Պետական հիմնարկներում տնօրենի անունը շփոթելը ճակատագրական սխալ է

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | October 3, 2011 7:00

Աստղիկ Մանուկյանը տնտեսագետ է, 1995-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը, մի քանի տարի միջազգային կազմակերպություններում աշխատելուց հետո ուսումը շարունակել է Բուդապեշտում: Հայաստան վերադառնալուց հետո կրկին աշխատանքի է անցել միջազգային կազմակերպություններում:

Սակայն 2010 թ. աշխատանքի է անցնում հայկական «ՓՄՁ ներդրումներ» փակ բաժնետիրական ընկերությունում, որը ստեղծվել է 2009 թ. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված  Տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի  շրջանակներում: Ցավոք,  այստեղ նա երկար չի դիմանում: «Դա մի հիմնարկ էր`  խիստ ընդգծված շեֆ-աշխատող հարաբերություններով, հիերարխիայով, լարված մթնոլորտով, ներքին խոսակցություններով, բամբասանքներով, կանանց նկատմամբ հավասարության բացակայությամբ և էլի շատ թերություններով, ինչն ինձ համար խիստ տարօրինակ ու անսովոր էր»,-ասում է ընկերության նախկին աշխատակցուհին:

Միջազգային կառույցներում ունեցած իր 10 տարվա  աշխատանքային գործունեությունը համեմատելով վերջինի հետ` Աստղիկը ոչ միայն զարմանում, այլև ցավ է ապրում, որ դա հայկական պետական կառույցի նկարագիրն է: «Ղեկավար աշխատակազմը գրեթե միշտ ուշ էր գալիս աշխատանքի, բայց սովորական աշխատակիցները դրա իրավունքը չունեին: Ընդամենը 10-12 հոգանոց աշխատակազմ էր, բայց աշխատակիցները ո՛չ տնօրենի բարևն էին տեսնում, ո՛չ էլ հնարավորություն ունեին նրա հետ շփվելու, ինչ-որ հարցեր քննարկելու, նա կարծես անձեռնմխելի էր: Ղեկավարներն ինքնուրույն որոշումներ էին կայացնում, իսկ աշխատակիցներն իմանում էին ամենավերջում,- թվարկում է Աստղիկը:- Մի խոսքով, բաց ու թափանցիկ հարաբերություններ չկային, և բոլորը, հատկապես` աղջիկները վախվորած էին ու կաշկանդված»:

Աստղիկն աշխատանքի ընդունվելիս, ինչպես սովորաբար եղել է իր նախկին գործունեության ընթացքում, ջերմ, սիրալիր ու ընկերական վերաբերմունք է դրսևորում տնօրենի նկատմամբ: «Մտածում էի` փոքր հիմնարկ է, մենք մեկ ընտանիքի պես պետք է լինենք, տնօրենն էլ ինձնից տարիքով փոքր էր, նրան անունով էի դիմում` դրա մեջ ոչ մի վատ բան չտեսնելով, մտնում էի նրա աշխատասենյակն առանց ձևականությունների, խոսում էի խնդիրների մասին: Միշտ զարմանում էի, որ գործընկերուհիներս էդքան վախեցած են»,- ասում է Աստղիկը:

Սակայն մի օր նրա զարմանքն ավելի է մեծանում, երբ իմանում է, որ ղեկավարությունը (4 տղամարդ) նոր աթոռներ է գնել, բայց միայն իրենց 4-ի համար, իսկ մյուս 7-8 աշխատողները (կանայք), շարունակում են նստել հին աթոռների վրա: Աստղիկի համար դա առաջին «շոկն» էր: Հետո բոլոր աշխատակիցների համար սեղանի վրա դրվող փոքրիկ թղթապահարաններ  են գնում. ղեկավարության համար` մետաղական, որակյալ, իսկ մյուսների համար` էժանագին, պլաստմասսայից: Սակայն Աստղիկին ավելի շատ զարմացնում է այն փաստը, որ իր գործընկերուհիները դրան շատ հանգիստ էին վերաբերվում:

Աստղիկն ասում է, որ աղջիկները երբեմն արտահայտում էին իրենց դժգոհությունը, նեղսրտում էին, բայց այնպես, որ հանկարծ «շեֆերը» չիմանան: Իսկ ինքը թաքուն դժգոհողներից չէր. կար իրավունքի ոտնահարում, պետք է բարձրաձայնվեր: Այդպես նա հասավ այն բանին, որ ղեկավարությունը  նույնպես ճիշտ ժամանակին  ներկայանա աշխատանքի, սակայն տնօրենի դեպքում այդ ջանքերն ապարդյուն անցան. «Ամեն դեպքում, կարծում եմ` շատ բան փոխեցի այդ հիմնարկում, աղջիկները սկսեցին մի քիչ ավելի համարձակ լինել, հասկացան, որ կարող են ասել այն, ինչ մտածում են, մի քիչ բացվեցին, բայց արդյունքում` զրկվեցի իմ աշխատանքից»:

Աշխատանքից դուրս գալու համար ամիսների ընթացքում բավականին լուրջ հիմքեր էին կուտակվել: Վերջին միջադեպը, սակայն, երկմտելու տեղ չի թողնում: «Մի օր շտապ մտա Արթուրի` տնօրենի մոտ ու շփոթված նրան Հայկ անվանեցի: Զգացի, որ այլայլվեց: Երբ երեխեքին ծիծաղելով պատմեցի, նրանք էլ այլայլվեցին,- պատմում է Աստղիկը:- Քիչ հետո Արթուրն ինձ կանչեց: Բայց ամենազավեշտալին այն է, որ երբ մտա նրա սենյակը, էդ ժամանակ էլ շփոթվեցի և նորից ասացի` Հայկ: Նա արդեն չդիմացավ, նրան թվաց, թե դիտմամբ եմ անում, բայց ես իսկապես անունները հաճախ եմ շփոթում: Մի խոսքով, էդտեղ «կռիվը սկսվեց»:

Տնօրենը, որ հավանաբար վաղուց էր առիթ փնտրում Աստղիկին «իր տեղը դնելու համար», քանի որ նա իրեն «այնպես չէր պահում, ինչպես մյուսները», ասում է. «Քեզ ազատություն շատ չես տալի՞ս: Գալիս ես դուռը խփելով բացում (դուռը ուժգին փակվել էր միջանցիկ քամու պատճառով), ասում ես` Հայկ…»: Հետո հրահանգում է, որ Աստղիկն իրեն այլևս անունով չդիմի, այլ ասի` պարոն Բադալյան, իսկ իր մոտ մտնելու համար նախ քարտուղարուհուն դիմի: Աստղիկն իր տնօրենին ստիպված է լինում հիշեցնել էթիկայի տարրական նորմերի մասին` ասելով, որ նորմալ չէ, երբ տնօրենը ժամանակ առ ժամանակ իր աշխատասենյակում բարձրաձայն հայհոյում է կամ էլ ձեռքի եղունգները կտրում: Տնօրենը պատասխանում է. «Իմ սենյակն է, ինչ կուզեմ` կանեմ, կուզեմ` կհայհոյեմ, դու մի լսի»:

Իսկ երբ տնօրենը սկսում է վատաբանել Աստղիկի աշխատանքը, վերջինս հիշեցնում է, թե որքան է մնացել աշխատավայրում` աշխատանքային ժամից դուրս աշխատելու նպատակով: «Աշխատանքդ ճիշտ կազմակերպեիր, չմնայիր»,- լինում է պատասխանը:

«Ահա թե ինչպես գնահատվեց իմ ոգևորությունն ու նվիրվածությունը գործին, մինչդեռ միջազգային կազմակերպություններում ավելի մնացած ամեն ժամի համար ոչ միայն վարկանիշդ էր բարձրանում, այլև հավելյալ վճարում էին»,-ասում է նա:

Աստղիկն անգամ համեմատության եզրեր չի գտնում իր նախկին տնօրենների ու վերջինի միջև: «Միջազգային կազմակերպություններում աշխատելաոճը լրիվ այլ էր. եթե անգամ տնօրենն ինչ- որ գործով դուրս էր գալիս, անպայման իր աշխատակիցներին ասում էր, թե ուր է գնում և երբ է գալու: Կամ եթե աշխատակիցներն էին դուրս գալիս, ստիպված չէին ինչ-որ մեկին խաբել, պարզապես ասում էին, թե ուր են գնում: Իսկ այս հիմնարկում ոչ ոք իրավունք անգամ չուներ իմանալու, թե տնօրենն ուր է, ինչով է զբաղված,- շարունակում է նա,- կամ, օրինակ, երկու ծառայողական ավտոնեքենա կար, որոնք հիմնականում ծառայում էին տնօրենի անձնական խնդիրները բավարարելուն, իսկ մենք շրջաններ տաքսիով էինք գործուղման գնում»:

Ընկերության ինտերնետային կայքում կարդում ենք.  «Մեր նպատակն է խթանել համախառն ներքին արդյունքի աճը` ֆինանսական ճգնաժամի պայմաններում տնտեսավարող սուբյեկտների վարկային պահանջարկը մասնակի բավարարելու միջոցով, օժանդակել Հայաստանի տնտեսության փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ու ամրապնդմանը` դառնալով  հուսալի և վստահելի գործընկեր փոքր և միջին ձեռնարկատերերի համար, ինչպես նաև պահպանել և ամրապնդել ներկայիս հաճախորդների վստահությունը, պոտենցիալ հաճախորդների համար վարկավորման ընթացակարգը դարձնել դյուրին և հասանելի»:

Այս նախադասությունները կարդալիս յուրաքանչյուր փոքր կամ միջին գործարար անմիջապես կոգևորվի և կդիմի ընկերությանը` վարկային կամ ներդրումային ծրագրերից օգտվելու համար, սակայն Աստղիկ Մանուկյանի կարծիքով` այդ կազմակերպությունը որևէ կերպ չի նպաստում Հայաստանում բիզնեսի կամ տնտեսության զարգացմանը: «Գրավը գնահատում են շատ էժան: Մտածում են միայն  իրենց ապահովելու մասին` նախապես բոլորին վերաբերվելով որպես «պոտենցիալ քցողի», անիմաստ քաշքշուկներ են առաջացնում, ճկուն չեն,  էնքան են տանում-բերում, որ մարդիկ ասում են` մեզ ձեր վարկը պետք չի, ավելի լավ է բանկից վերցնենք»,- ասում է նա:

Աստղիկն այդ ընկերությունում աշխատելու ժամանակահատվածում չի հիշում մի դեպք, որ ընկերությունը որևէ ներդրում արած լինի: Փաստորեն, պետական այդ կառույցի գործունեությունը սահմանափակվում է բանկից մի փոքր պակաս տոկոսադրույքով վարկեր տալով, մինչդեռ, ըստ Աստղիկի,  բանկերը երբեմն ավելի լավ պայմաններ են առաջարկում իրենց հաճախորդներին, ավելի ճկուն են, գնում են որոշ ռիսկերի, և մարդկանց համար ավելի հեշտ է բանկերի հետ աշխատել:

Աստղիկը համոզված է, որ աշխատանքային նման մթնոլորտում հնարավոր չէ ունենալ  դրական արդյունք: Հետևաբար, չի զարմանում, որ ընկերությունը հիմնված օրվանից չի կարողանում կատարել այն գործառույթները, որոնք ստանձնել է:

 

 

 

Դիտվել է 1661 անգամ:
Print Friendly

Leave a Reply