Քադաֆիի որդին հանդես է եկել հեռուստաուղերձով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 28, 2011 10:21
Սեյֆ ալ-Իսլամի, ինպես և նրա հոր` Մուամար Քադաֆիի նկատմամբ միջազգային հետապնդում է հայտարարված: Լիբիական նոր իշխանությունները համաշխարհային հատուկ ծառայությունների աջակցությամբ արդեն մի քանի ամիս ապարդյուն փորձում են պարզել տապալված դիկտատորի ու նրա համակիրների գտնվելու վայրը: Սիրիական Arrai հեռուստաալիքը, որն արդեն ավանդական տեղ է դարձել գեներալի ու նրա հարազատների ուղերձների համար, եթեր է հեռարձակել մի ձայնագրություն, որը թվագրված է սեպտեմբերի 20-ովշ:
Հոլովակում Սեյֆ ալ Իսլամը զինված ուժերի հրամաններ տալու պահին է տեսանկարահանվել: Նրա գտնվելու ճշգրիտ տեղը կրկին հնարավոր չի եղել պարզել: «Սա մեր նախնիների հողն է, շարունակեք պայքարել դրա համար»,- ոգեշնչել է նա զինվորներին:
Սեյֆը անհետացել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի գրավումից հետո: Նրա վերջին տեսանյութը Arrai հեռուստաընկերությամբ հեռարձակվել է օգոստոսի 23-ին: Հայտնի է, որ նույն հեռուստաալիքի եթերով շաբաթ օրը հնչել է Քադաֆիի դստեր` Աիշայի մեղադրանքը Լիբիայի նոր անցումային խորհրդի հասցեին.«Նոր կառավարությունն ընդամենը դավաճանակույտ է, որոնց մեծ մասը հորս էին նվիրված այն ժամանակ, երբ նրա իշխանությունը կասկած չէր հարուցում, իսկ այսօր նրանք Լիբիան վերաձևում են ըստ իրենց ճաշակի»:
Աիշայի այս հայտարարության կապակցությամբ Ալժիրի իշխանություններն արտահայտեցին իրենց դժգոհությունը.«Քադաֆիի ընտանիքի ներկայացուցիչներն այսուհետ պետք է ձեռնպահ մնան Լիբիայի հասցեին նման արտահայտություններից: Նրանք պետք է հարգեն իրենց ` Ալժիրի հյուրի կարգավիճակը ու դադարեն խառնվել իրենց հայրենիքում կատարվող իրադարձություններին»,- հայտարարել է Ալժիրի ԱԳ նախարար Մուրադ Մեդելջին:






Facebook
Tweet This
Email This Post
