Սեփական երեխաներին սպանած Ռոզա Ալոյանը ինքնասպանության փորձ է արել Նուբարաշենի հոգեբուժարանում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 28, 2011 9:09

Արարատ քաղաքում սեպտեմբերի 6-ին սեփական երեխաներին սպանած Ռոզա Ալոյանը ինքնասպանության փորձ է կատարել Նուբարաշենի հոգեբուժարանում, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: Այդ մասին NEWS.am-ին հայտնի է դարձել ոստիկանությանը մոտ կանգնած իր աղբյուրներից:

Ռոզա Ալոյանը ներկայումս գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության ներքո, եւ արվում է ամեն ինչ` նրան ինքնավնասելու հնարավորությունից զրկելու համար: Ի դեպ, առ այսօր չկա դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, որը կտա հարցի պատասխանը` արդյոք մեղսունա՞կ է Ռոզա Ալոյանը, թե` ոչ:

Նշենք, որ թե գործը քննող Արարատի քննչական բաժանմունքը, թե Նուբարաշենի հոգեբուժարանը հրաժարվում են Ռոզա Ալոյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել: Նուբարաշենի հոգեբուժարանում ռուսախոս մի տիկին, ով ներկայացավ որպես հերթապահ բժիշկ, համառորեն հայտարարում էր, թե իրենք օրենքով իրավունք չունեն տեղեկություններ տրամադրել իրենց հաստատությունում գտնվող անձանց մասին: Ստիպված էինք տիկնոջը հիշեցնել մեկ այլ օրենք, որ Հայաստանի պետական լեզուն հայերենն է:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժանմունքի պետը` Մնացականյան ազգանունով, ընդհանրապես հրաժարվեց Ռոզա Ալոյանի գործով որեւէ տեղեկություն հաղորդել եւ կոպիտ տոնով ասաց. «Ինչ գրել, գրել եք»:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Արարատի մարզի 34-ամյա բնակչուհի Ռոզա Հակոբի Ալոյանը սեպտեմբերի 6-ին կախելու միջոցով սպանել էր իր երեխաներին` 6-ամյա Վարդան եւ 4-ամյա Հայկ Ալոյաններին:

Նախաքննությամբ պարզվել էր, որ Ռոզա Ալոյանը, սեպտեմբերի 6-ին` առավոտյան, երեխաների հետ գնացել է խանութ, առեւտուր արել, ապա վերադարձել տուն եւ կերակրել նրանց: Մոր ներկայացրած պատճառաբանությամբ, ինքը միայնակ զգալով եւ իր կյանքը համարելով ավարտված, որոշել է խեղդամահ անել երեխաներին, ապա վերջ տալ նաեւ իր կյանքին:

Այդ նպատակով նույն օրը՝ ժամը 12-ի սահմաններում, նա իրեն պատկանող շարֆը կապելով խոհանոցի դռան վերեւում գտնվող ջրատար խողովակին, դրա վրա արել է հանգույց  եւ ավագ որդուն` Վարդան Ալոյանին կախելով այդ հանգույցից` խեղդամահ է արել:

Այնուհետեւ խոհանոցի պատին ամրացված կախիչից ամրացնելով  սավանից պատրաստված մեկ այլ օղակ` դրանից կախել եւ խեղդամահ է արել նաեւ կրտսեր որդուն: Այս ամենից հետո երեխաների դիակները տեղափոխել է մահճակալի վրա, պառկել նրանց կողքին, սավանը փաթաթել իր պարանոցին եւ փորձել իրեն խեղդելով կյանքին վերջ տալ, սակայն չի կատարել իր  մտադրությունը:

Երեխաներին վերմակով ծածկել է  եւ տանից հեռացել` ավտոբուսով մեկնելով Երեւան: Հարեւանների ահազանգով ժամանած ոստիկանները հայտնաբերել են երեխաների դիակները, ապա ձերբակալել էին Ռոզա Ալոյանին: Վերջինս այժմ գտնվում է Նուբարաշենի հոգեբուժարանում:

Արարատի բաժնի պետի օպերգծով տեղակալ Աշոտ Մկրտչյանը դեպքի օրը NEWS.am-ին հայտնել էր, թե տանը «Սեղանին դրված է եղել մանկական Աստվածաշունչ, որի բացված էջի վրա վերնագրված է եղել «Քրիստոսն օրհնում է երեխաներին»:

Լուսանկարը` Արտակ Եղիազարյանի

 

NEWS.am

 

Դիտվել է 1313 անգամ:
Print Friendly

Leave a Reply