Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Կանադայում

Պաշտոնական, Օրվա լուր | | September 30, 2011 13:09

Սեպտեմբերի 22-ին Bonjour l’Armenie ծրագրի շրջանակներում Մոնրեալի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված անդրանիկ տոնական միջոցառում-ընդունելություն:

Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի եւ Մոնրեալի քաղաքապետ Ժերալ Թրամբլեի շնորհավորական ուղերձներից հետո ներկաներին ողջունել է Մոնրեալի Գառնի պարախումբը:

Միջոցառմանը ներկա էին քաղաքային խորհրդի անդամներ, Մոնրեալում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Հայ Առաքելական Եկեղեցու Կանադայի թեմի Առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Քալստանյանը, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Bonjour l’Armenie ծրագրի շրջանակներում Կանադայում նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախությանը, այդ թվում Գալա-համերգ հայ եւ կանադացի հայտնի երգիչների մասնակցությամբ, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Մոնրեալում:

Սեպտեմբերի 25-ին Կանադայում ՀՀ դեսպանության հովանու ներքո Տորոնտո քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված տոնական հանդիսություն:

Միջոցառումն աննախադեպ էր կանադահայ 28 կազմակերպությունների միասնական մասնակցության տեսանկյունից՝ հանձինս Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի, Հայ կաթոլիկ եւ Բողոքական եկեղեցիների, ավանդական երեք կուսակցությունների եւ բոլոր մշակութային ու ազգակցական միությունների:

Միջոցառմանը շնորհավորական ուղերձով դիմեց ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ինչին հաջորդեց տոնական համերգ եւ ընդունելություն:

 

Դիտվել է 1139 անգամ:
Print Friendly

Leave a Reply