Լեհաստանի դեսպան. «Արեւելյան Գործընկերությունը բարեփոխումներ իրականացնելու հրավեր է»
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 29, 2011 10:37
Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հարցազրույցը Մեդիամաքսին
– Սեպտեմբերի 29-30-ը Վարշավայում կանցկացվի ԵՄ Արեւելյան Գործընկերության անդամ-երկրների գագաթնաժողովը: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի մասնակցությունն այդ նախաձեռնությանը, որի հեղինակներից մեկը հենց Լեհաստանն է:
– Հայաստանն ակտիվ է այդ ծրագրի շրջանակներում, ինչի մասին վկայում է երկրի մասնակցությունը բոլոր համաժողովներին եւ պլատֆորմներին: Գործընկերության երկրներից յուրաքանչյուրը միջոցներ է փնտրում առավելագույն օգուտները քաղելու համար` իր շահերն իրագործելու նպատակով, եւ նույնը անում է Հայաստանը: Այս պահին Հայաստանը հատուկ շեշտ է դնում ԵՄ հետ արտոնագրային ռեժիմը դյուրացնելու եւ ազատ առեւտրային գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցություններին նախապատրաստվելու վրա:
Բնականաբար, Արեւելյան Գործընկերության երկրներից յուրաքանչյուրի հետ բանակցություններն ունեն իրենց առանձնահատկությունները` կախված այս նախաձեռնության հիմնական նպատակի իրագործմանը ներգրավվելու կոնկրետ երկրի պատրաստակամությունից: Իսկ հիմնական նպատակը տարածությունների առավելագույն մերձեցումն է` տնտեսական, մշակութային, քաղաքական: Օրինակ, Հայաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, եւ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ ԵՄ հետ նրա բանակցությունները կտարբերվեն այն երկրների հետ բանակցություններից, որոնք դեռեւս չեն անդամակցել ԱՀԿ-ին:
Ինչ վերաբերվում է բուն գագաթնաժողովին, ակնկալվում է, որ նրա արդյունքներով կընդունվի համատեղ հռչակագիր, որում կարեւոր քաղաքական հայտարարությունների հետ մեկտեղ բավականին մանրամասն կուրվագծվեն ԵՄ եւ գործընկեր-երկրների համատեղ գործողությունների գլխավոր ուղղությունները:
Վարելով Արեւելյան Գործընկերության քաղաքականությունը, ԵՄ-ն ղեկավարվում է “More for more, less for less” մոտեցմամբ: Դա նշանակում է, որ ամեն ինչ կախված է ծրագրի մասնակից-երկրներից, անհրաժեշտ բարեփոխումներ անցկացնելու նրանց պատրաստակամությունից: Այլ կերպ ասած, Արեւելյան Գործընկերությունը հրավեր է խորացված բարեփոխումների եւ ԵՄ հետ մերձեցման, հրավեր, որը կարելի է ընդունել, թողնել անպատասխան կամ մերժել:
– Ինչպե՞ս եք գնահատում հայ-լեհական հարաբերությունների ներկայիս մակարդակը:
– Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկու այցը Երեւան, որը կայացավ այս տարվա հուլիսի վերջին, հաստատում է երկկողմ քաղաքական երկխոսության ինտենսիվությունը եւ կողմերի միջեւ փոխվստահելի հարաբերությունները: Դա Լեհաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների երրորդ այցն էր վերջին տարվա ընթացքում. 2010 թվականի մարտին Երեւան այցելեց Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, հուլիսին` արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին:
Վերջերս Լեհաստան այցելեցին Հայաստանի նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Մենք գոհ ենք մեր շփումների ինտենսիվությունից: Ուրախալի է, որ երկխոսությունը գնալով նոր բնագավառներ է ընդգրկում, օրինակ` անվտանգության ոլորտը: Երկխոսությունն իր արտացոլումն է գտնում նաեւ նոր համատեղ տնտեսական նախագծերում եւ մտադրություններում:
– Հայաստանի պաշտպանության նախարարի վերջերս Վարշավա կատարած այցի շրջանակներում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռազմական եւ ռազմա-տեխնիկական համաձայնագրեր ստորագրելու մասին: Ի՞նչ փուլում է այդ փաստաթղթերի նախապատրաստման գործընթացը:
– Այդ նախագծերն իրագործվում կոնկրետ ձեռնարկությունների միջոցով, իսկ նախարարությունները հանդես են գալիս միայն որպես միջնորդներ, կազմակերպիչներ: Ես գիտեմ, որ լեհական եւ հայկական ձեռնարկությունները պայմանավորվել են որոշ նյութերի արտադրության մասին, որոնք կարող են օգտագործվել նաեւ բանակի կողմից: Պայմանավորվածությունների մի մասը վերաբերվում է Հայաստանի Զինված ուժերի տրամադրության տակ գտնվող որոշ պաշտպանական համակարգերի արդիականացմանը: Դրանք դեռեւս պայմանագրեր չեն, այլ մտադրություններ:
– Ինչպե՞ս եք գնահատում հայ-լեհական համագործակցությունը առեւտրա-տնտեսական ոլորտում:
– Մեր ապրանքաշրջանառության ծավալը մեծ չէ, տարեկան մոտ 30 մլն դոլար: Լեհաստանում եւ ընդհանուր առմամբ Եվրամիությունում Հայաստանն ընկալվում է որպես ոչ մեծ ներքին շուկայով եւ տրանսպորտային խնդիրներով երկիր: Այդ պատճառով պոտենցիալ ներդրողների համար շատ կարեւոր է տեսնել Հայաստանում բիզնեսի հաջող վարման օրինակներ: Նման օրինակ կարող է դառնալ բիոմետրիկ անձնագրերի եւ անձը հաստատող փաստաթղթերի արտադրության վերաբերյալ պայմանագրի իրագործումը լեհական ընկերության կողմից: Ջանքերն ու ակտիվությունը պահանջվում են երկու կողմից: Հայ գործարարները հաճախ մշուշոտ պատկերացում ունեն Լեհաստանի մասին, որին չեն դիտարկում որպես հավանական ներդրող կամ գործընկեր: Հենց այդ պատճառով էլ մեզ անհրաժեշտ են փոխադարձ քայլեր:
Լեհաստանի դեսպանի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը:






Facebook
Tweet This
Email This Post
