ժամանակ լեռից քարերի կտորներ են թափվում ներքև: Այս պահին փլուզման վայրում նաև տեխնիկա չի աշպատում, ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցված է: Տեղեկություններ կան նաև, որ Լճկաձորի մի բնակիչ է անհետ կորել:

Վնասված են նաև էլեկտրասյուները, ինչի հետևանքով Այրումը և Լճկաձոր գյուղը զրկված են էլեկտրականությունից, ինչն էլ դժվարացնելու է փրկարարների հետագա աշխատանքը:

Ավելի վաղ կառավարության լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրել էին, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ: Համապատասխան ծառայություններն ուղղված են դեպքի վայր: Հանգամանքները ճշտվում են: Ըստ տեղեկատվության, օպերատիվ շտաբը խնդրում է ձեռնպահ մնալ Վանաձոր- Բագրատաշեն ճանապարհով երթևեկելուց: Գործում է շրջանցիկ ճանապարհ՝ Վանաձոր-Դիլիջան-Իջևան-Բագրատաշեն ուղղությամբ:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060 44 02 38 հեռախոսահամարներով:

Panorama.am

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply