Վարկ մի՛ վերցրու, քեզ կուտի
Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | ankakh | September 30, 2011 7:04
Հայաստանում առևտրային բանկերի կողմից տրամադրվող բիզնես վարկերը զարգացում չեն ապահովում: Պատճառը մի քանի առանձնահատկություններ են, որոնք բնորոշ են մեր բանկերին: Նախ` գրավադրվող գույքը պատշաճ չի գնահատվում, երկրորդ` գրավի դիմաց գնահատված արժեքի միայն մի մասի չափով է գումար հատկացվում, երրորդ` բիզնես վարկերի տոկոսադրույքները բիզնեսի համար իսկական պատուհաս են դառնում:
«Ընդհանրապես, առանց վարկերի, այսօր որևէ բիզնեսմեն առաջ գնալ չի կարող, որովհետև ոչ ոք այդքան կանխիկ փող չի ունենա: Բայց վարկ վերցնելը Հայաստանում մեծ ռիսկերի հետ է կապված: Ես արդեն երրորդ անգամ վարկ եմ վերցնում: Իհարկե, իմ բնավորությունն այնպիսին է, որ կարողանում եմ այդ վարկի տակից դուրս գալ, շատ արագ ուզում եմ ազատվել այդ բեռից, բայց վարկ վերցնելը, ամեն դեպքում, շատ ռիսկային է: Հայաստանում տոկոսադրույքներն են բարձր: Նորմալ երկրներում այսօր բիզնեսի զարգացման համար տրամադրվող վարկերը 4-8 տոկոս տոկոսադրույքով են: Իսկ Հայաստանում հենց այն բանկը, որի հետ ես համագործակցում եմ, ինձ` որպես լավագույն հաճախորդերից մեկի, վարկը տրամադրում է 14 տոկոս տոկոսադրույքով, ու այդ տոկոսադրույքն արդեն իսկ ռիսկային է: Եթե այդ փողը կարողանաս 2-3 անգամ շրջանառության մեջ դնել, մի քիչ կշահես: Բայց եթե բիզնեսդ այնպիսին է, որ այդ գումարն ընդամենը մեկ անգամ կարող ես շրջանառության մեջ դնել, հիմնականում ձեռնտու չէ: Իհարկե, կան բիզնեսի այնպիսի տեսակներ, որ կարճ ժամանակում հնարավոր է մի քանի անգամ շրջանառության մեջ դնել ու շահույթ ստանալ, բայց դրանք քիչ են:
Դրան գումարած, բոլոր բանկերն իրենց ապահովության համար համապատասխան գրավ են պահանջում: Գրավի գնահատված արժեքի 60-70 տոկոսի չափով էլ գումար են տրամադրում»,- նշում է «Գեպոտանիք» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վարդան Գևորգյանը:
Իհարկե, վարկի բեռի տակից դուրս գալու հնարավոր եղանակներ էլ կան: Օրինակ` այդ վարկի գումարը վերածում ես ապրանքի: Դա նույնպես ռիսկային է, բայց այդ դեպքում գոնե ապրանք ես ունենում և ծայրահեղ դեպքում, երբ վարկը մարելու ժամկետը լրանում է, ու քո ծրագրերը դեռ չես հասցրել իրագործել, կարող ես այդ ապրանքը վաճառել ու մարել վարկը: Սակայն այդ դեպքում էլ չես հասցնում ապրանքը վաճառել, նոր ապրանք բերել ու ցիկլը շարունակել: Բայց եթե այդ վարկը լինի ավելի երկարատև, ու տոկոսադրույքներն էլ ցածր լինեն, հնարավոր է շահույթ ստանալ: Հակառակ դեպքում կա՛մ տանուլ ես տալիս, կա՛մ, եթե այդ վարկի գումարը ապրանքի ես վերածել, կարող ես վաճառել ու զրոյի վրա կանգնել` առանց աճ արձանագրելու: Այս մեխանիզմը նշեցին մի քանի գործարարներ և հավաստիացրին, որ այդ դեպքում կարող է ծաղկել միայն առևտուրը, բայց ոչ երբեք արտադրությունը և արդյունաբերությունը:
«Ես այսօր բիզնեսս ընդլայնելու մեծ ծրագրեր ունեմ: Բայց դա հնարավոր կլինի, եթե պետությունն ինձ ցածր տոկոսներով վարկեր տրամադրի: Այդ դեպքում կարող եմ նոր տեխնոլոգիաներ ներդնել, նոր արտադրամասեր կառուցել, նոր տեխնիկա ներդնել այդ արտադրամասերում ու, բնականաբար, նոր աշխատատեղեր բացել: Եթե ինձ 4-5 տոկոսով վարկեր տրամադրեն, կարող եմ այդ ամենն անել, որովհետև ռիսկը փոքր կլինի: Իսկ եթե վերցնեմ 14 տոկոս տոկոսադրույքով վարկ, այդ միջոցներով արտադրություն հիմնեմ, ամենաքիչը մեկ-երկու տարի պետք կլինի արտադրամաս կառուցելու, հոսքագծեր մոնտաժելու, տեխնոլոգիաներ ներդնելու համար, այսինքն` երկու տարի հետո միայն կկարողանամ արտադրանք թողարկել ու չեմ հասցնի ներդրածս վերականգնել: Իսկ այսօրվա պայմաններով ես կարողանում եմ միայն աշխատողների աշխատավարձերը տալ, հարկերն ու տուրքերը վճարել, անհրաժեշտ ծախսերը կատարել, վարկի տոկոսագումարները մարել, ու ամսվա վերջին կարող է նաև պարզվել, որ «կա՛մ կա, կա՛մ չկա» տարբերակն է գործում»,- պարզաբանեց Վարդան Գևորգյանը:
Հայաստանում, իհարկե, կան բիզնեսներ, որտեղ հնարավոր է միանգամից գումարներն արագ շրջանառության մեջ դնել` ապրանքներ գնել-վաճառել ու շահույթ ստանալ: Բայց դրանք արտոնյալ ու մենաշնորհ ունեցող բիզնեսներն են: Իսկ այն բիզնեսները, որտեղ պետք է շատ ծանր աշխատանքներ կատարել, չարչարվել, արդեն ռիսկային են: Օրինակ` հայացք գցենք գյուղատնտեսության և ագրովերամշակման ոլորտին:
«Վարկերի պայմանները մեր ոլորտում, կարելի է ասել, նորմալ են, բայց լավ չեն: Մի քանի վատ երևույթներ կան, որոնցից գլխավորն այն է, որ գյուղացուն` գյուղատնտեսությանը վարկեր տրամադրելիս բանկերը որպես գրավ դրվող անշարժ գույքը շատ ցածր են գնահատում: Բանկիրները դա բացատրում են գյուղատնտեսության բարձր ռիսկայնությամբ և ասում են, որ եթե պետությունը երաշխավորի, որ գրավադրված գույքը հարկ եղած դեպքում բանկից կգնի իրական արժեքով, ապա իրենք պատրաստ են այդ գույքն ինքնարժեքով գնահատել: Բայց ահա գալիս է նաև երկրորդ վատ երևույթը, որ նույն բարձր ռիսկայնության պատճառաբանությամբ նաև վարկերի տոկոսադրույքներն են բարձր սահմանում: Դա նորմալ չէ, քանի որ մեկ անգամ արդեն այդ պատճառաբանությամբ միջոցներ ձեռնարկել են` ցածր գնահատելով գրավադրվող անշարժ գույքը: Դա արդեն արդյունավետ չի դարձնում վարկեր վերցնելը»,- ասաց ագրովերամշակող «Կոնսեր» ընկերության հիմնադիր տնօրեն Համլետ Ավագյանը:
Նա ավելացրեց նաև, որ բիզնեսն արագ կզարգանա միայն երկարաժամկետ ու ցածր տոկոսադրույքներով վարկերի ներգրավման դեպքում: Իսկ հայաստանյան բանկերում բիզնեսի վարկավորման համար տրամադրվող վարկերը հիմնականում սկսում են տարեկան 12% տոկոսադրույքից և հասնում մինչև 24%-ի: Թե այդ դեպքում ինչն է զարգանում, գործարարները դժվարանում են ասել, բայց նրանք համոզված են, որ բիզնեսը, հատկապես` արտադրության ոլորտը, հաստատ չի կարող զարգանալ:
Գևորգ ԱՎՉՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
