Համերբերգը դժգոհ է. Ադրբեջանի իշխանությունները ականջի հետեւ են գցում բոլոր դիտողությունները

Պաշտոնական, Օրվա լուր | | September 30, 2011 16:46

Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգը հրապարակել է իր զեկույցը Ադրբեջանում վերջին մեկ տարում մարդու իրավունքների վիճակի մասին: «Խոսքի, հավաքների եւ խաղաղ ցույցերի ազատությունը բախվել է լուրջ դժվարությունների հետ: Անհրաժեշտ են շտապ միջոցներ, որոնք կաջակցեն մարդու այդ հիմնարար իրավունքներին»,- ասված է զեկույցում:

Հանձնակատարը ցավով նշում է, որ դիտողությունների մեծ մասը, որ ինքն արել է այդ ոլորտներում, չեն իրականացվել: Որոշ դեպքերում, իշխանությունների ձեռնարկած քայլերն անգամ հակասել են Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին:

«Իմ դիտողություններից է եղել վերջ դնել լրագրողների նկատմամբ քրեական գործեր հարուցելու ընտրողական պրակտիկային, սակայն նման միջոցների կիրառումը չի թուլացել»,- ասել է Համերբերգը:

Հանձնակատարն առանձնահատուկ անհանգստություն է հայտնել Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի շենքի քանդման կապակցությամբ:

Մտահոգության մեկ այլ առիթ է մարտին եւ ապրիլին Բաքվում քաղաքական ակտիվիստների ձերբակալությունների շարքը: «Այդ բողոքի ակցիաները ցրվել են անհամարժեք ուժի կիրառմամբ, ընդ որում լրագրողների աշխատանքը բարդացել է: Մի քանի մարդ ձերբակալվել է: Ընդդիմության վեց ակտիվիստներ դատապարտվել են օգոստոսի 25-ին: Այդ որոշումների համապատասխանությունը մարդու իրավունքների չափորոշիչներին հարցեր է առաջացնում»,- ասել է Համերբերգը:

 

NEWS.am

 

Դիտվել է 1891 անգամ:
Print Friendly

Leave a Reply