Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառում Բելգիայի Թագավորությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 28, 2011 10:56

Սեպտեմբերի 26-ին Բելգիայի Թագավորությունում Հայաստանի դեսպանությունը, ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունները Բրյուսելի ամենահեղինակավոր Պալե Դե Բոզառ գեղարվեստի պալատում կազմակերպել էին համերգ-ընդունելություն Հայաստանի Պետական երիտասար­դական նվագախմբի եւ հանրաճանաչ ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանի եւ Կարեն Հարությունյանի մասնակցությամբ` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին:

Համերգից առաջ բացման խոսքով հանդես եկավ Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված համերգին մասնակցելու համար, ընդգծեց Հայաստանի կայացման գործում ժողովրդավարական եւ եվրոպական արժեքների անշրջելիու­թյունը, ինչպես նաեւ կարեւորեց համագործակցության շարունակականությունը Բելգիայի, ԵՄ կառույցների եւ ՆԱՏՕ-ի հետ:

Համերգին հաջորդեց անկախության տարելիցին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին ներկա էին Բելգիայի օրենսդիր եւ գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Բելգիայում, ԵՄ կառույցներում, ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններ ու դիվանագետներ, պատգամավորներ, Բելգիայի քաղաքական եւ հասարակական շրջանակների ականավոր գործիչներ, մտավորականներ, գործարարներ, լրագրողներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

 

Դիտվել է 1263 անգամ:
Print Friendly

Leave a Reply