Երեւանի վնասազերծված բանդայի պարագլխի եղբորորդին ինքնասպան էր եղել «Կոշ» ՔԿՀ-ում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 30, 2011 15:51

Երեւանում, սեպտեմբերի 23-ին, վնասազերծված հանցախմբի ենթադրյալ պարագլուխ Գուրգեն Հայրապետյանի եղբորորդին` Արա Հայրապետյանը, ոստիկանական գործողությունից օրեր առաջ ինքնասպան էր եղել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: 28-ամյա Արա Հայրապետյանը ինքնասպան էր եղել սեպտեմբերի 15-ի առավոտյան, ժամը 9-ի սահմաններում, կախվելու միջոցով: Նա գրություն էր թողել, որով խնդրել էր կատարվածի համար ոչ մեկին չմեղադրել՝ հավելելով, որ իր արարքը պայմանավորված չէ պատժի կրմամբ եւ ունի անձնական դրդապատճառներ:

Նա 2008թ. ապրիլի 22-ին Երեւանի քրեական դատարանի կողմից դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման ավազակության եւ կողոպուտի փորձի համար:

Նշենք, որ ինքնասպան եղած դատապարտյալի հորեղբայրը` 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը մահացել էր ոստիկանական գործողության ժամանակ, իսկ ավագ եղբայրը` 32-ամյա Արամ Հայրապետյանը ներկայումս կալանավորված է բանդիտիզմի եւ ավազակային հարձակումների հոդվածներով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 23-ին, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից:

Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում առ այսօր բերման է ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել:

Նշենք, որ խոսքը այն հանցախմբի մասին է, որը առնչություն ունի բարձրաստիճան պաշտոնյաների տների ավազակային հարձակումների հետ: Մասնավորապես, այդ խմբի հետ են կապում ավազակային հարձակումը «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն, «Երեւանճանապարհշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն 55-ամյա Էդուարդ Բեզոյանի տան վրա: Նույն ձեռագրով է կատարվել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի բնակարանի եւ Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանի տան վրա ավազակային հարձակումները:

News.am

Դիտվել է 976 անգամ:
Print Friendly

Leave a Reply