Սուղ ֆինանսներ, բայց իրատեսական հնարավորություններ
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | October 2, 2011 14:19
Հոկտեմբերի 2-18-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կանցկացվի մարմնամարզության աշխարհի 45-րդ առաջնությունը: Այն վարկանիշային է «Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերի համար: Ստուգատեսին նախապատրաստվում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Սպասելիքներ կան, որ ի վերջո տևական ընդմիջումից հետո թեկուզ Հայաստանի մեկ մարմնամարզիկ հանդես կգա օլիմպիական խաղերում:
Փաստն այն է, որ մեր երկրում մարմնամարզությունը կրկին սկսել է վերելք ապրել: Այս տարի ակնառու հաջողություններ ունենք: Հարություն Մերդինյանը նժույգաթափերում 3-րդ մրցանակակիր է դարձել Գերմանիայի Բեռլին քաղաքում ապրիլին կայացած Եվրոպայի առաջնությունում: Արթուր Դավթյանն էլ բազմամարտում 22-րդ հորիզոնականում է հայտնվել, որը երիտասարդ մարմնամարզիկի համար լավ արդյունք է: Պենզայում կայացած երիտասարդ մարմնամարզիկների ԱՊՀ երկրների բաց առաջնությունում Վահան Վարդանյանը բազմամարտում ճանաչվել է բացարձակ հաղթող: Այս հաջողությունները հույսեր են ներշնչում, որ մերոնք լավ հանդես կգան առաջիկա աշխարհի առաջնությունում, և այդ սպասելիքներն իրատեսական են:
Ընդ որում, Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան ավելի է բարդացրել օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու խնդիրը, նոր փոփոխություններ են կատարվել: Նախկինում օլիմպիական ուղեգրերի հարցը վճռվում էր մեկ մրցման ժամանակ` աշխարհի առաջնությունում: Այժմ աշխարհի առաջնությունում բացահայտվում են ուղեգրերի հավակնորդները, որոնք պետք է իրենց բարձր կարգը հաստատեն նաև 2012-ի հունվարի 10-ին Լոնդոնում մեկնարկելիք միջազգային մրցաշարում: Դրանից հետո միայն պարզ կդառնա, թե ովքեր են մեկնելու օլիմպիական խաղերի մայրաքաղաք: Իսկ աշխարհի առաջնության մասնակիցներից օլիմպիական ուղեգրի կարժանանան միայն մրցանակակիրները:
Աշխարհի նախորդ առաջնությունում 27-ամյա Մերդինյանը նժույգաթափերում 6-րդ տեղ է գրավել: Այսինքն` նա ի վիճակի է կատարելու առաջադրանքը: Բացի այդ, Հարությունը պետք է մասնակցի նաև բազմամարտիկների մրցավեճին: 19-ամյա Արթուր Դավթյանն էլ բազմամարտում է ուժերը չափելու: 23-ամյա Վահագն Դավթյանը կլինի մեր երկրի երրորդ մասնակիցը: Նա 2010-ին մեծահասակների Եվրոպայի առաջնությունում օղակների վրա վարժություններում 4-րդն էր:
Ուշագրավ է, որ աշխարհի առաջնությունում Հայաստանը մասնակից է ունենալու նաև մարմնամարզուհիների մրցաշարում: Այդ պատիվը վստահվել է Հուռի Գեբեշյանին: Առաջին անգամ է, որ նա ընդգրկվել է մեր երկրի հավաքականի կազմում: Մարմնամարզուհին 22 տարեկան է, որպես մարմնամարզուհի լավ տվյալներ ունի, բնակվում և մարզվում է ԱՄՆ-ում` Բոստոնում: Նրա մարզիչը լիտվացի է: Նա մասնակցել է ԱՄՆ-ի առաջնություններին, սակայն ակնառու հաջողությունների չի հասել, քանի որ ԱՄՆ-ում մարմնամարզության մակարդակը բարձր է, ուժեղները շատ են: Բավական է միայն այն փաստը, որ մարմնամարզուհիների ԱՄՆ-ի հավաքականը աշխարհի չեմպիոն է: Չի կարելի ասել, թե մեր մարզիչները փակ աչքերով են նրան ընդգրկել Հայաստանի հավաքականում: Այդ մարզուհին եղել է Երևանում, մեր երկրի մարմնամարզուհիների հավաքականի գլխավոր մարզիչ Եղիսաբեթ Չաթրջյանը ծանոթացել է նրա հնարավորություններին, պարապմունքներ անցկացրել: Նա էլ Գեբեշյանին մրցման կհանի աշխարհի առաջնությունում: Ի դեպ, Հուռին ԱՄՆ-ից է գնալու մրցավայր և ուժերն է չափելու բազմամարտում:
Ինչ վերաբերում է մեր երկրի երեք մարմնամարզիկներին, ապա նրանց մրցասպարեզ կհանի մարզիչ Սոս Սարգսյանը: Բանն այն է որ մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը միջազգային մրցավար է և ընդգրկված է լինելու առաջնությունը սպասարկող մրցավարների խմբում: Ինչ խոսք, դա կարևոր հանգամանք է, որպեսզի մեր երկրի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակ մրցավարները կողմնակալություն չդրսևորեն:
Հետաքրքիր է, թե ինչու են Հայաստանի մարմնամարզիկները բազմամարտում հանդես գալու: Սերոբյանը պարզաբանեց, որ ըստ սահմանված նոր կարգի` այժմ չի թույլատրվում միայն բազմամարտի մեկ մրցաձևում հանդես գալ: Ներկայումս ամեն մասնակից պետք է բազմամարտի առնվազն երեք մրցաձևում ուժերը չափի: Նախկինում մարմնամարզիկը կարող էր մեկ մրցաձևում մրցանակակիր դառնալ և տիրանալ օլիմպիական խաղերի ուղեգրի: Բայց աժմ դա բացառվում է:
Մասնավորապես Վահագն Դավթյանը կարողություններն է փորձելու օղակների վրա, ազատ վարժություններում, հենացատկերում: Պահանջվում է առնվազն միջին գնահատական ստանալ: Հնարավոր է` նա մրցանակակիր դառնա որևէ մրցաձևում, բայց եթե մյուսներում ցածր արդյունքներ ցույց տա, օլիմպիական խաղերի ուղեգրի հույս ունենալ չի կարող:
Հետաքրքիր է, թե Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն իր սաներից հատկապես որ մրցաձևերում շատ ավելի սպասելիքներ ունի: «Մերդինյանից լավ արդյունք է ակնկալվում իր նախասիրած մրցաձևում` նժույգաթափերում: Վահագն Դավթյանն էլ հույսեր է ներշնչում օղակների վրա վարժություններում: Արթուր Դավթյանն ուժեղ է հենացատկերում, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն է, սակայն մեծահասակ մարմնամարզիկների հետ պայքարում նա շանսեր չունի: Փոխարենը` Արթուրը մեծ հնարավորություններ ունի բազմամարտում: Իսկ աշխարհի առաջնությունում մեր նպատակն է, որ Հայաստանի ներկայացուցիչներն իրավունք ստանան հաջորդ փուլում պայքարը շարունակելու օլիմպիական ուղեգրերի համար»,- ասաց Սերոբյանը:
Դժվար է գուշակել, թե ինչ կստացվի: Օրինակ` Մերդինյանը պատրաստականության բարձր մակարդակ ունի նժույգաթափերում, սակայն նժույգը խարդավանքներ ունեցող մարզագործիք է, վարժությունների կատարման ժամանակ սայթաքելու հավանականությունը մեծ է, այդ է պատճառը, որ հավաքականի գլխավոր մարզիչը նրան համարում է նաև բազմամարտի օլիմպիական խաղերի ուղեգրի իրատեսական հավակնորդ: «Խնդիր է դրվում, որ Մերդինյանը հիմնականում լավ մասնակցի նժույգի վրա մրցումներին: Իրավունք չունենք մարմնամարզիկին գերծանրաբեռնել, ավելի բարդացնել նրա մյուս մրցաձևերի ծրագրերը: Եթե Հարությունը հանկարծ նժույգի վրա սայթաքի, ապա կփորձի բազմամարտում վարկանիշային երկրորդ մրցաշարին մասնակցելու իրավունք ստանալ: Այդ դեպքում, հետագայում հիմնական ուշադրությունը կդարձվի միայն նժույգաթափերի վարժությունների կատարման կայունացմանը, որպեսզի հունվարին կայանալիք միջազգային մրցաշարում զարգացնի հաջողությունը և օլիմպիական խաղերի ուղեգրի տիրանա»,- ասաց Սերոբյանը:
Կան խնդիրներ: Ֆինանսական միջոցները սուղ են, բարձր են ինքնաթիռի տոմսերի գները: Նույնիսկ ոչ միայն դրսում, այլև Հայաստանում ուսումնամարզական հավաք կազմակերպելու հնարավորություն չի եղել: Մինչդեռ մեր երկրում եղած մարզագործիքներն արդեն հնացել են, մաշվել: Իրավիճակը բարդ է այն առումով, որ Ճապոնիայում մերոնք առաջին անգամ են մրցման մասնակցելու: Այդուհանդերձ, Հայաստանի տղամարդկանց հավաքականի գխավոր մարզիչն այն կարծիքին է, որ 90 տոկոսով Հայաստանը ներկայացուցիչ կունենա օլիմպիական վարկանիշային հաջորդ մրցաշարում: Ընդ որում, նա կարծում է, որ հատկապես Մերդինյանը և Արթուր Դավթյանն այդ հարցում որևէ խնդիր չպետք է ունենան: Ի դեպ, եթե Լոնդոնում կայանալիք մրցաշարում մեր երկրի երկու ներկայացուցիչ լրացնի օլիմպիական վարկանիշը, միայն մեկը կարող է մասնակցել «Լոնդոն 2012» խաղերին: Ընդ որում, բազմամարտի ուղեգիրն անվանական չէ: Իսկ առանձին մրցաձևերում, եթե վարկանիշը լրացնող լինի, կարող ենք ևս մեկ մասնակից ունենալ:






Facebook
Tweet This
Email This Post
