Բաքվում հարձակվել են հայ բռնցքամարտիկների վրա
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 2, 2011 19:00
Բաքվում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությանը մասնակցող հայ մարզիկները հարձակման են ենթարկվել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանկան qafqazinfo.az կայքը, այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստները, ներխուժելով Հ. Ալիեւի անվան մարզական համալիր, սկսել են քարեր նետել հայ մարզիկների վրա:
Սպասելով հայ մարզիկի ելույթին` նրանք սկսել են բղավել «Հայեր, հեռացեք», «Ղարաբաղ կամ մահ», «Ամոթ հրավիրողներին» եւ քարեր են նետել ռինգ: Մրցամարտը դադարեցվել է, հայ բռնցքամարտիկը, մրցավարական կազմը լքել են դահլիճը: Կազմակերպության ղեկավար Ակիֆ Նաղին (լուսանկարում) հայտարարել է, որ իրենք մի քանի օր նախապատրաստվել են այդ ակցիային, որի նպատակը մրցամարտին հայ մարզիկների մասնակցությանը խոչընդոտելն է:
Նշվում է, որ հայ մարզիկների մասնակցությամբ բոլոր մրցելույթները տեղի են ունենում տրիբունաների աննախադեպ ճնշման ներքո, որն արտահայտվում է սուլոցներով եւ վիրավորական արտահայտություններ բղավելով: Մրցաշարի առաջին իսկ օրը Ակիֆ Նաղիի կազմակերպությունը բողոքի ակցիա է կազմակերպել ընդդեմ հայ մարզիկների մասնակցության, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը:
Անվտանգության նկատառումներից ելնելով` Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականների մարզիկները տեղակայվել են մյուս մասնակիցներից առանձին` հատուկ պահպանվող բազայում:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
