Ինչպե՞ս է գույնն ազդում տրամադրության ու առողջության վրա
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | September 30, 2011 7:02
Դեռ մեծն Գյոթեն է նկատել, որ դեղինը պայծառ զգացումներ, կապույտը` սառը, մանուշակագույնն ինչ-որ անուրախ, իսկ կարմիրը տպավորությունների մի ողջ գամմա է ծնում: Հայտնի է, որ գույնն ազդում է տրամադրության, ինքնազգացողության ու, վերջին հաշվով, նաև առողջության վրա:
Գույնն ու առողջությունը
Դեռևս հնագույն քաղաքակրթությունների ժամանակ գույները կիրառում էին բուժման նպատակով: Այսպես. Հին Եգիպտոսի տաճարներում հատուկ սենյակներ կային, որտեղ արեգակի ճառագայթները բեկվում էին ու գունապնակի տարբեր երանգներ առաջացնում: Մարդը բառացիորեն լողում էր այդ գույների մեջ: Մեթոդը կոչվում էր ռաթերապիա: Մեր օրերում դրան փորարինելու է եկել քրոմաթերապիան, որն ուսումնասիրում է գույնի ազդեցությունը մարդու առողջության վրա: Այսպես`
Կարմիրը խթանում է նյարդային կենտրոնները, ուղեղի ձախ կիսագունդը և լիցք է հաղորդում լյարդին ու սրտին: Այն կիրառվում է սակավարյունության, բրոնխիալ ասթմայի, թոքաբորբի, ներզատիչ համակարգի հիվանդությունների, հոդաբորբի, աչքի ցանցաթաղանթի ու շլաչքության դեպքում:
Կարմիրը հակացուցված է ջերմատենդի, նյարդային գրգռվածության, արյան բարձր ճնշման, բորբոքային պրոցեսների դեպքում: Հետաքրքրական է, որ այն վատ ազդեցություն է ունենում նաև վառ կարմրահերների վրա:
Դեղինն ու կիտրոնագույնն ակտիվացնում են շնչառական կենտրոնները, վերականգնում մկանային էներգիան, խթանում ու մաքրում լյարդը, աղիքները, մաշկը: Օժտված են լեղամուղ ու թուլացնող հատկությամբ: Դեղինը բերկրանքի ու սեքսուալության գույնն է: Կիրառվում է շաքարային դիաբետի, մարսողական խանգարումների, լեղապարկի թերֆունկցիայի բուժման ու աղիքների աշխատանքի կարգավորման համար: Ակնաբուժության մեջ այն կիրառվում է շլաչքությունը, թույլ տեսողությունը, ցանցաթաղանթի աչքի անոթները բուժելու նպատակով: Չի կարելի դեղինը օգտագործել բարձր ջերմության , նևրալգիաների, գերգրգռվածության, բորբոքային ու տեսողական հալյուցինացիաների ժամանակ:
Կանաչը վերացնում է անոթների սպազմն ու իջեցնում արյան բարձր ճնշումը: Լայնացնում է մազանոթներն ու նպաստում բարձր տրամադրությանը: Ուստի այն կիրառվում է սրտանոթային հիվանդությունների, ասթմայի, օսթեխոնդրոզի, իմպոտենցիայի ու անքնության ժամանակ: Հաջողությամբ կիրառվում է գլաուկոմայի, աչքի ցանցաթաղանթի ու տեսողական նյարդի բուժման համար:
Կապույտը ընդհակառակը` նպաստում է անոթների սպազմին, բարձրացնում արյան ճնշումը: Ունի հակամանրէային ազդեցություն: Այն կիրառում են սենյակն ախտահանելու, ականջի, քթի ու կոկորդի, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում: Իսկ այդ գույնի երկար ազդեցությունից առաջանում է հոգնածություն ու դեպրեսիա:
Մանուշակագույնը խթանում է վահանաձև գեղձի աշխատանքը, լեղապարկի ֆունկցիան, բարձրացնում է մկանային տոնուսը: Մնացած դեպքերում այն գործում է կապույտի պես:
Գույնն ու տրամադրությունը
Հագուստ գնելիս կամ բնակարանը կահավորելիս մենք նախընտրում ենք այս կամ այն գույնը: Ունենք սիրելի ու չսիրված գույներ: Հոգեբանները հավատացնում են, որ դա հենց այնպես չէ: Բնավորությունն ու տրամադրությունը ոչ միշտ են համընկնում:
Երբեմն հագուստ ընտրելիս, չգիտես ինչու, ընտրում եք ձեզ «անհարիր», այլ գույն: Որոշ ժամանակ անց հասկանում եք, որ իզուր եք փող ծախսել ու աշխատում եք ազատվել նոր ձեռքբերումից: Հոգեբաններն այդ երևույթը բացատրում են «տրամադրությունը փոխելու» չգիտակցված ցանկությամբ: Գիտնականներն առաձնացնում են հիմնական գույներ, որոնք մարդու հոգեբանական տրամադրվածությունն են որոշում:
Կարմիրը կամքի ուժի, ակտիվության ու ագրեսիվության, ինչպես նաև անկախության, շարժունության գույնն է: Այն կյանքը լցնում է կրքով ու ցանկություններով: Եթե կենցաղը ձեզ ճնշում է կամ աշխատանքը խեղճացրել է, օգտվեք այդ գույնից: Եթե հուզված եք, նյարդային, ապա կարմիրը ավելի կսրի ձեր վիճակը:
Նարնջագույնը լավատեսության գույնն է, սրտաբացության, իմպուլսիվության ու համառության: Այս գույնը նախընտրողները լավ ընկերներ են, միշտ պատրաստ օգնության:
Վարդագույնը կանացիության ու քնքշության գույնն է:
Դեղինը արևի լույսի, բերկրանքի ու հույսի գույնն է: Այս գույնը նախընտրում են կենսուրախ, նպատակաուղղված, ակտիվ ու էքսպանսիվ մարդիկ: Դեղին կրող մարդը բարեկամ է, ինքնավստահ, կարողանում է գումար վաստակել: Այս գույնն օգնում է պահպանել կառուցվածքը:
Կանաչը վկայում է մտքի ճկունության, դատելու, իրավիճակը գիտակցելու ունակության մասին: Խորհրդանշում է ֆինանսական բարեկեցություն ու բարգավաճում: Վառ կանաչը երիտասարդացնում է: Կանաչի նկատմամբ անհանդուրժողականությունը մատնում է անձի դժգոհությունը զգացմունքային վիճակից:
Երկնագույնը խաղաղության ու ճշմարտության գույնն է: Այս գույնը նախընտրողները կարող են բավական փափուկ ասել ճշմարտությունը ու միշտ էլ ճիշտ են հասկացվում: Երկնագույնի նկատմամբ սերը խոսում է բարձր ինտելեկտի մասին: Այս գույնի բնույթը զսպվածությունն է ու թեթևակի սառնությունը: Իսկ եթե գեր եք, խուսափեք այս գույնից:
Կապույտը պասիվ ու զգացմունքային մարդկանց գույնն է, որոնք սիրում են կարգուկանոն ու մաքրություն: Հանգստությունը նրանց համար վեր է ամենից:
Մանուշակագույնը վերամբարձության ու խորհրդավորության գույնն է: Այս գույնը նախընտրողները ստեղծագործող են, ձգտում են բոլորին հմայել: Իսկ եթե դա նրանց չի հաջողվում, ապա դառնում են քմահաճ ու պոռթկուն:
Շագանակագույնը պահպանողականության խորհրդանիշն է, որը կայունություն, ամեն ինչում զսպվածություն ու համեստություն է խորհրդանշում: Այս գույնը նախընտրողները գերազանց աշխատողներ ու գործընկերներ են, որոնց միշտ կարելի է վստահել:
Սպիտակը մաքրության, ողջախոհության ու հոգեկան հավասարակշռության գույնն է, սակայն դրանով տարվել չարժե, քանի որ այն կարող է ներփակության ու վերացականության մղել:
Մոխրագույնը գործնական գույն է: Այն կրողը ուժեղ բնավորության տեր է, համբերատար ու աննկուն: Գերադասում է հսկել զգացմունքները, ձգտում է կայունության:
Սևը «ճակատագրական կնոջ», եսակենտրոնության ու անողոքության գույնն է: Սակայն նորաձևության աշխարհում այն կարծիքն է իշխում, որ սևը էլեգանտության ու լավ ճաշակի նշան է:
Այսպես, ուրեմն, կրկին ու կրկին` աշխարհում ամեն ինչ իմաստ ունի ու ոչինչ հենց այնպես չի լինում:






Facebook
Tweet This
Email This Post
