«Ճաշն ուրիշով փոխարինել հնարավոր է, թմրամոլ թոռանը` ոչ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | October 4, 2011 12:00

81-ամյա Սարիբեկ Հովհաննիսյանն այսուհետ իր հողամասում կանեփ չի  աճեցնի. աչքը վախեցած է: Վերջերս ոստիկանները «կանեփ-կակաչ» համալիր միջոցառման շրջանակներում այցելել են նաև 81-ամյա պապիկի հողամաս, որտեղ և գտել են մոտ 10 թուփ կանեփ: Վնասակար բույսն արմատախիլ են արել` վնասելով նաև կարտոֆիլն ու լոբին. «Թմբները ոտնատակ են տվել: Էդ կանեփն իրան-իրան ա աճում, հո հատուկ չեմ ցանում, մշակում»,- ասում է Հովհաննիսյանը:

Սարիբեկ պապը միայնակ թոշակառու է. ժամանակին հրաշքով փրկվել է Բաքվից ու բնակություն հաստատել Մարտունիում: Կնոջ մահվանից հետո ապրում է մենակ, գոյատևում է կենսաթոշակով և 400 մետր հողամասից ստացված բերքով: Չնայած տարիքին` հողը Սարիբեկ պապն ինքնուրույն է մշակում:

«Իրիկունը որ ոստիկանները փողոց դուրս գան, լավ էլ կհասկանան, թե ով է թմրամոլ, ով ոչ: Էդ կանեփը ճաշի մեջ էի օգտագործելու»,- ասում է նա:

Ահը սրտում կանեփ մշակե՞լ, թե՞ հրաժարվել դարերից եկող ավանդույթներից ու կերակրատեսակներից: Ամեն տարի Մարտունու տարածաշրջանի բնակիչները նման երկընտրանքի առջև են կանգնում:

Կանեփի մշակումն արգելված է, քանի որ  այն թմրեցնող ազդեցություն ունի և կարող է որպես թմրանյութ կիրառվել: Մյուս կողմից` կանեփով բազմաթիվ ազգային կերակրատեսակներ են պատրաստվում, որոնք աստիճանաբար մոռացության են մատնվում կանեփի մշակման արգելքի պատճառով: Նման կերակրատեսակներից է, օրինակ, կանեփով տոլման, աղանձը, կանեփով բորշը, հատիկը, որը պատրաստում են երեխաների ատամհատիկի ժամանակ  և այլն:

Կանեփի մշակման արգելքը շրջանցողներից է 73-ամյա Հայկանուշ տատը: Նրա խոսքով` միշտ մշակել և մշակելու է կանեփ. «Մերը մի քիչ խուլ անկյուն ա, ոստիկաններ չեն գալիս: Բայց որ գան բռնեն էլ, մեկ է, մշակելու եմ: Բա ձմռանը գոնե մի անգամ կանեփով ճաշ չեփե՞մ»: Տատը նշում է, որ տարիներ առաջ կանեփ շատ է մշակել: Այն ժամանակ կանեփից բազմաթիվ կերակրատեսակներ էին պատրասում, ինչը հիմա չեն անում. «Համ ուտող չկա, համ էլ էդքան կանեփ չկա, հազիվ 1-2 անգամ կանեփով տոլմա եմ եփում»: Մեկ անգամ եփելու համար հարկավոր է 1-2 կգ կանեփ:

Հայկանուշ տատը պատմում է, որ նախկինում հարևաններն էլ շատ էին մշակում, բայց հիմա վախենում են: Հարևաններից մեկին կանեփ մշակելու համար  ոստիկանություն կանչելը բավարար է, որ ողջ թաղամասում  մի քանի տարի էլ կանեփ չմշակեն: «Մեկ էլ ձմռանը կգան, թե Հայկուշ տատ, մի ճաշի կանեփ տուր: Եթե լինում է, տալիս եմ, չէ` գնում են թանկուկրակ առնում»:

Ըստ ոստիկանության տվյալների` 2009-ին Հայաստանում բացահայտվել և ոչնչացվել է 105,488 տոննա կանեփ, իսկ 2010-ին` 104,8 կգ: 2011-ի տվյալները դեռևս ամփոփված չեն:

Եթե կանեփը որպես մշակաբույս արգելված է, ապա կանեփի հատիկների վաճառքի մասին նույնը ասել չի կարելի: Շուկայում սովորաբար կանեփի հատիկների գինը տատանվում է 1200-2000 դրամի միջև:

Մաքսային ծառայությունից «Անկախին» հաղորդեցին, որ վերջին երեք տարվա ընթացքում Հայաստան կանեփ չի ներկրվել: Այս դեպքում հարց է առաջանում, թե արգելված մշակաբույսի պտուղները որտեղի՞ց են ի հայտ գալիս և անարգել վաճառվում շուկայում:

Գեղարքունիքի մարզի Մարտունու ոստիկանության բաժնի պետ Գուրգեն Գինոյանի խոսքով` հնարավոր չէ ամբողջությամբ վերացնել կանեփը:  Շուկայում հայտնվում է ոստիկանների աչքից վրիպածը:  Նա նշում է, որ ամեն տարի բնակիչներին զգուշացնում են, որ կանեփ չմշակեն, կանեփ-կակաչ միջոցառման ժամանակ էլ շրջում են բնակավայրերով ու ոչնչացնում արգելված մշակաբույսը: «Հասկանում եմ, որ շատերը կանեփը  օգտագործում են սննդի մեջ, բայց ոմանք էլ` որպես թմրանյութ,- ասում է Գինոյանը:- Մի թուփը հերիք է թմրամոլության համար, դրանից մի ողջ համայնք կարող է թունավորվել: Այնպես որ`  քիչ ունենալն արդարացում չէ»:

Անդրադառնալով ազգային կերակրատեսակների մոռացության խնդրին` Գինոյանը նշում է. «Առանց կանեփով կերակրատեսակների մարդիկ սոված չեն մնա, այլ ճաշերով կփոխարինեն: Բայց թմրամոլ դարձած երեխային կամ թոռանը ուրիշով  փոխարինել հնարավոր չէ: Արգելքը միանշանակ արդարացված է»:

Ոստիկանապետը հավելում է, որ մնում է` հարցի կարևորությունը գիտակցեն նաև շարքային քաղաքացիները և ինքնակամ հրաժարվեն կանեփի մշակումից:

Թե յուրաքանչյուր մարդու դեպքում կշեռքի նժարը որ կողմ կթեքվի, անհատական ընտրության հարց է: Սակայն փաստ է, որ թմրամոլության դեմ պայքարում  կորսվում են ազգային խոհանոցի բաղադրատոմսեր, մինչդեռ հարց է, թե կանեփի բացակայությունը որքանով կնպաստի թմրամոլության ծավալների կրճատմանը:

 

 

 

Դիտվել է 1538 անգամ:
Print Friendly

Leave a Reply