Պուտինը վերադառնում է. ի՞նչ կփոխի պաշտոնների վերաբաշխումը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | ankakh | September 29, 2011 16:44
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում միջազգային լրատվամիջոցների գլխադիր մեկնաբանությունների մշտական թեման Ռուսաստանում հետզհետե էլ ավելի ինտրիգային դարձող նախընտրական իրողություններն են: Դմիտրի Մեդվեդևի նախագահության ողջ ընթացքում մշտական քննարկումների առիթ տվող հարցի պատասխանը հանրայնացվեց սեպտեմբերի 24-ին:
«Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության համագումարում Մեդվեդևը ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինին առաջարկեց առաջադրվել նախագահի թեկնածու առաջիկա` 2012 թ. ընտրություններում: Ստացվեց, որ Դմիտրի Մեդվեդևն իսկապես «տրամպլին» ծառայեց Պուտինին` կրկին նախագահական աթոռին վերադառնալու համար: Սակայն սա չի նշանակում, թե Մեդվեդևն իր նախագահության տարիներին եղել է Պուտինին հլու հնազանդ: Մեդվեդևի ու Պուտինի թիմերի միջև մշտապես լարվածություն, մրցակցություն է եղել, և երբեմն նրանց կոնֆլիկտային հարաբերություններին շատ ուղղակի հաղորդակից է դարձել նաև հասարակությունը:
Սակայն առավել քան ակնհայտ է, որ Մեդվեդևին չհաջողվեց հանրության շրջանում ունեցած իր հեղինակությամբ առաջ անցնել Պուտինից: Վերջերս Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած սոցհարցումները ցույց են տվել, որ ռուսաստանցիների 47%-ը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի աշխատանքում ո՛չ ձեռքբերումներ է նկատել, ո՛չ ձախողումներ, իսկ 23%-ը կարծում է, որ ընդհանրապես ձեռքբերումեր չեն գրանցվել: Հետևաբար, Մեդվեդևը պիտի բավարարվի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ֆեդերատիվ ցուցակը գլխավորելով: Եվ Պուտինի հայտարարությունը` «ինչ կապ ունի, թե ով որ պաշտոնին է», իրականում ավելի քան կարևոր է:
Ակնհայտ է, որ Պուտինի իշխանության գալու դեպքում Ռուսաստանում վերադարձ է կատարվելու կառավարման կոշտ մեթոդներին: Ի տարբերություն իրեն որպես մոդեռնիզատոր դիրքավորող Մեդվեդևի, որին այս տարիներին հաջողվել էր նաև ավելի բարիդրացիական հարաբերություններ հաստատել Արևմուտքի և մասնավորապես ԱՄՆ-ի հետ, անձնական մտերմության հիմքով խորացնել Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների վերբեռնումը, ըստ կանխատեսումների` Պուտինը չի շարունակի ու կվերադառնա Արևմուտքի հետ սուր մրցակցության քաղաքականությանն ու միահեծան կառավարմանը: Ընդ որում, Ռուսաստանի դիրքերն ամրապնդելու ու մրցակցային հարաբերությունները կառուցելու ճանապարհին Պուտինը հավակնոտ նպատակ դրեց` հայտարարելով, որ առաջիկա 5 տարիների ընթացքում Ռուսաստանը պիտի մտնի աշխարհի 5 ամենազարգացած տնտեսությունների շարքը: Խոստացավ այդ անել տնտեսական կառուցվածքը վերափոխելու շնորհիվ, ոչ թե հումքի արտահանման, այլ ներդրումների, առաջատար տեխնոլոգիաներ կիրառող ընկերություններին խրախուսելու, բիզնես միջավայրը բարելավելու միջոցով: Սակայն սրան հաջորդած ներքաղաքական մի նոր իրողություն կարող է բացասական ազդել հենց Ռուսաստանի տնտեսական միջավայրի վրա:
Ավելի շրջադարձային, քան Պուտինի վերադա՞րձը
Բնական է, որ որոշակիորեն կանխատեսելի էր Պուտին-Մեդվեդև պաշտոնների վերաբաշխման սցենարը: Սակայն սա չի նշանակում, որ Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական էլիտայի ներսում վերաբերմունքն այս հարցին միանշանակ էր, և այն լիովին անցնցում պիտի տեղի ունենար: Առաջին ճեղքերը երևացին «Եդինայա Ռոսիայի» համագումարից ընդամենը 1-2 օր անց:
Ռուսաստանի ֆինանսների նախարար, փոխվարչապետ Ալեքսեյ Կուդրինը, որ Վաշինգտոնում էր գտնվում, հայտարարեց, թե համաձայն չէ երկրում տարվող տնտեսական քաղաքականությանն ու մասնավորապես` երկրի պաշտպանության վրա ծախսվող բյուջետային հատվածի ավելացմանը և առհասարակ չի պատրաստվում աշխատել Մեդվեդևի ղեկավարած կառավարությունում: Սրան անմիջապես հետևեց Մեդվեդևի հրապարակային ու շատ կոպիտ հայտարարությունը, թե ինքը պարտավոր է կանխել չինովնիկների «շատախոսությունը» ու շատ ուղղակի պահանջեց Կուդրինից կա՛մ հրաժարվել իր խոսքերից, կա՛մ ուղղակի հրաժարական տալ: Կուդրինը խոստացավ խորհրդակցել վարչապետ Պուտինի հետ և պատասխանել: Ի վերջո, Կուդրինը հեռացվեց վարչապետի առաջարկությամբ ու Մեդվեդևի ստորագրությամբ: Սա անմիջապես բացասական արձագանք գտավ թե՛ ռուսական բիզնես էլիտայի և թե՛ արտասահմանյան ներդրողների շրջանում:
Բանն այն է, որ Կուդրինը կամակատար նախարար չէ: Նա, որպես իր գործում պրոֆեսիոնալ, 11 տարի Ֆինանսների նախարար աշխատելով, կարողացել էր հասնել բիզնես էլիտայի ու ներդրողների վստահությանը: 2010 թ. աշխարհի լավագույն ֆինանսների նախարար ճանաչված Կուդրինի անվան հետ են կապվում մի շարք հարկատեսակների կրճատման որոշումը, պետության արտաքին պարտքը և բյուջեի դեֆիցիտը նվազագույնի հասցնելու, նավթային եկամուտների հաշվին կայունացման ֆոնդ ստեղծելու կարևոր քայլերը, որոնք էապես ազդում էին բիզնես շրջանակների որոշումների ու գործողությունների վրա: Ու հիմա արդեն կանխատեսումներ կան, որ կարող է Ռուսաստանից կապիտալի արտահոսք տեղի ունենալ, արտասահմանյան ներդրումներն էլ զգալի կնվազեն: Իշխող կուսակցության համագումարից հետո ռուսական շուկաներում ինդեքսներն արդեն իսկ սկսել են ընկնել, ինչը բացասական ազդեցություն կունենա երկրի տնտեսական կայունության վրա:
Անգամ հրապարակումներ եղան, որ Կուդրինի հեռանալը ավելի մեծ տեղաշարժերի տեղիք կտա, քան Պուտին-Մեդվեդև պաշտոնների վերաբաշխումը, չնայած Կուդրինի հայտարարությունը կապված էր հենց տվյալ իրադարձության հետ: Բանն այն է, որ երկար տարիներ հաջողությամբ պաշտոնավարած և Պուտինի ժամանակ երկրի տնտեսական առաջընթացի ապահովման հարցում լուրջ ներդրում ունեցած Կուդրինը նրա նախագահական աթոռին վերադառնալու դեպքում վարչապետ դառնալու հավակնություններ ուներ: Արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ Ալեքսեյ Կուդրինը կարող է դառնալ Կենտրոնական բանկի նախագահ, քանի որ Վլադիմիր Պուտինը, իրավիճակի իրողություններից ելնելով, չի պատրաստվում նրան հեռացնել իր թիմից: Իսկ սա կնշանակի, որ Պուտին-Մեդվեդև հարաբերություններում դեռ նոր ինտրիգներ են լինելու:
Ժողովրդավարության «թաղո՞ւմ», թե՞ «առաջխաղացում»
«Եդինայա Ռոսիայի» համագումարի ժամանակ Պուտինի ելույթի մեկ այլ հատված նվիրված էր ժողովրդավարության հետագա զարգացման համար նախատեսվող քայլերին: Մինչդեռ արևմտյան լրատվամիջոցները հենց Պուտինի վերադարձը մեկնաբանեցին Ռուսաստանում ժողովրդավարության «թաղման» գործընթաց: Եվ առհասարակ վերջերս երկրի հասարակական ու քաղաքական շրջանակներում շատ լուրջ քննարկումներ սկսվեցին ժողովրդավարության և Ռուսաստանում լիբերալիզմի ճակատագրի շուրջ: Սա կապված էր Ռուսաստանի ներքաղաքական կյանքում վերջերս «Արդար գործ» կուսակցության շուրջ բարձրացած մեծ աղմուկի հետ: Իշխանությունների ձեռքով 2008 թ. երեք աջամետ ուժերից ստեղծված «Արդար գործ» կուսակցությունը պետք է ստանձներ ռուս լիբերալ գաղափարների հետևորդ ընտրազանգվածի ձայները հավաքելու խնդիրը և նաև չեզոքացներ ոչ այնքան մեծ հեղինակություն ունեցող ընդդիմադիր ուժերին: Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ կուսակցության նախագահ դարձավ ռուս միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը:
Սկզբնական շրջանում բոլորը կարծում էին, որ Պրոխորովի քայլերը համաձայնեցված են իշխանությունների հետ, սակայն նա աստիճանաբար փորձեց կուսակցությունը դուրս բերել Կրեմլի ազդեցությունից: Պրոխորովը հանդես եկավ իշխանությունների քաղաքականության լուրջ քննադատությամբ, հայտարարեց, որ «Արդար գործը» պիտի դառնա Պետական դումայի երկրորդ ուժը և հաջողության դեպքում էլ մասնակցի նախագահական ընտրություներին: Այս ամենը, բնականաբար, Կրեմլի պլանների մեջ չէր մտնում, հենց այդ պատճառով իրենց լոյալ մարդկանց միջոցով Պրոխորովին ուղղակի հեռացրին կուսակցությունից: Սակայն նա չի պատրաստվում նահանջել. հայտարարել է նախագահական ընտրություներին մասնակցելու իր ծրագրերի մասին: Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ նույն Կուդրինի անունն այս օրերին շոշափվեց «Արդար գործ» կուսակցության կողքին: Կուդրինն էլ հայտարարեց, որ չի ստանձնել այս կուսակցության առաջնորդությունը, քանի որ այն «արհեստական նախագիծ է` ուղղված է լիբերալ-ժողովրդավարական գաղափարների վարկաբեկմանը»: Այս ամենը ցույց է տալիս, որ Ռուսաստանում նախընտրական կրքերը դեռ շարունակելու են թեժանալ:
Ռուսական սցենարը Հայաստանի քաղաքական դաշտում
Ռուսաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները բավական հետաքրքիր քննարկումների տեղիք տվեցին Հայաստանում: Անմիջապես մեկնաբանություններ եղան, որ Պուտինի վերադարձը կարող է նպաստել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին: Այս խոսակցություններին որոշակիորեն նպաստեց այն, որ «Եդինայա Ռոսիայի» համագումարին Հայաստանից հրավիրվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որի գլխավորած կուսակցությունը ներկայիս պայմաններում համարվում է Քոչարյանի քաղաքական հենարանը, բացի այդ, այս օրերին Ռուսաստանում էր հենց ինքը` Քոչարյանը:
Իհարկե, ՀԱԿ-ից ու ՀՀԿ-ից անմիջապես մեկնաբանություններ եղան, որ Պուտինի և Մեդվեդևի պաշտոնների վերաբաշխումը որևէ կապ չունի Հայաստանի հետ: Լայն առումով իրոք այդպես է, քանի որ, ի տարբերություն Քոչարյանի, Պուտինը երբեք էլ չհեռացավ քաղաքականությունից, նա, ի դեմս «Եդինայա Ռոսիայի», ունի իրեն ենթարկվող ուժ: Բացի այդ, Պուտինի ձեռքով ստեղծվել է նաև «Համառուսաստանյան ժողովրդական ճակատը», որի այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կարող են «Եդինայա Ռոսիա» կուսակցության ցուցակով անցնել Պետական դումա: Այլ կերպ ասած, Պուտինը փորձում է իր շուրջը համախմբել նաև տարբեր մանր-մունր քաղաքական ուժերը:
Իսկ Հայաստանում պատկերը լրիվ այլ է: Նախ` ակնհայտ է, որ Հայաստանում այս պահին ներքաղաքական պայքարն ընթանում է երեք նախագահների միջև: Մյուս կողմից` ավելի հավանական է թվում Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան միավորումն ընդդեմ Քոչարյանի: Բացի այդ, այս պահին Քոչարյանի ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա ավելի շատ անուղղակի է, չնայած օրերս իր հարցազրույցներից մեկում Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հաստատեց, որ Քոչարյանը պատրաստվում է վերադառնալ, և արդեն մի շարք քաղաքական նախագծեր են իրականացվում այդ ուղղությամբ: Սակայն կա մի խնդիր ևս. ի տարբերություն Պուտինի վարկանիշի, Հայաստանի բնակչության վերաբերմունքը, մեղմ ասած, միանշանակ չէ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի նկատմամբ: Եվս մեկ տարբերություն.Հայաստանը Ռուսաստան չէ, և այստեղ անպայման փորձելու է իր դերակատարությունն ունենալ նաև Արևմուտքը: Եվ դեռ վաղ է գնահատել, թե վերջնարդյունքում Ռուսաստանն ու Արևմուտքը ում վրա խաղադրույք կանեն, մանավանդ որ նախագահ Սերժ Սարգսյանին դժվար է այս պահին գնահատել որպես հստակ արևմտամետ կամ ռուսամետ քաղաքական գործիչ: Որոշ հարցեր գուցե պարզվեն, երբ Սերժ Սարգսյանը ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան իր այցելություններից հետո վերադառնա Հայաստան:
Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
