Կ. Նալչաջյան. «Անկախության սերնդի դերը մեծանում է երկրի ճակատագրում»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 29, 2011 15:38
Անկախությունն անգնահատելի արժեք է հասարակության բոլոր շերտերի համար’ հատկապես նրանց, ովքեր Հայաստանի 20 -ամյա անկախության հասակակիցներն են’ անկախության սերնդի: «Այս սերնդի ներկայացուցիչները բավականին բարդ եւ հակասական ժամանակներում են մեծացել, բայց չնայած դրան առաջընթացն ու ավագ սերնդի համեմատ դրական տարբերություններն ակնհայտ են»,- անկախության սերնդի ձեռքբերումների եւ խնդիրների մասին խոսելիս լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը: Նրա խոսքով’ ի տարբերություն խորհրդային «փակ» տարիների, այսօր երիտասարդներն աշխարհին ներկայանալու ավելի լայն հնարավորություններ ունեն:
«Խորհրդային տարիներին ամեն ինչ միապաղաղ էր, կար ապահովվածության զգացում, եւ կարծես երիտասարդի ապագան նախօրոք կանխորոշված լիներ»,- պարզաբանեց հոգեբանը’ հավելելով, որ անկախության սերնդի դերը գնալով մեծանում է երկրի, հայրենիքի ճակատագրում: Ըստ Կ. Նալչաջյանի’ եթե խորհրդային տարիներին առանձնապես հարկ չկար մտածելու կրթության, աշխատատեղ գտնելու մասին, քանի որ դա համատարած էր եւ բոլորի համար, ապա այսօր այդպես չէ. երիտասարդը ինքն է ընտրում եւ կանխորոշում իր ապագան:
Անդրառառնալով անկախության սերնդի ձեռքբերումներին եւ կորուստներին Կ. Նալչաջյանը առանձնացրեց մի քանի գլխավոր տարբերություններ: «Այսօր երիտասարդներն ավելի ակտիվ են, պատասխանատու եւ ձեռներեց, բայց միաժամանակ ավելի քիչ կրթված, քան նախկինում, ավելի վատ կողմնորոշված մշակութապես»,- ընդգծեց հոգեբանը’ նշելով, որ այնուհանդերձ երիտասարդները հաղթանակած սերունդ են, եւ մեծ մասի մոտ աճող սերը հայրենիքի նկատմամբ ակնհայտ է:
Զուգահեռներ տանելով մեր օրերի եւ անցած տարիների միջեւ’ Կ. Նալչաջյանը նաեւ ավելացրեց, որ հակասական եւ հախուռն ժամանակներում մեծացած’ 90-ականներին լույս աշխարհ եկած երիտասարդներն ինքնորոշված են եւ նպատակասլաց, ինչը կարեւոր գործոն է յուրաքանչյուր զարգացող պետության համար:
Արմենպրես






Facebook
Tweet This
Email This Post
