Զղջո՞ւմ են ինքնասպանության փորձ կատարած քույրն ու եղբայրը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 28, 2011 15:46

Սեպտեմբերի 25-ի կեսգիշերին Դիլիջանում՝ իր տանը, պարանով կախվելու միջոցով, ինքնասպանություն է գործել 48-ամյա Գայանե Մնացականյանը: Նրա զավակները՝ 25-ամյա Էրիկ Մարտիրոսյանը և 23-ամյա Մարինե Մարտիրոսյանը, ևս փորձել են ինքնասպանություն գործել:

Էրիկը շտապօգնության մեքենայով Դիլիջանի բժշկական կենտրոն է տեղափոխվել աջ և ձախ նախաբազուկների միջին երեսներին բազմաթիվ արյունահոսող վերքերով, ծայրահեղ ծանր, շոկային վիճակում: Նա այդ ժամանակ եղել է անգիտակից վիճակում:

Նրա քույր Մարինեն ևս սուր կտրող գործիքով իրեն նախաբազկի վնասվածքներ է հասցրել: Դիլիջանի բժշկական կենտրոնում տեղեկացանք, որ Մարինեն, բացի այդ վնասվածքներից, ինքնասպան լինելու նաև այլ միջոցի է դիմել. իրեն օդ է սրսկել:

Դիլիջանի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ցոլակ Սահակյանն ասաց, որ Էրիկ և Մարինե Մարտիրոսյաններին անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել: Առավել վատ վիճակում է եղել Էրիկը, ով ավելի շատ արյուն է կորցրել: Իսկ Մարինեն ոչ ստացիոնար բուժում է ստացել, այսինքն՝ հիվանդանոցում «չի պառկել»:

Բժիշկներն ասացին, որ կյանքից հեռանալու փորձ կատարած քույրն ու եղբայրը հոգեպես ընկճված վիճակում են, նրանք զղջում են իրենց կատարած արարքի համար, նաև ասում, որ այլևս չեն դիմի ինքնասպանության: Սակայն հիվանդանոցից ստացված տվյալներով՝ Էրիկը նախկինում էլ է ինքնասպանության փորձ կատարել: Նրան այցելել և հոգեկան աջակցություն է ցուցաբերել Հայ առաքելական եկեղեցու սպասավոր Դիլիջանի քահանան:

Սեպտեմբերի 27-ին հիվանդանոց մեր այցելության ժամանակ նրանց արդեն տեղափոխել էին ոստիկանության Դիլիջանի բաժին: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ի մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը): Կատարվում է նախաքննություն:

Ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունքում նրանք ցուցմունք են տվել: Սեպտեմբերի 27-ի երեկոյան շտապօգնության մեքենայով Էրիկ և Մարինե Մարտիրոսյաններին տեղափոխեցին Նորքի հոգեբուժական կլինիկա: Այստեղ ստուգումներ կանցկացվեն՝ պարզելու համար՝ նրանք հոգեպես առո՞ղջ են, թե՞ ոչ:

Դիլիջանի «Գոլովինո» թաղամասում՝ Կամոյի փողոցի այն տանը, ուր բնակվել են Գայանե Մնացականյանը և նրա զավակները, գտնվել են ջարդված սրբապատկերներ: Սակայն Էրիկն ու Մարինեն ժխտում են, որ իրենք «Եհովայի վկաներ» աղանդից են: Ի դեպ, նրանք երկուսն էլ աշխատում էին, Էրիկը՝ որպես Դիլիջանի հանքային ջրերի գործարանի պահեստապետ, իսկ քույրը «Պարադիզ» հանգստյան տանը տնտեսական աշխատող էր:

Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ ընտանիքում խնդիրները կապված են եղել նրանց հոր հետ: Վերջինս շուրջ մեկ տարի առաջ ամուսնալուծվել է, տեղափոխվել Վանաձոր, որտեղ, որոշ տվյալների համաձայն, նորից է ամուսնացել: Նրան երիկամների անբավարարության պատճառով դիալեզի են միացնում: Ընտանիքի հայրը ցանկացել է վաճառել Կամոյի փողոցում գտնվող իրենց տունը, որպեսզի վերցնի իր մասնաբաժին գումարը:

Ընտանիքի մյուս անդամները չեն ցանկացել տունը վաճառել: Դիլիջանից Երևան տանող ճանապարհի կողքին գտնվող այդ տունը բավական նոր է, թեև առաջնամասում շինարարության որոշ գործ կա կատարելու: Դիլիջանցիների վկայությամբ՝ այդ տունը կարող է վաճառվել ավելի քան 100 հազար դոլարով:

Տան դարպասին գրված է՝«վաճառվում է», և նշված է հեռախոսահամար: Այդ համարին մեր հեռախոսազանգին արձագանքեց ինքնապատասխանիչը, որի հրահանգով կարող էինք հաղորդագրություն թողնել:

Մեր ունեցած տեղեկություններով՝ սեպտեմբերի 25-ի երեկոյան մայրը և երկու զավակներն իրենց տանը քննարկել են իրավիճակը և որոշել ինքնասպանություն գործել:

Դիլիջանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ այս տարի առողջարանային քաղաքում ինքնասպանության 4 փորձ է եղել, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել այս աշխարհից հեռանալ ցանկացողների կյանքը:

Մեզ հետ զրուցած դիլիջանցիները ինքնասպանության փորձերի մեծ թիվը բացատրեցին նաև նրանով, որ 18 հազար բնակիչ ունեցող քաղաքում եկեղեցի չկա, որտեղ մարդիկ հոգևոր աջակցություն կստանային: «Թուֆենկյան» պատմաճարտարապետական արգելոցի մի ոչ մեծ սենյակ հագեցած է կրոնական պարագաներով, այստեղ քահանան արարողություններ է կատարվում: 2006թ. արտերկրի բարեգործները 1 միլիոն դոլար են նվիրաբերել Հայ առաքելական եկեղեցուն Դիլիջանում եկեղեցու շինարարության համար: Սակայն այդ շինարարությունն անցած 5 տարում չի սկսվել:

 

Ոսկան Սարգսյան

Hetq.am

 

Դիտվել է 836 անգամ:
Print Friendly

Leave a Reply