Ծերանոց ընդունվելու համար հաշվի է առնվում դիմողի ցանկությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 30, 2011 13:32
Ծերանոց տարեցները դիմում են բացառապես իրենց կամքով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գեւորգյանը: «Կան, իհարկե, դեպքեր, երբ ընդունում ենք ծերանոց’ առանց տարեցի կարծիքը հաշվի առնելու»,- խոստովանեց նա’ հավելելով, որ նման կերպ վարվում են, եթե տվյալ մարդու նկատմամբ պատշաճ խնամք չի տարվում, երեխաները թմրամոլ են կամ արբեցող եւ այդ մարդու կյանքին վտանգ է սպառնում:
Տարեցները, ՀՀ կառավարության որոշման համաձայն, իրավունք ունեն 1 ամիս ժամկետով դուրս գրվել եւ այցելել իրենց հարազատներին; Անահիտ Գեւորգյանի խոսքով’ ծերանոցում տեղերն ազատվում են մյուս ծերերի մահվան հաշվին: «Մահվան դեպքում մենք հայտնում են հարազատներին, եւ եթե ցանկություն ունեն, իրենք են կազմակերպում հուղարկավորությունը, հրաժարվելու դեպքում’ այդ ծախսերը եւ արարողակարգը ծերանոցը վերցնում է իր վրա»,-նշեց նա:
Նա ուրախությամբ հայտնեց, որ այսօրվա դրությամբ շատ քիչ է հերթագրվածների թիվը: Լինում են դեպքեր, երբ կան ազատ տեղեր եւ չկան գրանցված տարեցներ:
Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալը խոսեց նաեւ տարեցներին տրամադրվող կենսաթոշակների մասին: «Տարեցներին հատկացվող կենսաթոշակի ապահովագրական մասը’ 10 500 դրամը, պահվում է պետության կողմից’ հատկացնելով նրանց խնամքին, իսկ մնացած մասը տրվում է թոշակառուին»,- ասաց Ա.Գեւորգյանը:
Արմենպրես






Facebook
Tweet This
Email This Post
