Այդ ո՞ր դատախազի ծնունդին է ներկա եղել «լավաշի Արտուշը»

Պաշտոնական, Օրվա լուր | | September 28, 2011 19:34

Գլխավոր դատախազությունը որևէ նման տեղեկատվության չի տիրապետում: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը` մեկնաբանելով «Սուրիկի Լավաշ» ապրանքանիշով հաց արտադրող ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանի այսօրվա հայտարարությունը, թե իր որդին` Արտուշ Հակոբյանը (լավաշի Արտուշ), որը ոստիկանության պնդմամբ օրերս վնասազերծված բանդայի պարագլուխ է, ներկա է եղել «դատախազի ծնունդի»:

«Եթե նրա այդ հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, ապա թող հրապարակի, թե հատկապես ում ծննդյան օրվա միջոցառմանն է մասնակցել Արտուշ Հակոբյանը», -հավելեց գլխավոր դատախազի մամլո խոսնակը:

Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Սուրիկ Հակոբյանը հայտարարել էր, որ իր որդիները` Արտուշ Հակոբյանն ու Անդրանիկ Հակոբյանը, ոչ մի կապ չունեն անցած շաբաթ հայտնաբերված բանդայի հետ:

«Եթե ինքը պարագլուխ էր, ինքը չէր կարող ներկա լիներ դատախազի ծնունդին։ Կամ իմ որդին ինչպե՞ս կարող էր չխուսափել, չփախչել, եթե իր ընկերներին արդեն կալանավորել էին, իրենց ասելով` ինքը գնացել էր ծնունդ, այն էլ զենքով. սուտ են ասում, հերյուրանք է։ Ես որ Գառնիում կարողանում եմ մի հարյուր հոգի մարդ աշխատեցնել՝ ուզում են խանգարել իմ աշխատանքը, ուրիշ ոչինչ», -ասել էր Հակոբյանը` ընդգծելով, որ այդպիսով փորձ է արվում իր ձեռքից խլել լավաշի բիզնեսը:

 

Դիտվել է 1033 անգամ:
Print Friendly

Leave a Reply