Երեւանում վնասազերծված բանդայի անդամներից մեկը 2008-ի մարտի 1-ի գիշերը խանութներ թալանողներից է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 30, 2011 13:38

NEWS.am-ին  ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել սեպտեմբերի 23-ին Մյասնիկյանի պողոտայում վնասազերծված հանցախմբի անդամներից մեկի քրեական անցյալի մասին:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, բանդայի  ամենաերիտասարդ անդամը`  19-ամյա Քյարամ Ամոյանը, ով հայտնի «հեղինակություն», ազգությամբ եզդի «Ճակոյի» ազգականն է, 2008 թվականի մարտի 1-ի գիշերը խանութները թալանողներից մեկն է եղել եւ դրա համար ազատազրկվել է համապատասխան հոդվածով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 23-ին, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում առ այսօր բերման է ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել:

Նշենք, որ խոսքը այն հանցախմբի մասին է, որը առնչություն ունի բարձրաստիճան պաշտոնյաների տների ավազակային հարձակումների հետ: Մասնավորապես, այդ խմբի հետ են կապում ավազակային հարձակումը «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն, «Երեւանճանապարհշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն 55-ամյա Էդուարդ Բեզոյանի տան վրա: Նույն ձեռագրով է կատարվել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի բնակարանի եւ Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանի տան վրա ավազակային հարձակումները:

 

Դիտվել է 1323 անգամ:
Print Friendly

Leave a Reply