Տիգրան Սարգսյան. «Զբոսաշրջությունը մեր երկրում կարող է և պետք է լինի բազմազան և բազմաբովանդակ»

Պաշտոնական, Օրվա լուր | | September 30, 2011 19:18

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է զբոսաշրջության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որին ներկա են եղել նաև զբոսաշրջության արդյունաբերության ներկայացուցիչներ:

Շնորհավորելով ներկաներին զբոսաշրջության միջազգային օրվա կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս օրն առիթ է՝ իմաստավորելու և քննարկելու տուրիզմի բնագավառում մեր երկրի անցած 20 տարիներն ու հետագա ծրագրերը: «Իմ կարծիքով՝ այստեղ հավաքվածները մի բանում վստահ են. Հայաստանն ունի զբոսաշրջության զարգացման մեր ներուժ և այն մենք դեռևս լիովին չենք օգտագործում: Զբոսաշրջությունը մեր երկրում կարող է և պետք է լինի բազմազան և բազմաբովանդակ: Զբոսաշրջության բնագավառւմ պետք է ընդգրկվեն նոր ուղղություններ և այս առումով Հայաստանի կառավարությունը դեռևս ունի մեծ անելիքներ: Անհրաժեշտ է, որպեսզի զբոսաշրջության ոլորտում մասնագիտացված բոլոր կառույցները կառավարության հետ միասին լինեն մասնակիցը՝ տուրիզմի զարգացման ծրագրերի իրականացման գործում»:
Տիգրան Սարգսյանն ուրախությամբ նշել է, որ պետություն-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ վերջին շրջանում արձանագրվել են հաջողություններ: Այս տեսակետից կառավարությանը ղեկավարը հիշեցրել է Ազգային մրցունակության հիմնադրամի կողմից Տաթևի վանական համալիրում իրականացված ներդրումային ծրագրերը: «Այն իրենում ներառում էր տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ՝ մասնավոր հատվածի, և համաֆինանսավորում՝ պետության կողմից: Եթե կառավարությունը տեսնում է զբոսաշրջության ներուժի բացահայտման և իրացման գործում նախաձեռնություններ մասնավորների կողմից, ապա իր վրա է վերցնում ենթակառուցվածքների կառուցման պատասխանատվությունը»:
Վարչապետի խոսքով՝ համաշխարհային զբոսաշրջության քարտեզում հայտնվելու համար պետք է կիրառել էլեկտրոնային միջոցների հնարավորությունները: Այս տեսակետից, գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանում էլեկտրոնային եղանակով հնարավոր է ամրագրել հյուրանոցային համարներ, ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների և ծառայությունների վերաբերյալ:
Այնուհետև, Տիգրան Սարգսյանն զբոսաշրջության բնագավառի մի խումբ ներկայացուցիչների խրախուսել է շնորհակալագրերով:

 

Դիտվել է 1576 անգամ:
Print Friendly

Leave a Reply