Չեմ բացառում, որ կվերադառնամ մեծ քաղաքականություն. Ռոբերտ Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 30, 2011 13:34

Ռոբերտ Քոչարյանը  «Մեդիամաքսի» խնդրանքով մեկնաբանել է այն փաստը, որ քաղաքականություն իր վերադառնալու հարցը դարձել է Հայաստանի ներքաղաքական օրակարգի հիմնական թեմաներից մեկը, իսկ 2012 թվականին ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի առաջադրվելու փաստը բուռն քննարկումներ և բանավեճերի առարկա դարձավ`Հայաստանի ներքաղաքական գործընթացների ու երկրորդ նախագահի քաղաքական հեռանկարների վրա հնարավոր ազդեցության տեսանկյունից:

«Ինձ զարմացնում է իմ հնարավոր վերադարձի վերաբերյալ ծավալված քննարկումը` Ռուսաստանում ընթացող քաղաքական գործընթացների հետ ուղիղ փոխկապակցմամբ: Եվ դա տեղի է ունենում Հայաստանի Անկախության քսանամյակի ճոխ տոնակատարություններից անմիջապես հետո՞: Վստահ եմ, որ քաղաքական գործընթացները պետք է հասունանան այստեղ, Հայաստանում, այլ ոչ թե նույն հարթության մեջ պրոյեկցվեն դրսից:

Ես չեմ բացառում, որ կվերադառնամ մեծ քաղաքականություն: Սակայն, այդ քայլին ինձ կարող են դրդել ոչ թե այն իրադարձությունները, որ տեղի են ունենում Հայաստանին թեև շատ մոտ և Հայաստանի համար շատ կարևոր, բայց, այնուամենայնիվ, ուրիշ երկրում, այլ հետևյալ երեք գործոնները.

1. երկրի տնտեսական վիճակի և մարդկանց բարեկեցության զգալի և կայուն բարելավվման բացակայությունը, և, որպես հետևանք` փակուղային տրամադրությունների և արտագաղթի աճը;

2. հասարակության տարբեր շերտերի կողմից իմ` մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկը;

3. իմ ներքին համոզվածությունն առ այն, որ ես կարող եմ արմատական ձևով բարելավել իրավիճակը:

Այս երեք գործոնների առկայության պարագայում կարող են տարբեր ճանապարհներ լինել ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար: Մնացած բոլոր հանգամանքները որոշ նրբերանգներ են մտցնում, ավելացնում են քաղաքական ռեսուրսը, բայց հիմնարար գործոններ չեն հանդիսանում», – ասել է Ռոբերտ Քոչարյանը «Մեդիամաքսին» տված բացառիկ հարցազրույցում:

Tert.am

 

Դիտվել է 1668 անգամ:
Print Friendly

Leave a Reply