Թռչկանի հարցում սայլը տեղից չի շարժվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | September 28, 2011 16:57

Գետի հունի երկայնքով  մոտ 100 մետր փորված է` երևի ջրի հոսքը փոխելու համար, հունը մասամբ լցված է քարերով և հողով: Նման իրավիճակ են արձանագրել օրերս դեպի Թռչկանի ջրվեժ հեծանվարշավ կազմակերպած էկոլոգիական ակտիվիստները:

«Մեր այնտեղ լինելու պահին շինարարական աշխատանքներ չէին ընթանում, տարածքում չկար նաև շինտեխնիկա: Բայց կատարված աշխատանքներով բնությանն արդեն իսկ որոշ վնաս պատճառվել է,- ասում է «Հեծանիվ +» էկոմարզական ՀԿ-ի  հիմնադիր անդամ Վահե Վարդումյանը, որ հեծանվարշավի մասնակիցներից է:

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանն «Անկախի» հետ զրույցում հաղորդեց, որ գետի վրա առկա փոփոխությունները կատարվել են մինչև նախարարի` շինարարությունը դադարեցնելու մասին հրամանը: Թռչկանում նոր քայլեր չեն ձեռնարկվել:

Վարդումյանի խոսքով` ջրվեժը կորցնելու հեռանկարը մտահոգում է նաև տեղի բնակիչներին. «Բնակիչներն իրենց վրդովմունքն էին արտահայտում, ասում, որ թույլ չեն տա հէկ կառուցել, անգամ հաշվեհարդարի սպառնալիքներ էին հնչում: Հետաքրքրվում էին նաև, թե մենք ինչ կարող ենք անել ջրվեժը փրկելու համար»:

Վարդումյանը պատմում է, որ իրենց խմբի Թռչկանում գտնվելու ընթացքում երկու արշավախումբ է ժամանել` տեսնելու ջրվեժը:  «Ղուկասյանից չորս մեքենաներով երեխաների էին բերել` ջրվեժը ցույց տալու համար: Մի խումբ էլ բեռնատարով Երևանից ժամանեց: Վերջիններս տեղյակ էին խնդրին ու եկել էին, որ անձամբ տեսնեն ջրվեժը,- պատմում է Վահեն:- Ով մի անգամ տեսնում է Թռչկանը, հայտարարում է, որ պայքարելու է դրա փրկության համար»:

Նրա խոսքով` Թռչկանի հարցում հետևողական են լինելու, պարբերաբար այցելելու են` իրավիճակին հետևելու համար:

Թռչկանի խնդրի բարձրաձայնելը առիթ է դարձել, որ շարքային հայաստանցիները իմանան բնության հրաշքի գոյության մասին: Պարբերաբար արշավներ են կազմակերպվում դեպի Թռչկան: Նման մի  բնաճանաչողական արշավ տեղի կունենա նաև առաջիկա կիրակի օրը` «Արշավականներ» ակումբի նախաձեռնությամբ:

Ակումբի ներկայացուցիչ Մերի Կարապետյանը նշում է, որ արդեն իսկ երկու արշավ կազմակերպվել է դեպի Թռչկան. «Մարդիկ ջրվեժը տեսնելիս միշտ հիացական արտահայտություններ են անում, զարմանում են գեղեցկությամբ»:

«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնող խմբի անդամներից Լևոն Գալստյանն էլ նշում է, որ առաջիկա կիրակի օրը իրենք են այցելելու Թռչկան:

Չնայած Բնապահպանության նախարարությունից դեռ սեպտեմբերի սկզբին խոստացել էին 10-օրյա ժամկետում ջրվեժի հարցով նոր որոշում կայացնել, որոշում դեռևս չկա: «Խոստումը բանավոր էր: Գրավոր ժամկետներին չեն հետևում, ուր մնաց` բանավոր»,-ասում է Գալստյանը` հավելելով, որ այսուհետ նախարարության հետ գրավոր հարցումներով կաշխատեն:

Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Արծրուն Պեպանյանն էլ  «Անկախի» հետ զրույցում նշեց, որ «Ռոբշին» ընկերությունը հէկի շահագործման վերաբերյալ այլընտրանքային առաջարկներ դեռևս չի ներկայացրել, չնայած հանձնարարվել է դա անել 10-օրյա ժամկետում. «Չգիտեմ, երևի տոներն էին պատճառը, որ չեն ներկայացրել: Սպասում ենք դեռ»:

Լոռու մարզում գտնվող Թռչկան ջրվեժը 2008-ին կառավարության որոշմամբ ընդգրկվել է բնության հուշարձանների ցանկում: 2010-ին, սակայն, բնապահպանության նախարարությունը «Ռոբշին» ընկերությանը ջրվեժի տարածքում հէկ կառուցելու թույլտվություն է տվել, մինչդեռ օրենքն արգելում է ցանկացած գործունեություն բնության հուշարձանների տարածքում, որը սպառնում է դրա պահպանությանը:  Բնության հուշարձանի ճակատագրի մասին բարձրաձայնելուց հետո բնապահպանության նախարարությունը դադարեցրել է ջրվեժի տարածքում իրականացվող շինարարությունը` հանձնարարելով շահագործող ընկերությանը հէկի շահագործման այլընտրանքային տարբերակ ներկայացնել: Նախարարության սահմանած 10-օրյա ժամկետից կրկնակի ավելի ժամանակ է անցել, սակայն ո՛չ նախարարությունը, ո՛չ էլ «Ռոբշին» ընկերությունը չեն շտապում քայլեր ձեռնարկել խնդիրը լուծելու ուղղությամբ:

 

Այս թեմայով կարդացեք նաև

Թռչկանին մահվան են դատապարտել անձնագիր չունենալու պատճառաբանությամբ

Դիտվել է 1361 անգամ:
Print Friendly

Leave a Reply