Որտե՞ղ է լավ Ռուբեն Հայրապետյանի համար
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | September 30, 2011 16:00
ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, օրերս հանդիպելով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, խոսեց ոչ միայն ֆուտբոլի, այլև քաղաքական կյանքում իր հետ կապված մի շարք իրադարձությունների մասին: Հակիրճ ներկայացնենք նրան ուղղված ուշագրավ հարցերը և պատասխանները:
– Ռուսական մամուլում հրապարակում է եղել, որ գաղտնի բանակցություններ եք վարում, որպեսզի հայկական որևէ ակումբ մասնակցի այդ երկրի առաջնությանը:
– Ես բազմիցս ասել եմ, որ երբ նման բաներ լսեք ինձնից կամ ֆուտբոլի ֆեդերացիայից, նոր տենց ագրեսիվ հետաքրքրվեք: Երբ որևէ երկրի մամուլ որևէ բան է գցում, սաղդ խառնվում եք իրար, ու չգիտես ինչի սկսվում ա աժիոտաժ: Եթե նման ծրագրեր լինեն, առաջինն ինձանից կլսեք: Ես տենց բաներից տեղյակ չեմ: Բայց նոր եմ վերադարձել Կիպրոսում կայացած ՈւԵՖԱ-ի կոնֆերանսից: ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին առաջարկեց եվրոպական երկրների ֆուտբոլի ֆեդերացիաներին միանալ, 1-2 թիմով մասնակցել այլ երկրների առաջնություններին: Մենք տվել ենք մեր համաձայնությունը, որ դա կօգնի: Արդեն խումբ է ստեղծվել, և քննարկվում է նախագիծ:
– Ի՞նչ հնարավորութուններ ունի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Դուրս կգա՞ եզրափակիչ փուլ:
-Իմ երազանքն է հավաքականին տեսնել Ուկրաինայում և Լեհաստանում կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում: Անելու ենք ամեն ինչ, որ հաջողության հասնենք: Բայց ֆուտբոլը խաղ է, կարող է և ինչ-որ բան չստացվի:
– Հաջողության դեպքում հավաքականին խոստացել եք 3 մլն Եվրո: Այդ փողը ձեր անձնակա՞ն միջոցներից եք տալու, թե՞ ֆեդերացիայի:
– Երբ գա պարգևի ժամանակը, բոլորդ կիմանաք, թե որտեղից է:
– Առաջիկայում Երևանում կայանալիք Հայաստանի և Մակեդոնիայի հավաքականների խաղից առաջ հնարավո՞ր է` տոմսերի մեծ պահանջարկ առաջանա, վերավաճառք կատարվի:
– Ես ի՞նչ գործ ունեմ` պայքարեմ վերավաճառքի դեմ: Դրա համար մեր երկրում կան հատուկ կառույցներ: Ո՛չ պատրաստվում եմ, ո՛չ էլ ցանկություն ունեմ պայքարելու վերավաճառողների դեմ: Կուզեք, ավելին իմացեք, ավելի լավ, թող վերավաճառեն: Մեր ազգը սիրում ա մնա տունը, քնի և վերջին օրը գա` տոմսեր գնելու: Վերավաճառքի դեմ երևի օրգանը պետք է պայքարի կամ հարկայինը: Ամբողջ աշխարհում դա լինում ա, հսկողությունն էլ բարդ ա:
– Ապրիլին դուք ասել եք,որ Ազգային ժողովը ձեր տեղը չէ: Այդ դեպքում ինչո՞ւ այժմ չեք հրաժարվում ԱԺ պատգամավորի մանդատից:
– Ձեզ տե՞նց ա պետք, հենց հիմա հրաժարվում եմ:
– Ավելի լուրջ:
– Ավելի լուրջ ասեմ: Մեծ հաճույքով հիմա կհրաժարվեի, բայց անիմաստ ա, որովհետև 2-3 ամիս ա մնացել: Պետությանը լրացուցիչ ծախսերի տակ գցելն անիմաստ ա: Չէ՞ որ նոր ընտրությունը պետության համար ուղղակի ֆինանսական ծախս ա: Դրա համար արժի՞, որ ես հրաժարական տամ, հեչ չարժի: Համբերեք էլի, կգնամ, ի՞նչ եք ուզում: Եթե որպես պատգամավոր ձեզ խանգարում եմ, չեմ լինի: Ես եմ ասել, որ դա իմ տեղը չի, և իրականում գտնում եմ, որ իմ տեղը ԱԺ-ն չի, իմ տեղն էնտեղ է, որտեղ ինձ ավելի լավ եմ զգում:
– Անկախության առիթով նորաթուխ շատ գործիչների մեդալներ հանձնեցին, բայց ձեզ չպարգևատրեցին: Ինչո՞ւ:
– Ինձանից մեծ պարգև` անկախության, Ղարաբաղի անկախության հետ կապված, էս երկրում ո՞վ է ստացել. ազգային ու երիտասարդական հավաքականները 4 խաղում 12-ից 10 միավոր են վաստակել: Դրանից մեծ պարգև եմ ես ուզո՞ւմ:
– Խոսքը նախագահի գնահատականի մասին է:
– Իսկ նախագահը վերջին խաղից անմիջապես հետո զանգահարել ա և ասել, որ հավաքականի տղաները հերոսներ են: Դրանից երջանիկ բան կարո՞ղ էի սպասել որպես ֆեդերացիայի նախագահ, որպես քաղաքացի և մարդ: Ինչ-որ մեդալ պետք է կախեն իմ դոշին, որ ինձ լավ զգա՞մ:
– «Հայկական ժամանակ» թերթի դեմ բողոք ունեք դատարանում: Ցանկանում եք սնանկացնե՞լ: Որպես փոխհատուցում գումարը ստանալու դեպքում ի՞նչ եք անելու այն:
– Ծանր մեղադրանքներ են վերագրվել ինձ` նարկոբիզնես, մարդկանց, զենքի առուվաճառք: Նման հոդվածների համար մինիմում գնդակահարություն է: Գրում են, որ ես ծեծել եմ ոստիկանապետին: Դիմում եմ իրենց, ասում, որ նման բան չկա, հերքում տվեք, չեն տալի: Դիմել ենք դատարան: Բոլորին է հայտնի, թե զենքի, զինամթերքի վաճառքով ովքեր են զբաղվել. Լևոն Տեր-Պետրոսյանը և իր ոհմակը: Նարկոտիկով ովքեր են զբաղվել… Գնացեք Ավանում հարցրեք, թե ոնց եմ վարվում նարկոմանների, հաշիշ վաճառողների հետ։
– Դուք նրանց հայտնաբերո՞ւմ եք:
– Ես ի՞նչ է, ոստիկա՞ն եմ, որ հայտնաբերեմ:
– Կոնկրետ ի՞նչ եք անում:
– Կանչում եմ, զրուցում, ասում, որ դուք շատ վատ արարք եք անում: Չգիտե՞ք` ես ինչ պետք է անեմ, պիտի պատժեմ, ծեծեմ, թե՞ մտածում եք խուսափելու եմ: Որ ասեմ` ջութակ կնվագեմ, այդ ժամանակ զարմացեք: Իսկ դատական կարգով ստանալիք գումարն օգտագործելու համար տարբեր տեղեր կան: Կարելի է տալ ծերանոցներին, մանկատներին: Ինչո՞ւ չէ, նաև Կարապետ Միքայելյանին, որ այսօր գումարի կարիք ունի, որ սիրտը վիրահատեն:
– Ի՞նչն է պատճառը, որ ձեզ չեն սիրում:
– Ինչի՞ ա պետք, որ բոլորն ինձ սիրեն: Մարդիկ կան, որ ինձ հարգում են, մյուսներն ընդունում են որպես մարդ, սպորտի ղեկավար, ոմանք էլ ատում են: Էնքան ուրախ եմ, որ ատում են: Եվ ուժ են տալիս ինձ, միտք, որ ավելի լավ աշխատեմ, սխալներ թույլ չտամ, ավելի նվիրված լինեմ իմ գործին: Ես ինձ պատգամավոր չեմ համարում: Խոսքը սպորտի, ֆուտբոլի, բիզնեսի մասին է:
– Իսկ ձեզ ատողներին պատժո՞ւմ եք:
– Ոչ, ասում եմ` ապրեք, շարունակեք, այ տենց:






Facebook
Tweet This
Email This Post
