«Ապրելու արվեստը». Թափ տուր քեզ և բարձրացիր

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | October 1, 2011 7:00

«Մի անգամ մի ֆերմերի էշը ջրհորն ընկավ: Նա սարսափելի գոռոց արձակեց` օգնություն կանչելով: Ֆերմերը վազելով մոտեցավ և սրտնեղությունից ձեռքերն իրար զարկեց. «Հիմա սրան ինչպե՞ս դուրս հանեմ էստեղից»: Այդժամ իշուկի տերը մտածեց. «Իմ էշը ծեր է, նրան արդեն քիչ է մնացել ապրելու, իսկ իմ ջրհորն արդեն լրիվ չորացել է: Ես վաղուց էի պատրաստվում հողով ծածկել այն ու նոր տեղում նոր ջրհոր փորել: Ուրեմն ինչո՞ւ հիմա չանեմ դա: Միանգամից էշին էլ կթաղեմ, որպեսզի քայքայման նեխահոտը չտարածվի»: Նա իր բոլոր հարևաններին կանչեց, որպեսզի օգնեն հողով փակել ջրհորը: Բոլորը վերցրին բահերն ու եռանդով սկսեցին հող լցնել ջրհորի մեջ: Էշն անմիջապես հասկացավ, թե ինչն ինչոց է և սարսափելի զռռոց բարձրացրեց: Եվ հանկարծ, համընդհանուր զարմանք հարուցելով, սսկվեց: Մի քանի անգամ բահով հող նետելուց հետո ֆերմերը որոշեց նայել, թե ներքևում ինչ կա: Նա տեսածից ապշել էր. էշն իր մեջքին ընկնող ամեն մի հողակոշտ թափ տալով ցած էր գցում վրայից և ոտքերով կոխկրտում: Շատ շուտով, ի զարմանս բոլորի, էշը երևաց վերևում և ցատկելով դուրս թռավ ջրհորից:

…Կյանքում ամեն տեսակ կեղտ կհանդիպի քեզ, և ամեն անգամ կյանքը նորանոր բաժիններ կուղարկի քեզ: Ամեն անգամ, երբ հողակոշտ ընկնի քեզ վրա, թափ տուր վրայիցդ ու վեր բարձրացիր, միայն այդպես կկարողանաս ցանկացած ամենախոր ջրհորից դուրս գալ: Ծագող ամեն մի խնդիր մի քար է, որի վրա կանգնելով` կանցնես առուն: Թափ տուր քեզ և բարձրացիր»:

Սա մեկն է այն բազմաթիվ հետաքրքիր և ճանաչողական առակներից, որոնք զետեղված են հոգեբան Հրաչյա Ամիրյանի «Ապրելու արվեստը: Հոգեբանափիլիսոփայական առակներ» մատենաշարի ժողովածուներում:  «Առակների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է եղել մասնագիտության բերումով,- ասում է նա,- առակը կարևոր տեղեկություններ հաղորդելու հիանալի միջոց է, որը բոլոր ժամանակներում էլ մեծ դեր է ունեցել հասարակական կյանքում: Այն ուսանելի է նաև նրանով, որ  որևէ կարևոր ճշմարտություն պատրաստի ձևակերպումներով չի մատուցվում, այլ ընթերցողը համահեղինակ է դառնում դրա բացահայտման գործում»:

Առաջին ժողովածուն (2001) այնքան մեծ արձագանք է գտել, որ հեղինակը որոշել է այն վերածել շարքի: Սկսել է հավաքել ամենատարբեր դարաշրջաններում և մշակույթներում ստեղծված առակներ (դաոսյան, ձեն, բուդդիստական, սուֆիստական, հնդկական, ժամանակակից, հեղինակային, պատմական և այլն), թարգմանել և հրատարակել: Այժմ հրատարակման փուլում է այդ մատենաշարի 9-րդ հատորյակը:

«Դրանք մեխանիկորեն հավաքած նյութ չեն,- ասում է Ամիրյանը,- ես ընտրում եմ այնպիսի առակներ, որոնցում արտացոլվում է իրականությունը, բացի այդ, հաշվի է առնվում դրանց դաստիարակչական-արժեքաստեղծ նշանակությունը, ինչը մեր օրերում հրատապ խնդիր է: Մի խոսքով, կենսահաստատ առակներ, որոնք ոչ թե պարզապես լավատեսություն են ներշնչում, այլ հավաստիորեն արտացոլում են իրականությունը և սեփական առողջ ու արդյունավետ կենսափիլիսոփայություն մշակելու ուղենիշներ են տալիս»:

Հրաչյա Ամիրյանի գրքերը նախատեսված են հասարակության ամենատարբեր խավերի համար` մանուկներից մինչև տարեցներ: 2009-ին լույս տեսած «Աշխարհը քո սրտում» ժողովածուն ուսանելի պատմությունների շարք է` նախատեսված բարձր դասարանների աշակերտների համար, «Կյանքի ծառը» ժողովածուն` ցածր դասարանների աշակերտների համար, որը բացի պատմություններից, հեքիաթներից ու առակներից, ունի նաև ստեղծագործական առաջադրանքներ: «Ինչ լույս ունի մարդը», «Լեոնարդո դա Վինչի: Առակներ, հեքիաթներ, լեգենդներ» գրքերը միջին դպրոցական տարիքի համար են: «Ադամանդե պատմությունները» համաշխարհային բանահյուսության ոսկե ֆոնդից են: ժողովածուներում ընդգրկված բոլոր նյութերն առաջին անգամ են հրատարակվում հայերեն: Հանրամատչելի հրատարակություններից զատ, Հրաչյա Ամիրյանը հեղինակն է նաև «Կոնսուլտատիվ հոգեբանության և հոգթերապիայի հիմունքներ» մեթոդական ձեռնարկի, որը լույս է տեսել 2002 թ. և վերահարատարակվել 2008 թ.:

Հոգեբանը հիշեցնում է, որ կա երկու տեսակի կրթություն. մեկը սովորեցնում է վաստակել, մյուսը` ապրել: Ըստ նրա` ցանկացած կենսափիլիսոփայություն, լինի գիտական հիմքի վրա ստեղծված, թե զուտ մարդու անհատական կենսափորձից բխող, պետք է լինի կենսահաստատ, հետևաբար` կենսափիլիսոփայությունը պետք է հիմնված լինի աշխարհի փաստերի և օրինաչափությունների իմացության վրա, ոչ թե մտացածին բնույթ ունենա:

Նա հիշեցնում է այն մասնագիտական կարծիքը, ըստ որի` ժամանակակից կրթական համակարգը պիտի 4 հավասարազոր բաժիններից բաղկացած լինի` 1. Բնություն (գիտելիքներ բնության մասին), 2. «Ձեռակերտ աշխարհ» (տեղեկություններ, գիտելիքներ մարդու ստեղծած իրերի մասին), 3. «Ես ինքս» (գիտելիքներ ինքնաճանաչման, ինքնակառավարման և ինքնազարգացման վերաբերյալ), 4. «Հասարակություն»  (գիտելիքներ հասարակության և հասարակական հարաբերությունների մասին): «Վերջին երկու բաժինները ոչ միայն Հայաստանում, այլև ողջ  աշխարհի կրթական համակարգերում շատ թերի են,- ասում է Ամիրյանը,- և իմ նպատակն է այս աշխատությունների միջոցով լրացնել կրթահամակարգում գոյություն ունեցող այն բացը, որը պիտի ուղղված լինի մարդու աշխարհայացքի ձևավորմանը»:

Գրքերը մեծ արձագանք են գտել ընթերցասերների շրջանում, դրանք սպառվել են և վերահրատարակվել. «Ինչ խոսք, 1000 օրինակ տպաքանակը մեծ թիվ չէ և առանձնապես ուրախանալու առիթ չի տալիս, սակայն դա միայն Հայաստանի խնդիրը չէ: Համեմատության համար նշենք, որ հսկայական Ռուսաստանում շատ հայտնի գրքեր 4000-5000 օրինակով են լույս տեսնում»:

Հոգեբանը համագործակցում է Երևանի գրեթե բոլոր գրախանութների հետ: Նա համամիտ չէ այն մտքին, թե մեր օրերում գիրք չեն կարդում: «Պարզապես հիմա շատ իրողություններ փոխվել են,- կարծում է նա,- մեծ, հաստափոր գրքեր կարդալը բարդացել է, քանի որ մարդիկ ավելի լարված են, ժամանակը չի հերիքում, բայց եթե գիրքը լինի կոմպակտ, բովանդակալից, մարդկանց հուզող խնդիրներին արձագանքող, անպայման ընթերցող կունենա»:

Մյուս խնդիրն էլ, ըստ նրա, այն է, որ մարդիկ չգիտեն, թե ինչ նոր գրքեր են լույս տեսնում, և որտեղից կարող են ձեռք բերել, իսկ գրախանութները շատ քիչ են:

Վերջերս Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հրաչյա Ամիրյանի`  2001-ից մինչ այժմ լույս տեսած 18 գրքերի շնորհանդեսը:

Մեծ պահանջարկ են վայելում նաև նրա հոգեբանական թեստերի ժողովածուները («Ձեր հոգեբանական դիմանկարը», «Նոր առերեսումներ «ես»-ի հետ», «Կոկոլոգիա»):

Ըստ Ամիրյանի` սրանք նպաստում են հոգեբանական գիտելիքների, հոգեբանականացված մտածողության տարածմանը, մասսայականացմանը, ինչը հոգեբանական գրագիտություն է ձևավորում` ինքնաճանաչման, փոխհարաբերությունների ճանաչման առումով:

Հրաչյա Ամիրյանի ֆեյսբուքյան էջը նույնպես շատ բուռն է և հագեցած ամենատարբեր քննարկումներով ու մեկնաբանություններով: Դա ևս վկայում է այն մասին,  որ հոգեբանությունը շատերին է հետաքրքրում: Հոգեբանի անձնական էջը շատերի համար հոգեթերապևտիկ նշանակություն ունի, քանի որ այնտեղ միշտ լուսավոր, դրական մթնոլորտ է: «Գիտակցում և անվրդովություն. ահա բոլոր պրոբլեմների լուծման բանալին: … Հարկավոր է ԴԱՌՆԱԼ գիտակցող և անվրդով: Իսկ դա ձեռք է բերվում պրակտիկայի միջոցով:… Որևէ դժվարություն չկա: Գիտակցել նշանակում է պարզապես ուշադիր լինել, «չքնել», չկտրվել իրականությունից: Պարզապես ներկա լինել»,- գրում է հոգեբանն իր էջում կամ տեղադրում մի սքանչելի բնանկար, և ահա դրանց հետևում է մեկնաբանությունների հեղեղը:

«Շատերը չեն գիտակցում, որ իրենց համոզմունքները (անձնական, կրոնական, բարոյական, սոցիալական և այլ կարգի), որոնցով իրենք առաջնորդվում են ամենօրյա կյանքում, ամենևին էլ իրենցը չեն, այլ ներշնչված են դրսից: Եվ դրանք անվերապահ ճշմարտություններ համարելով` ամբողջ կյանքում այդ օտար համոզմունքների գերին են մնում սարդոստայնում բռնված ճանճի պես,- գրում է հոգեբանը:- Մեծ հարգանքի են արժանի նրանք, ովքեր ընդունակ են քննական հայացք նետելու սեփական համոզմունքներին և հարկ եղած դեպքում ձերբազատվելու սահմանափակող, անհիմն, կանխակալ ու վնասակար համոզմունքներից` դրանք փոխարինելով ավելի առողջ ու կառուցողական համոզմունքներով»:

Ցավոք, հոգեբանը խոստովանում է, որ դա քչերին է հաջողվում, որովհետև այդպիսի փոխարինում կատարելու համար ոչ միայն ըմբռնում է հարկավոր ունենալ, այլև արիություն, ներքին օրինավորություն:

Հրաչյա Ամիրյանը փորձում է մարդկանց տալ արիություն` հասկանալու և ճիշտ գնահատելու իրականությունը և ապրելու «էկոլոգիապես մաքուր» կյանքով, ներդաշնակ հարաբերություններ հաստատելով բնության,  հասարակության և սեփական ես-ի հետ:

 

Դիտվել է 4250 անգամ:
Print Friendly

Leave a Reply