Արյունահոսություն` քթից
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | October 7, 2011 6:01
Մեզանից յուրաքանչյուրի կյանքում թեկուզ մեկ անգամ քթից արյուն է եկել: Հիմնականում արյուն է գալիս քթի խոռոչի առաջնային հատվածներից: Այդ երևույթը հազար ու մի պատճառ ունի, որոնք երբեմն զանազան հիվանդություններ են մատնանշում: Դրանցից են`
– Արյան մակարդելիության խանգարում, հեմոռագիկ դիաթեզ:
– Վիտամինային անբավարարություն, առաջին հերթին C վիտամինի պակաս: Այդ երևույթի հետ նաև անոթների փխրունություն է առաջ գալիս և քթից արյունահոսում է նույնիսկ աննշան վնասվածքների դեպքում:
– Գերհոգնածություն, սթրես, անքնություն:
– Քթի խոռոչի լորձաթաղանթի չորություն, որը կարող է կապված լինել նաև մասնագիտության կամ էլ ժառանգականության հետ: Ընդ որում, այդ դեպքում քթի մեջ կեղևկալում է:
– Մրսածությամբ պայմանավորված կամ էլ վիրուսային հիվանդությունների հետևանքով. գրիպ, ադենոիդ, սուր քթաբորբ:
– Օրգանիզմի գերտաքացում, ջերմային կամ արևահարություն:
– Սրտանոթային հիվանդություններ, արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ, անոթային խանգարումներ:
– Ալերգիկ հիվանդություններ, որոնց դեպքում ալերգածինն ազդում է քթի լորձաթաղանթի վրա, ինչի հետևանքով անոթները լայնանում են:
– Քթում պոլիպների առկայություն:
– Հորմոնալ հավասարակշռության խախտում` կապված հղիության, սեռահասունացման ու հիվանդության հետ:
– Օդի չափից դուրս չորություն:
Հիվանդության ծագման հետ կապված` ընտրվում է համապատասխան բուժում: Եթե արյունահոսությունն արյան բարձր ճնշման հետ է կապված, ապա ճնշումը պետք է կարգավորել: Կոտրվածքների դեպքում նախ պետք է վնասվածքաբանը հետազոտի, իսկ եթե պատճատը պոլիպն է կամ ուռուցքը, ապա դրանք պետք է վիրաբուժական ճանապարհով հեռացվեն: Իսկ եթե վերջերս եք վերադարձել արտասահմանից և հաճախակի եք արյունահոսություն ունենում, որն ուղեկցվում է դողով ու ջերմությամբ, ապա դա կարող է մալարիայի ազդանշան լինել:
Ի՞նչ կարելի է անել արյունահոսությունը դադարեցնելու համար
Փորձեք խուճապի չմատնվել, որովհետև հուզմունքից սիրտն ավելի հաճախ է բաբախում: Ավելի լավ է նստել ու թեթևակի գլուխն առաջ հակել, սառույց դնել քթի միջնապատին կամ էլ ջեռակ` ոտքերին, այդ դեպքում արյունը գլխից դեպի ոտքերը կհոսի:
Եթե հանկարծ արյունահոսություն է սկսվել, ոչ մի դեպքում չի կարելի գլուխը հետ գցել, քանի որ այն կարող է շնչուղիների մեջ լցվել: Մի պառկեք, մանավանդ առանց բարձի, ու ոտքերը վեր մի բարձրացրեք, քանի որ արյան հոսքը դեպի գլուխ կուժեղանա: Արյունահոսության կանգից հետո մի շտապեք անմիջապես ինչ-որ բան ուտել կամ թեյ ու սուրճ խմել, դրա հետևանքով կարող է ճնշումը բարձրանալ, ու արյունահոսությունը` կրկնվել: Ռունգերը սեղմեք ու քթանցքի մեջ ջրածնի գերօքսիդում թրջած բամբակ դրեք:






Facebook
Tweet This
Email This Post
