Փաշաեւներն իրենց վերահսկողության տակ են վերցնում Ադրբեջանի առողջապահության համակարգը, եւ դա դեռ սկիզբն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 28, 2011 10:30

Փաշաեւները (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ կնոջ` Մեհրիբան Փաշաեւայի հայրական ընտանիքը) ծրագրել են իրենց վերհսկողության տակ վերցնել Ադրբեջանի ամբողջ առողջապահական ոլորտը, եւ դա նրանց ծրագրի առաջին մասն է, այդ մասին գրում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը` վկայակոչելով առողջապահական համակարգի իր աղբյուրները:

Աղբյուրը հայտնում է, որ ըստ նախատեսված սցենարի` առաջին փուլում նրանք նախատեսում են առողջապահական համարկարգը վերցնել ներկայիս «տերերից» եւ ենթարկել իրենց վերահսկողությանը: Երկրորդ փուլում Փաշաեւները կսեփականաշնորհեն այդ հիմնարկները` պաշտոնականացնելով իրենց անունը: «Ենի Մուսավաթ»-ը նշում է, որ խնդիրն այն է, որ այդ առողջապահական հիմնարկները գտնվում են ադրբեջանցի օլիգարխների իրավական վերահսկողության ներքո: Օրինակ` «Դեմիր յոլ»-ի հիվանդանոցը պատկանում է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովին, «Մերքեզի Նեֆթչիլեր»-ը` Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլաեւին, «Գյոմրուք» հոսպիտալը` Արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովին, «Մերքեզի Դենիզչիլեր» հիվանդանոցը` Կասպից ծովի նավատորմի ղեկավար Այդըն Բաշիրովին եւ այլն:

Բացի այդ, Պետական նավթային ընկերությունը 10 դիագնոստիկ կենտրոններ է կառուցել եւ վերահսկում է դրանք, իսկ Փաշաեւները ցանկանում են այդ բոլորի նկատմամբ վերահսկողություն սահմանել` դրանով լրջորեն սասանելով խոշորագույն օլիգարխների դիրքերը:

Նշենք նաեւ, որ Փաշաեւները համարվում են Ադրբեջանի երկրորդ ազդեցիկ ընտանիքը` Ալիեւներից հետո, որը վերջերս լուրջ քայլեր է ձեռնարկում երկրում իր ազդեցության ուժեղացման համար:

News.am

Դիտվել է 833 անգամ:
Print Friendly

Leave a Reply