72-ամյա ծերունին վրեժխնդիր էր եղել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 28, 2011 23:46

Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով մեղադրվող (դիտավորյալ սպանություն)  Մաքսիմ Պետրոսյանի դատական նիստը: Դատը նախագահում էր Նարինե Մելքոնյանը, իսկ ամբաստանյալին մեղադրանք էր ներկայացրել Լոռու մարզի դատախազի տեղակալ Մովսես Մովսիսյանը:Դեռևս ամիսներ առաջ` մարտի 16-ին Մաքսիմ Պետրոսյանն իր բնակարանում դանակի հարվածով սպանել էր իր ընկերոջը` 75-ամյա Երվանդ Առաքելյանին: Այն ժամանակ, սակայն, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը ազատ էր արձակել  72-ամյա Մաքսիմ Պետրոսյանին: Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը այս որոշումը ճիշտ  չհամարելով` հրավիրել էր մամուլի ասուլիս` նշելով, որ մարդասպանին կալանքից ազատելը բավական վտանգավոր է հանրության համար: Այս ամենից հետո ԼՄ դատախազի տեղակալ, մեղադրող դատախազ Մովսես Մովսիսյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել գործի առիթով: Բողոքը բավարարվել էր և  Մաքսիմ Պետրոսյանը կալանավայր էր տեղափոխվել: Այսօրվա դատական նիստի ընթացքում դատարանը հարցաքննեց Լիլիթ Ավետիսյանին, ով պարբերաբար մաքրման աշխատանքներ էր կատարում ամբաստանյալի բնակարանում: Վերջինիս խոսքով` ինքն ու իր ամուսինը մտերմացել էին Մաքսիմ Պետրոսյանի հետ և ժամանակ առ ժամանակ միասին էին նրան այցելում: Լիլիթ Ավետիսյանը ճանաչում էր նաև սպանվածին` Երվանդ Առաքելյանին: “Շատ մտերիմ ընկերներ էին, միասին նարդի էին խաղում, ձյաձ Երվանդը Մաքսիմի համար մթերքներ էր գնում, թթու ջուր էր գնում` հանքային ջուր բերելու”,-նշեց Լիլիթ Ավետիսյանը: Լիլիթը պատմեց, որ մի օր էլ, երբ ամբաստանյալի տանն էր, վերջինս հեղուկով լցված մի շիշ է մեկնում և խնդրում հոտ քաշել: “Ռաստվորիծելի հոտ զգացի”,-հավելեց վկան: Ծերունին բողոքել էր, թե կոկորդի մեջ տհաճ զգացողություններ ունի, իսկ այդ շշով իր ընկեր Երվանդը հանքային ջուր էր բերել:  Մաքսիմ Պետրոսյանը Լիլիթին մի քանի օր անց զանգում է և հայտնում, թե սպանելու է իր հին ընկերոջը: Եվ մի քանի ժամ հետո էլ կրկին զանգով տեղեկացնում, որ արդեն սպանությունը կատարված է, իսկ շտապ օգնության մեքենան էլ Երվանդին հիվանդանոց տեղափոխեց: Բացի այդ, կնոջից պահանջում է ոստիկանությունից հարցման դեպքում ժխտել, թե իրենք ծանոթներ են: Բայց Լիլիթ Ավետիսյանը հակառակն էր արել: Ի դեպ, Ավետիսյանի հարցաքնության ընթացքում դատապաշտպանը միջնորդություն ներկայացրեց, որ դատը շարունակվի դռնփակ: Կնոջից հետո, կրկին առանց կողմնակի անձանց, հարցաքննվեց նրա ամուսինը: Իսկ մինչ այդ, միջանցքում ամբաստանյալի և սպանվածի բարեկամները խոսքեր չէին խնայում միմյանց վիրավորելու համար:Այսօրվա դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալի վատառողջության պատճառով: Մաքսիմ Պետրոսյանը նոր էր սկսել ցուցմունք տալ, թե ինչպես էր իր ընկերը թունավոր հեղուկն իրեն տվել, որը  նա չէր խմել: Փոքր-ինչ բերանի մեջ առնելուց հետո կուլ չէր տվել` որոշակի կասկածանքներ ունենալով հեղուկի հոտի պատճառով: Այս խոսքերից հետո ծերունին իրեն վատ զգալու պատճառով ընդմիջում խնդրեց դատարանից: Ընդմիջումից հետո էլ որոշվեց դատը տեղափոխել հոկտեբերի 12-ը` չնայած ամբաստանյալը խնդրեց հաջորդ նիստն անցկացնել մոտակա օերերին` վախենալով, թե “երկար չի ձգի և ինչպե՞ս առանց իրեն դատական նիստ կվարեն”:
Քրիստինա Տեր-Մաթևոսյան

Դիտվել է 976 անգամ:
Print Friendly

Leave a Reply