Հայ աղջիկները բողոքում են գիրությունից, տղաները` նիհարությունից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 2, 2011 2:35

Հայաստանում դեռահասների շրջանում անցկացված առողջական և սեռական վարքագծի ու ապրելակերպի վերաբերյալ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հայ երեխաները գոհ չեն իրենց տեսքից: Աղջիկները կարծում են` իրենք չափից ավելի գեր են, տղաները` բողոքում նիհարությունից: Պարզվել է նաև, որ հայ դպրոցականները Եվրոպացի մյուս դպրոցականների համեմատ ամենից շատ են սիրում իրենց դպրոցը, բայց, միևնույն ժամանակ, ամենաշատն են ձգտում մենության, ինչն էլ հաճախ ինքնասպանության պատճառ է դառնում:

Երեխաների զգալի տոկոսը արձանագրել է, որ տարբեր տեսակի բռնությունների է ենթարկվում հենց դպրոց գնալու ճանապարհին: Հետազոտություններից պարզ է դարձել նաև, որ հայ դեռահասների շրջանում տարեցտարի ավելանում է վաղ տարիքում սեռական հարաբերություններով զբաղվողների թիվը:

15-17 տարեկան տղաների`40, և աղջիկների 3 տոկոսը պատասխանել են, որ իրենք արդեն ունեցել են ինտիմ հարաբերություններ: Մինչդեռ 2005 թվականին միայն տղաների 3 և աղջիկների 1 տոկոսն է այդ հարցին դրական պատասխան տվել:

World Vision միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ռուզաննա Մանուկյանի խոսքով, այս ցուցանիշները այնքան էլ անհանգստացնող չեն և Եվրոպական մյուս երկրների համեմատ նորմայի սամաններում են: Բանախոսն ավելի անհանգստացնող է համարում այն հարցը, որ հայ դեռահասները չեն ստանում նորմալ սեռական դաստիարակութուն: «Դպրոցում արդեն անցնում են «Առողջ ապրելակերպ» առարկան, սակայն դա բավական չէ: Երեխան դեռ վաղ տարիքից պետք է իրեն հուզող հարցերի պատասխանը ստանա ծնողներից: Սակայն երբեմն հանդիպում ենք այնպիսի ծնողների, որոնք իրենք էլ լավատեղյակ չեն, ուր մնաց` երեխաներին տեղեկացնեն»,- ասաց նա:

Tert.am

Դիտվել է 1627 անգամ:
Print Friendly

Leave a Reply