Ֆիլիպիններում նավաբեկությունից 9 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 7, 2009 16:47

filipinnerՖիլիպինների ափամերձ շրջաններում դեռևս իրականացվում են որոնողական աշխատանքներ` նավաբեկությունից անհետ կորածներին փրկելու համար:

Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 31 ուղևորի: Այսպիսով` փրկվել է 957 մարդ, առնվազն 9 մարդ է զոհվել, ևս 2-ի ճակատագիրն անհայտ է:

Ուղևորատար նավն աղետի ազդանշան է տվել կիրակի գիշերը: Դեռևս անհայտ պատճառներով նավի վրա ճեղքվածք է առաջացել, և այն սկսել է սուզվել: Խորտակվողներին օգնության են շտապել մոտակայքում գտնվող բեռնատար նավերը:

Իրականացվում է հետաքննություն` պարզելու վթարի հնարավոր պատճառները: Նավի գերբեռնված լինելու վարկածը, ըստ «Վեստի»-ի, բացառվում է· այն նախատեսված է 1100 մարդու համար, իսկ վթարի պահին նավի վրա եղել է 968 ուղևոր և անձնակազմի անդամներ:

Ամենամեծ նավաբեկությունը ծովում տեղի է ունեցել Ֆիլիպիններում` 1987-ի դեկտեմբերին, երբ ուղևորատար և նավթատար նավերի բախման հետևանքով զոհվեց ավելի, քան 4 հազար մարդ: Իսկ անցած տարի թայֆունի պատճառով խորտակվեց մի ուղևորատար նավ, ինչի պատճառով 800 մարդ զոհվեց:

Դիտվել է 1059 անգամ:
Print Friendly

Leave a Reply