Ինչպես էին ռուսաստանաբնակ հայերը ՕՄՕՆ–ի աջակցությամբ առևանգում իրենց հայրենակիցներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 30, 2011 12:08

«Մոսկովսկիե նովոստի» պարբերականին հայտնի են դարձել սկանդալային մանրամասներ ռուսաստանաբնակ հայերի կողմից իրենց հայրենակիցների առևանգման դեպքերի մասին։ Ի դեպ, այդ գործը բացահայտվել է դեռևս 2009թ. և սեպտեմբերի 28-ին ներկայացվել դատարան։ Այդ առևանգումներն իրականացվել են ՕՄՕՆ–ի «Զուբր» կոչվող հատուկ ջոկատի աշխատակիցների աջակցությամբ։

Ինչպես «Մոսկովսկիե նովոստի» պարբերականի հետ զրույցում ասել է Ռուսաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչը, որի անունը չի նշվում, առաջին առևանգման մասին իրավապահներին հայտնի է դարձել 2009թ.։ Այդ ժամանակ հանցագործներն առևանգել էին Յուրա Աբրահամյանին։ Հետաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ քրեական շրջանակներին հետաքրքրում էր ոչ թե Յուրան, այլ հյուրանոցային բիզնեսով և անշարժ գույքով զբաղվող նրա եղբայրը` Լորիկը։ Իսկ Յուրային որոշել էր առևանգել քրեական աշխարհում «Կյաժ» մականունով հայտնի Հակոբ Մելիքսեթյանը, երբ իմացել էր, որ նրա եղբոր մոտ կա 6 միլիոն դոլար կանխիկ գումար։

«Հակոբը հայկական սփյուռքում հայտնի մարդ է։ Նա մասնագիտացել է «առևանգում–դրամաշորթություն–գլխագին» կոչվող բիզնեսում։ Սփյուռքում նման բաներ հաճախ են տեղի ունենում։ Նման իրավիճակներում որպես բանակցող հանդես էր գալիս հենց Մելիքսեթյանը։ Բոլորը գիտեին, որ Հակոբն իր կապերի շնորհիվ կարող է ազատ արձակել ցանկացած առևանգվածի։ Ծրագրելով Աբրահամյանի առևանգումը՝ Մելիքսեթյանը կասկածում էր, որ Յուրայի հարազատներն առաջին հերթին դիմելու են իրեն կամ իր շրջապատի մարդկանց։ Այդ պատճառով նա երկու կողմում էլ կարող էր վերահսկել իրավիճակը՝ և որպես առևանգող, և որպես բանակցող կողմ։ Եվ որպեսզի իրեն չկասկածեին այդ գործում, Մելիքսեթյանը որոշել էր դիմել իր ծանոթներին, որոնք պետք է կազմակերպեին առևանգումը։ Առաջին հերթին նրան անհրաժեշտ էին վստահելի մարդիկ իրավապահ մարմիններում»,– ասել է աղբյուրը։

Որոշ ժամանակ խորհելուց հետո, «Կյաժը» որոշում է Աբրահամայանի առևանգումը վստահել իր ծանոթներից Արմեն Եփրեմյանին, որը ծանոթությունների լայն շրջանակ ուներ իրավապահ մարմիններում։

Եփրեմյանը համաձայնեց 60 հազար դոլարի դիմաց կազմակերպել Աբրահամյանի առևանգումը։ Այդ գումարից նա բաժին պետք է հաներ նաև իրավապահներին, որոնք էլ պետք է առևանգեին Յուրային։ Գործը պետք է գլուխ բերեին «Զուբրի» դասակի հրամանատարի տեղակալ Կոնստանտին Դոզորովին, ինչպես նաև Օսմկից իր հին ընկերներին՝ Սամվել Օսկանյանին և Սերգեյ Օտրակովսկուն։ Դոզորովն իր հերթին գործի մեջ մտցրեց «Զուբրի» աշխատակիցներ Անդրեյ Դեմիդենկովին, Ալեքսանդր Մալիշևին և Սերգեյ Կոտովին։ Երեմյանն իր 60 հազար դոլարից առևանգման կազմակերպման համար հատկացրեց 20 հազար դոլար։

Երկարատև նախապատրաստական աշխատանքներից հետո հանցախումբը սեպտեմբերի 23-ին մտնում է Աբրահամյանի բնակարան և առևանգում նրան։ Երկար ժամանակ Յուրային պահում են Մոսկվայի մարզի Լենինյան շրջանում։ Սակայն հանցագործներն այդպես էլ գլխագին չստացան։ Իրավապահներին հաջողվեց ձերբակալել հանցախմբի բոլոր անդամներին։ Իսկ «Կյաժին» հաջողվեց ձերբակալել միայն ամիսներ անց։

«Մելիքսեթյանը հայտնի քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դես Հասան) մերձավորներից է։ Կասկածներ կան այն մասին, որ նախքան ձերբակալությունը նա միացել է հակառակորդ խմբավորմանը և մասնակցել անցած տարի Ուսոյանի դեմ իրականացված մահափորձին»,– ասել է աղբյուրը։

Աղբյուրը տեղեկացրել է նաև, որ ժամանակին Եփրեմյանը 50 հազար դոլարի դիմաց նույն խմբի հետ միասին համաձայնել էր առևանգել հայ համայնքի հայտնի դեմքերից Հրաչիկ Արոնյանին, ով, ի դեպ, քրեական հեղինակություն «Կյաժի» որդու քավորն է։ Հանցավոր խմբին հաջողվել էր առևանգել Արոնյանին, սակայն չէր հաջողվել ստանալ գլխագին։

«Մոսկովսկիե նովոստին» գրում է, որ հիմա հանցագործները սպասում են դատարանի որոշմանը։ Իսկ ինչ վերաբերում է ՕՄՕՆ–ի աշխատակիցներին, նրանց նույնիսկ աշխատանքից չեն հեռացրել:

Tert.am

 

Դիտվել է 1386 անգամ:
Print Friendly

Leave a Reply