Ալիկ Սարգսյան. Բանդան ամբողջությամբ ձերբակալված է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 29, 2011 16:10

Երևանում ավազակային մի շարք հարձակումներ իրականացրած բանդան ամբողջությամբ ձերբակալված է: Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Ըստ նրա` մինչ այս պահը որևէ պաշտոնյա կամ նրա որդի բանդայում ներգրավված չէ և առնչություն չունի: Ոստիկանապետը քննադատեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին` պետական պաշտոնյաների ուղղակի կամ անուղղակի առնչությունն այդ բանդային անհարկի չարաշահելու համար: Նրա խոսքերով` ոստիկանության կողմից որևէ հայտարարություն չի եղել` կապված բանդայում պետական պաշտոնյաների կամ նրանց հարազատների ներգրավվածության մասին:

«Մեր աշխատանքները ավելի թափանցիկ դարձնելու համար չարգելեցի ոստիկանական որևէ պաշտոնյայի լրագրողների հարցերին պատասխանի, բայց հիմա դրա վնասներն եմ ճաշակում: Ես հիմա կարող եմ հրաման արձակել և արգելել բոլորին, որպեսզի լրատվամիջոցների հետ շփվեն` ավելորդ հերյուրանքների տարածումից խուսափելու համար: Իսկ եթե լրագրողները հարց կունենան, միայն զանգահարեն իմ մամլո խոսնակին»,- ասաց Ա. Սարգսյանը:

Ինչ վերաբերում է նախկին հատուկ ջոկատայինների կամ իրավապահ մարմինների նախկին աշխատակիցների մասնակցությանը, որի մասին ոստիկանապետը ենթադրություններ էր արել մոտ մեկ ամիս առաջ, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Ոստիկանության համապատասխան կարկառուն դեմքերի կողմից քննադատություն եղավ, թե ինչու եմ այդպիսի բան ասել, բայց ես միշտ հիմնվել եմ տվյալ պահի օպերատիվ տեղեկության վրա»:

Վերադառնալով բանդային, ոստիկանապետը նշեց, որ «էս խումբը վերջացած խումբ է, այն ուղղման էլ ենթակա չէ»: «Տեսեք ինչպիսի անցյալ են ունեցել, բացի վնասակար գործունեություն ծավալելուց, էլ չասեմ վտանգավորության մասին»,- ասաց ոստիկանապետը: Ըստ Ա. Սարգսյանի` չորս հանցագործություն է կատարվել հանցախմբի կողմից, բայց ժամանակ է պետք գողոնը հայտնաբերելու համար: «Սակայն, այն ամբողջությամբ վերականգնել հնարավոր չի լինի, քանի որ գումարը ծախսել են»,- ընդգծեց ոստիկանապետը: Նա նաև նշեց, որ այդ օրը բանդայի կողմից մեկ այլ ավազակային հարձակում էր տեղի ունենալու` Այգեստան թաղամասում, սակայն ոստիկանության կողմից կանխվեց: «Եթե շտապողականություն չցուցաբերեինք և դեպքի վայրում նրանց վնասազերծեինք, շատ ավելի հնչեղ կլիներ, սակայն, հնարավոր էր, որ հետևանքները ավելի բարդ լինեին և փոխադարձ կրակոցների արդյունքում քաղաքացիներ տուժեին»,- ընդգծեց Ա.Սարգսյանը:

Այնուամենայնիվ, ըստ ոստիականպետի` քրեական գործի շրջանակներում բոլորը հարցաքննվել են, ապացույցներն ամբողջովին կան, իսկ իրեղեն ապացույցների ձեռքբերման հետ որոշակի խնդիրներ դեռ մնում են:

Ինչ վերաբերում է «Սուրիկի Լավաշ» ապրանքանիշով հաց արտադրող ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանի հայտարարությանը, թե իր որդիներին ձերբակալել են իր բիզնեսը ձեռքից առնելու համար, ոստիկանապետը հայտարարեց, որ բանդայի վնասազերծումը բիզնեսի հետ բացարձակապես կապ չունի: «Հակառակը, կողջունենք, որ հանցագործ աշխարհի նախկին ներկայացուցիչները փող աշխատեն, ուրիշների ունեցվածքին աչք չգցեն»,- ասաց Ա. Սարգսյանը: Իսկ ինչ վերաբերում է Լավաշի Սուրիկի տղային, ապա ոստիկանապետը նշեց. «Նրա տղան ձերբակալված է, հանցագործ աշխարհի կարկառուն դեմքերից է, մեծ հնարավորություններ ունի և բոլորն են նրան ճանաչում»,- ասաց Ա.Սարգսյանը:
Նշվեց նաև, որ հանցախմբի ղեկավարները երկուսն են, մեկն ավելի շատ ուղեղն է եղել, մյուսը` բռնության կողմնակիցը:

Panorama.a

 

Դիտվել է 1422 անգամ:
Print Friendly

Leave a Reply