ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողություն ծրագրի միջազգային ռեգիստրում գրանցվել է Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրությունը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 29, 2011 15:34

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ և Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա ՅՈՒՆԵՍԿՕ-ի  Աշխարհի հիշողություն    ծրագրի միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել է աշխարհահռչակ աստղագետ Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրությունը: Այսպիսով, Աշխարհի հիշողություն  ծրագիրը համալրվել է հայկական երկրորդ փաստագրական ժառանգությունով. 1997 թվականից Հայաստանը ներկայացված էր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանով:

Ներկայումս   Աշխարհի հիշողության   ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստրն ընդգրկում է 239 անվանում մոտ 100 երկրից, որոնց շարքում են Եվրոպայի ժողովրդների ծագումը նկարագրող 13-րդ դարի Ռադզիվիլների ժամանակագրությունը, 18րդ դարի չինական կայսերական արխիվները, Ազգերի Լիգայի 1919-1946թթ. արխիվները, կոմպոզիտորներ Բեթհովենի, Բրամսի, Շոպենի ստեղծագործությունները, Նիկոլայ Կոպեռնիկոսի աշխատությունները և այլն:

Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրության հայտը համատեղ պատրաստվել է Բյուրականի աստղադիտարանի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի կողմից և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան է ներկայացվել 2010թ:

Տեղեկանք: ՅՈՒՆԵՍԿՕ-ի   Աշխարհի հիշողություն    ծրագիրը մեկնարկել է 1992 թվականին` աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավաքածուների անհետ կորուստը կանխելու նպատակով: Այս ծրագրի շրջանակներում գոյություն ունի   Աշխարհի հիշողության   ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստր: Այդ Ռեգիստրն իրենից ներկայացնում է փաստագրական ժառանգության ցուցակ, որի մեջ ընդգրկված են այն փաստաթղթերը, ձեռագրերը, տեսա-հնչյունային նյութերն ու գրադարանային հավաքածուները և արխիվները, որոնք ճանաչվել են որպես բացառիկ նշանակություն ունեցող արժեքների մարմնավորում և պետք է վկայագրվեն ու պահպանվեն ամբողջ աշխարհի մարդկության համար:

 

Դիտվել է 1706 անգամ:
Print Friendly

Leave a Reply