ԱՄՆ Սենատը Ջոն Հեֆերնին հաստատել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում

Պաշտոնական, Օրվա լուր | | September 28, 2011 13:52

ԱՄՆ Սենատն իր սեպտեմբերի 26-ի նիստում, Ջոն Հեֆերնին հաստատել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում։ Այս մասին հաղորդվում է ԱՄՆ Սենատի կայքում:

ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն հավանության է արժանացրել Հայաստանում եւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանների թեկնածությունները։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում լսումների ժամանակ Ջոն Հեֆերնը հրաժարվել էր 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում 1,5 միլիոն հայերի սպանությունը ցեղասպանություն անվանել։ Պատասխանելով Ռոբերտ Մենենդեսի հարցին՝ Հերֆերնը հայտարարել էր, որ ցեղասպանության բնորոշում տալը քաղաքական որոշում է։ Մենենդեսն իր հերթին նկատել էր, որ «դժվար է դիվանագետին ուղարկել երկիր՝ նախօրոք իմանալով, որ նա ի վիճակի չի լինելու արտաբերել ցեղասպանություն բառը»։

«Սա դժվար պար է, որին հետեւում ենք»,- ասել էր Մենենդեսը։ «Մի կողմից մենք տիրապետում ենք կատարվածի մասին լիարժեք տեղեկատվության։ Մենք ունենք այն ժամանակ Օտտոմանյան կայսրությունում եղած ամերիկացի դիվանագետների ձայնագրություններ, գոյություն ունի ԱՄՆ-ի կողմից վավերացված հռչակագիր, մենք ունենք պատմության բավարար գիտելիօքներ, բայց մյուս կողմից հրաժարվում ենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը»։

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններին, Հեֆերնն այն ժամանակ հայտարարել էր, որ գնդակը գտնվում է թուրքական կողմում։ «ԱՄՆ-ը սատարում է Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունների որոշմանը՝ ստորագրել հարաբերությունների կարգավորման մասին երկկողմ փաստաթուղթը»,- ասել էր Հեֆերնը։ Նրա խոսքով, ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը «հստակ հայտարարել էր, որ հայ-թուրքական գործընթացում գնդակը ներկայումս գտնվում է թուրքական կողմում»։

Ամերիկայի հայկական համագումարի տվյալներով, 1990-ական թվականների կեսերին Հեֆերնն աշխատել է նախկին կոնգրեսական Դուգ Բիրեյթերի մոտ։ Վերջինս հայտնի է որպես հակահայ եւ Թուրքիայի հանդեպ համակրանք տածող գործիչ։

NEWS.am

Դիտվել է 1051 անգամ:
Print Friendly

Leave a Reply