Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 30, 2011 19:15

ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում մինչեւ 15 օրով հետաձգվեց ՀՀ կառավարության հեղինակած «Հայրենադարձության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը:

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Մարգարյանի նախագահությամբ քննարկեց  «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ» կատարելու մասին» ՀՀ կառավարության հեղինակած օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Ինչպես նշեց Վաչե Տերտերյանը, փաթեթի ընդունման դեպքում հողի հարկից եւ գույքահարկից    կազատվեն Հայաստայայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող  հուշարձանի կարգավիճակ չունեցող  եկեղեցիները, հոգեւոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական եւ ծիսական պարագաների արտադրության եւ իրացման համար օգտագործվող կառույցների, եկեղեցու ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցները եւ դրանց զբաղեցրած ու հատկացված հողատարածքները:

Նախատեսվում է նաեւ հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման դեպքում սահմանել հողի հարկի գծով արտոնություն, նկատի ունենալով նաեւ հողամասը  համայնքային կամ պետական սեփականություն համարվելու դեպքում պարտավորությունների վերացման հստակեցման հարցերը համայնքի կամ պետության համար:

Օրինագծերի փաթեթն ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն կընդգրկվի ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Վազգեն Կարախանյանի նախագահությամբ քննարկեց 2011 թ. հունիսի 1-ին ստորագրված` ՀՀ-ի եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագիր» վարկային համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նա նշեց, որ համաձայնագրի նպատակն է օժանդակել հաղորդիչ ցանցի հուսալիության բարձրացմանն ու թողունակության մեծացմանը: Նախարարը տեղեկացրեց, որ համաձայնագրով բանկը վարկառուին  տրամադրելու է 39 միլիոն ԱՄՆ դոլար վարկ` ծրագրի ֆինանսավորմանը օժանդակելու նպատակով: Վարկային միջոցը տրամադրվում է 25 տարի ժամկետով:

Քննարկված համաձայնագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի վավերացմանը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ  Մինասյանի նախագահությամբ քննարկեց 2011 թ. հունիսի 1-ին ստորագրված` ՀՀ-ի եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագիր» վարկային համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Համաձայնագիրը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում` Արտյուշ Շահբազյանի նախագահությամբ  առաջին ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը նշեց, որ օրինագծի ընդունմամբ օրենսգրքի 266-րդ հոդվածում կատարվող փոփոխություններով կբարձրանա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը: Կհստակեցվեն օրենսգրքի տարակարծիք մեկնաբանությունների տեղիք տվող դրույթները: Օրենսգրքի 296-րդ հոդվածի փոփոխությամբ կբարձրանա ապօրինի ծառահատումների դեմ պայքարի արդյունավետությունը, 316-րդ հոդվածի փոփոխությամբ կվերացվի օրենսդրական բացը եւ կապահովվի իրավական նորմերի միատեսակ ընկալումը:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկված օրինագիծը կընդգրկվի ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Պատգամավորները առաջին ընթերցման ընթացակարգով քննարկեցին նաեւ կառավարության ներկայացրած «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Ռաֆիկ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Արամ Սաֆարյանի հեղինակած նույնանուն օրենսդրական փաթեթները: Ելնելով այն հանգամանքից, որ առաջարկվող լրացումները նախատեսում են համանման փոփոխություններ` հանձնաժողովը որոշեց միավորել երկու օրենսդրական փաթեթները եւ ԱԺ նիստում ներկայացնել միասնական տարբերակով: Օրինագծերով նախատեսվում է կենսագործել ՍԴՈ-751 եւ ՍԴՈ-943 որոշումները, վերացնել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ քաղաքացիական դատավարության եւ քրեական դատավարության օրենսգրքերի` Սահմանադրության հետ ունեցած անհամապատասխանությունը:

Հաձնաժողովի դրական եզրակացությամբ այդ միասնական տարբերակը կներկայացվի ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը Խաչիկ Հարությունյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանի ու Մարտին Սարգսյանի հեղինակած «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանի, Մարտին Սարգսյանի եւ Վարդան Բոստանջյանի ներկայացրած «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Պարոն Անդրեասյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո հանձնաժողովի ներկայացրած առաջարկությունները ընդունվել են: Քննարկվող օրենսդրական փաթեթը եւս հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց         «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքացիական ավիացիայի բնագավառում կատարված ուսումնասիրությունների եւ առաջացած գործնական խնդիրների լուծման, ինչպես նաեւ գործող օրենքը արդի պահանջներին համապատասխանեցնելու,  միջազգային պայմանագրերից բխող նոր պահանջները ՀՀ քաղաքացիական ավիացիայի բնագավառում ներդնելու եւ կիրառելու խնդիրներով:

Նիստում քննարկված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ համագործակցության վերաբերյալ մարդասիրական եւ տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասինե 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային եւ պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծի նպատակը օրենքով նախատեսված արտոնությունների շրջանակներում պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով արտոնություններից օգտվող անձանց շրջանակի հստակեցումն է:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ  «Լիցենզավորման մասին»  ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Այն բխում է լիցենզավորման ոլորտում  ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականության տրամաբանությունից, եւ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների կրճատման, պարզեցման եւ հստակեցման նպատակ է հետապնդում: Անշարժ գույքի գնահատման գործունեությունը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկից հանելը այդ ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտներին կազատի  լիցենզավորման հետ կապված մի շարք պարտադիր պահանջներ կատարելու անհրաժեշտությունից: Ոլորտի ապալիցենզավորման հետեւանքով առավել բարենպաստ գործարար միջավայր կստեղծվի, եւ այդ պայմաններում գործունեության այս տեսակով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների թիվը կավելանա, որն էլ իր հերթին կուժեղացնի մրցակցությունը:

Քննարկված երեք օրինագծերն էլ դրական եզրակացություն ստացան նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:

 

Դիտվել է 1123 անգամ:
Print Friendly

Leave a Reply