Դիլիջանում ինքնասպանության փորձ կատարած քույրն ու եղբայրը առաջին անգամ չէ, որ նման քայլի են դիմում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 28, 2011 10:34

Դիլիջանում սեպտեմբերի 25-ի գիշերը ինքնասպանության փորձ կատարած Մարինե եւ Էրիկ Մարտիրոսյանները դուրս են գրվել «Դիլիջան» բժշկական կենտրոնից, սակայն նրանք պետք է բուժում անցնեն հոգեբուժարանում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Դիլիջան» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Սիլվա Պետրոսյանը:

Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 25-ին` ժամը 00:10-ին,  Դիլիջան քաղաքի շտապ օգնության կայանից ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում է ստացվել` ընտանիքի երեք անդամների կողմից ինքնասպանության եւ ինքնասպանության փորձ կատարելու մասին: Դեպքի վայր մեկնած ոստիկանության` Դիլիջանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են, որ Դիլիջան քաղաքի բնակչուհի, երկու երեխաների մայր Գայանե Մնացականյանն իր տան միջանցքում պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Միաժամանակ ինքնասպանության փորձ են կատարել նաեւ վերջինիս 23-ամյա դուստրը` Մարինե Մարտիրոսյանը,  եւ 25-ամյա որդին` Էրիկ Մարտիրոսյանը:  Մասնավորապես` վերջիններս ինքնասպանության փորձն իրականացրել են` նախաբազուկների միջային երեսներին բազմաթիվ կտրվածքներ հասցնելով: Վերջիններիս տեղափոխել էին հիվանդանոց եւ փրկել նրանց կյանքը: «Հիմա իրենք գտնվում են ոստիկանությունում: Մենք արդեն ուղեգիր ենք տվել, որ հիվանդներին տեղափոխեն Նորքի հոգեբուժարան, ուղղակի սպասում ենք, որ հարցաքննեն-ավարտեն: Հետագա բուժումը պետք անպայման մասնագիտացված կլինիկայում ստանան»,- նշեց գլխավոր բժիշկը:

Վերջինս հայտնեց, թե բուժկենտրոնի հոգեբույժն ասել է, որ սա քրոջ եւ եղբոր` ինքնասպանություն գործելու առաջին փորձը չէ:

«Հոգեբույժը գտնում է, որ նրանց մոտ կան շեղումներ, եւ պետք է մասնագետը տեղում փորձաքննություն անցկացնի եւ պարզի, թե որն է խնդիրը: Սա առաջին խնդիրը չէ: Հոգեբույժի բառերից եմ ասում: Նա մտավախություն ունի, որ կարող են տանը նույնը կրկնել, դրա համար ճիշտ համարեց Նորքի հիվանդանոց ուղարկել»,- նշեց Սիլվա Պետրոսյանը:

Ի դեպ, նշենք, որ երիտասարդների մոր` Գայանե Մնացականյանի դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի վայրի զննությամբ նրանց սեփական տան սենյակներում հայտնաբերվել են Քրիստոսի` գետին նետված եւ ջարդված նկարներ, նաեւ Գայանե եւ Էրիկ Մարտիրոսյանների թողած երկտողները:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ի մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը): Կատարվում է նախաքննություն:

 

Դիտվել է 2258 անգամ:
Print Friendly

Leave a Reply