Համեմունքներն ու առողջությունը
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | October 2, 2011 7:00
Այսօր դժվար է պատկերացնել խոհանոց` առանց համեմունքների: Թերևս յուրաքանչյուր տնտեսուհու «մարտի դաշտում» կարելի է տեսնել համեմունքներով լի բազմապիսի, բազմաբույր ու գույնզգույն տարաներ: Եվ այդ բոլոր համեմունքները կարող են ոչ միայն հաջողությամբ կիրառվել ուտեստների մեջ, այլև մեր ու մեր մերձավորների առողջությունը պահպանելու համար: Տեսնենք, թե ինչ օգտակար հատկություններ ունեն դրանք:
Եղեսպակ (շալֆեյ)
Օգտակար է մտավոր գերհոգնածության դեպքում, բարելավում է հիշողությունն ու ուշադրությունը: Բերանը եղեսպակի լուծույթով ողողելով` կարող եք կանխել մրսածության հետևանքները: Այն նվազեցնում է կլիմաքսին բնորոշ արյան «մակընթացությունը»:
Կիրառումը. թուրմի համար հարկավոր է 1-2 գդալ եղեսպակի չոր հումքի վրա տաք ջուր լցնել ու թրմել 10 րոպե: Կլիմաքսային «մակընթացությունների» դեպքում պետք է խմել օրական 3 անգամ` սառը, մնացած ժամանակ` տաք վիճակում:
Քրքում
Այս համեմունքի հայրենիքը Հնդկաստանն է, որտեղ այն համարվում է երիտասարդությունն ու գեղեցկությունը պահպանելու միջոց: Բացի այդ, քրքումն օգնում է նվազեցնելու այտուցներն ու հոդատապից առաջացած ցավերը, բուժելու մաշկի բորբոքումները:
Կիրառման համար կես թեյի գդալ չոր քրքումն ավելացնել մեկ բաժին ապուրին կամ խաշած մսին: Կարելի է ավելացնել նաև բրնձին (ինչից այն դեղնավուն երանգ է ստանում): Մաշկային բորբոքումների դեպքում պետք է չոր հումքը խառնել ջրի հետ այնքան, որ դառնա մածուցիկ ու քսել բորբոքված մասերին:
Կոճապղպեղ (իմբիր)
Բարելավում է արյան շրջանառությունը, օգնում է ցնցումների, մրսածության, կոկորդացավի դեպքում: Կարող է կիրառվել սրտխառնուքի դեմ (նույնիսկ հղիության ժամանակ), խթանում է մարսողությունը:
Կիրառումը. կոճապղպեղը խոշոր անցքերով քերիչով մանրացնել ու 2 ճաշի գդալ հումքը խառնել 1 լիտր ջրին, ապա` եռացնել: Ավելացնել մեղր ու կիտրոն` ըստ ճաշակի:
Դաղձ
Օգնում է գլխացավի ժամանակ, բարելավում է ուղեղի աշխատանքը: Հնուց այն հայտնի է որպես հանգստացնող միջոց, որը թուլացնում է նաև մկանային լարվածությունը, նյարդային անհանգստությունը, բարձրացնում է տրամադրությունը: Կիրառությունը հայտնի է բոլոր հայ տնտեսուհիներին:
Գինձ
Բացում է ախորժակը և բարելավում մարսողությունն ու արյան շրջանառությունը: Օգնում է օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրսբերմանը, կարող է կիրառվել նաև որպես միզամուղ միջոց:
Կիրառումը. սրա կիրառումը նույնպես հայտնի է տնտեսուհիներին: Այն պետք է ավելացնել աղցաններին, բրնձով կերակուրներին: Այտուցի դեպքում կարելի է գինձի եփուկ խմել` պատրաստված հետևյալ կերպ. 2 թեյի գդալ գինձի սերմերը 3 րոպե եփել 200 մլ ջրում ու խմել օրական 3 անգամ:
Պղպեղ (չիլի)
Պղպեղի կծու համը պայմանավորված է կապսայցին նյութով, այն տաքացնում է օրգանիզմը` դրանով արագացնելով նյութափոխանակության գործընթացները: Այն օգտակար է վարակների դեպքում, օգնում է հազի ու հարբուխի ժամանակ:
Կիրառումը. քիչ, դանակի ծայրով ավելացրեք այն մսով կերակուրներին:
Դարչին
Գերազանց մաքրում է անոթներն ու նվազեցնում խոլեստերինի մակարդակն արյան մեջ: Դարչինի նույնիսկ չնչին քանակը նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը:
Կիրառել թեյի, կեֆիրի ու սուրճի հետ` ձեր նախընտրությամբ: Այն բարելավում է ըմպելիքի համն ու օգտակար ազդեցություն ունենում:






Facebook
Tweet This
Email This Post
